Արցախի խորհրդարանը քննարկել և ընդունել է մի շարք օրենքներ
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » Արցախի խորհրդարանը քննարկել և ընդունել է մի շարք օրենքներ

Արցախի խորհրդարանը քննարկել և ընդունել է մի շարք օրենքներ

Հոկտեմբերի 26-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նիստերի մեծ դահլիճում գումարվել է խորհրդարանի հերթական լիագումար նիստը:

Բացելով նիստը` Ազգային ժողվի նախագահ Աշոտ Ղուլյանն ամփոփել է   ներկայացված օրինագծերի շուրջ կատարված նախապատրաստական աշխատանքները:

Նախագահի աշխատակազմի կառավարության գործերի կառավարչության  պետ-աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Արայիկ  Լազարյանը խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կառուցվածքի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքն  ուժը կորցրած ճանաչելու մասին» Արցախի Հանարապետության օրենքի նախագիծը, որով ԱՀ Սահմանադրության 169-րդ հոդվածի համապատասխան՝ Ազգային ժողովի կողմից ընտրված Հանրապետության  նախագահի պաշտոնի ստանձնման օրը կառավարությունը հրաժարական է ներկայացնում, և ձևավորվում է նոր կառավարություն՝ ԱՀ Սահմանադրության 103-րդ հոդվածի համապատասխան Հանրապետության  Նախագահի կողմից:

«Դատական  ակտերի հարկադիր կատարման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Հրապարակային սակարկությունների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Արցախի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը ներկայացրել է Արդարադատության նախարար Արարատ  Դանիելյանը:

Նախագծով առաջարկվող լրացումները նպատակ են հետապնդում ընդլայնել պարտապան ֆիզիկական անձանց տրամադրվող սոցիալական երաշխիքների շրջանակը և պարտապանին հնարավորություն տալ իր գույքի վրա բռնագանձում տարածվելու դեպքում չզրկվել նվազագույն  բնակապահովումից:

Ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանը պատգամավորներին է ներկայացրել «Լիցենզավորման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության  օրենքում  լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին»  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում  փոփոխություններ կատարելու մասին»  Արցախի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը:

Օրինագծերի փաթեթի ընդունումը պայմանավորված է խաղողի օղու արտադրությունը խթանելու անհրաժեշտությամբ, ինչպես նաև ուղղված է լիցենզավորման ոլորտի պետական կարգավորման արդյունավետության բարձրացմանը, գործող նորմատիվ իրավական ակտերի կատարելագործմանը: Օրինագծերի շրջանակում ճշտվել են մասնագիտական որակավորմանը վերաբերող պահանջները, հստակեցվել են  լիցենզավորման կարգերի  ընդունման հետ կապված դրույթները, կատարվել են խմբագրական բնույթի աշխատանքներ:

Պատգամավորները հարցեր են առաջադրել զեկուցողներին, որից հետո քվեարկությամբ ընդունվել են բոլոր վերոնշյալ օրենքները:

Պատգամավորական հայտարարությամբ հանդես են եկել պատգամավորներ Հայկ Խանումյանը և Ռամելա Դադայանը:

Նիստի եզրափակիչ հատվածում Ազգային ժողովի նախագահը հայտարարել է Արցախի և Հայաստանի միջև նախատեսված միջխորհրդարանական նիստի նախապատրաստության մասին, որը տեղի կունենա նոյեմբերին Երևանում:

1