Արցախի զարգացման հետ կապված բազմաթիվ հարցեր քննարկվեցին, որոնք պետք է գործնական հողի վրա դրվեն
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » Արցախի զարգացման հետ կապված բազմաթիվ հարցեր քննարկվեցին, որոնք պետք է գործնական հողի վրա դրվեն

Արցախի զարգացման հետ կապված բազմաթիվ հարցեր քննարկվեցին, որոնք պետք է գործնական հողի վրա դրվեն

Թեհրանի Հայ Դատի հանձնախմբի նախաձեռնությամբ նոյեմբերի 16-17-ին Իրանի «Արամ Մանուկյան» սրահում տեղի ունեցավ «Հայ Դատն այսօր» խորհրդաժողովը, որը խորագրված էր «Հայ Դատը տարածաշրջանային վերջին իրադարձությունների համատեքստում»: Խորհրդաժողովի ընթացքում պարսկալեզու լսարանին են մատուցվում քաղաքագիտական վերլուծական քննարկումներ, ինչպես միջազգային, այնպես էլ տարածաշրջանային հիմնախնդիրների մասին: Խորհրդաժողովին մասնակցում էին տարբեր երկրներից հայ համայնքի և Հայ Դատի գրասենյակների ներկայացուցիչներ՝ Լիբանան, Սիրիա, Իրաք, Թուրքիա, Իրան, Հայաստան, Արցախ:

Թեհրանի «ՀՈՒՍԿ» (Հայկական հարցերի ուսումնասիրության կենտրոն) հաստատության եւ միջազգային հարաբերությունների իրանական կենտրոնի հրավերով խորհրդաժողովին մասնակցում էր նաև Արցախի ԱԺ փոխնախագահ, ՀՅԴ Արցախի ԿԿ անդամ, պատմաբան Վահրամ Բալայանը:

«Առաջին օրը իրանցի շուրջ 250 փորձագետների, քաղաքագետների, ուսանողների մասնակցությամբ ծավալվեցին քննարկումներ՝ տարածաշրջանային զարգացումների՝ տվյալ պարագայում Արցախյան հիմնահարցի, դրա կարգավորմանը Իրանի մասնակցության վերաբերյալ»,- «Ապառաժ»-ի հետ զրույցում նշել է Վահրամ Բալայանը և ավելացրել, որ իրանական լսարանի համար հանդես է եկել զեկույցով՝ «ԼՂ հակամարտություն. տարածաշրջանի գերտերությունների դերակատարությունը» թեմայով: «Բազմաբնույթ քննարկումներ ծավալվեցին քրդական հարցի, տարածաշրջանի վրա դրա ազդեցության, Եվրոմիության, Եվրասիական տնտեսական համագործակցության հետ կապված հարցերի վերաբերյալ, առաջարկություններ հնչեցին հայ-իրանական համագործակցության համատեքստում՝ խորացնելու երկու երկրների բարեկամությունը, ամրապնդելու Արցախի հետ կապերը»,- մանրամասնել է Վահրամ Բալայանը:

«Խորհրդաժողովի երկրորդ և երրորդ օրը տեղի ունեցան Հայ Դատի հանձնախմբերի ժողովներ՝ հայ համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ, որտեղ քննարկվեցին տարածաշրջանային զարգացումների հարցերը, ուրվագծվեցին մոտակա ժամանակահատվածում Հայ Դատի գրասենյակների  գործունեության ոլորտները»,- տեղեկացրել է Վահրամ Բալայանը՝ հավելելով, որ Արցախի զարգացման հետ կապված բազմաթիվ հարցեր քննարկվեցին, որոնք պետք է գործնական հողի վրա դրվեն:

Խոսքն առաջին հերթին վերաբերում է տնտեսական ծրագրերի իրագործմանը, Արցախում մանր ու միջին ձեռնարկատիրության զարգացմանը, վերաբնակեցման քաղաքականությանը նպաստելուն, բազմազավակ ընտանիքների խրախուսմանը, զոհված ազատամարտիկների  ընտանիքների աջակցությանը և  կրթական, ուսումնական ծրագրերի հետ կապված հարցերին: «Սրանք բազմաբնույթ գործնական հարցեր են, որոնք, կարծում եմ, հետագայում կնպաստեն Արցախի կայացմանը և ընդհանուր առմամբ Սփյուռք-Արցախ համագործակցության ուժեղացմանը»,- եզրափակել է Վահրամ Բալայանը:

1