Արցախի Եզնագոմեր եւ Սպիտակաջուր գյուղերում 15 տարի էլեկտրաէներգիա չկա
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Արցախի Եզնագոմեր եւ Սպիտակաջուր գյուղերում 15 տարի էլեկտրաէներգիա չկա

Արցախի Եզնագոմեր եւ Սպիտակաջուր գյուղերում 15 տարի էլեկտրաէներգիա չկա

Քաշաթաղի շրջանի Եզնագոմեր համայնքը բաղկացած է 3 գյուղից: Համայնքի Եզնագոմեր եւ Սպիտակաջուր գյուղերը, որոնք վերաբնակեցվել են 15 տարի առաջ, առայսօր էլեկտրաէներգիա եւ ջուր չունեն: Իսկ Շիրվական գյուղը էլեկտրաէներգիա ունի միայն մասամբ: Յուրաքանչյուր գյուղում ապրում են 10-ից ավելի, այդ թվում նաեւ բազմազավակ, ընտանիքներ:

 

Բազմիցս ղեկավարությունը նրանց խոստացել է հարցին շուրափույթ լուծում տալ: Դեռ 2012 թվականի նախագահական ընտրություններից առաջ Բակո Սահակյանը այցելել է գյուղ եւ խոստացել, որ գյուղացիները 2013 թվականը կդիմավորեն լույսով: Բազմիցս էլ նշվել է կառավարության կողմից, որ նման խնդիր այլեւս Արցախում չի լինի, եւ դեռ Արցախը կդառնա էլեկտրաէներգիա արտահանող երկիր:

 

Նշենք, որ համայնքում հէկ-ի կառուցման հնարավորություն կա, քանի որ համայնքին պատկանող Շիրվական գյուղով գետ է հոսում, իսկ էլեկրտաէներգիայի  ցանցը վերջանում է Բերդիկ գյուղում, Եզնագոմեր գյուղից 11 կմ հեռավորության վրա:

 

Համայնքում գտնվող միակ հէկ-ը պատկանում է գյուղապետին. նա էլ որոշում է` լույս կունենա համայնքը, թե ոչ: Համայնքապետի հետ զրույցում պարզվեց, որ դեռ աշխատանքներ կան կատարելու, եւ եթե գյուղացիներն ուզում են լույս ունենան, ավելի լավ է գնան օգնեն նրան: Սակայն գյուղացիները վստահեցնում են, որ բազմիցս օգնել են վերանորոգման աշխատանքներին, արդյունքում խաբվել են, լույս էլ չեն ունեցել:

 

Առնվազն զարմանալի է համայնքապետի նման մոտեցումը` շահագործել գյուղացուն  ի նպաստ իր “բիզնեսի”, այնուհետեւ վաճառել ստացված էլեկտրաէներգիան գյուղացիներին:

Նա նշեց նաեւ, որ բազմիցս ժողով է հրավիրել ու ոչ ոք չի ներկայացել:

 

Երբ այցելեցինք Եզնագոմեր եվ Սպիտակաջուր գյուղեր, զարմանալիորեն ամբողջ գյուղացիները միաբերան նույն բանն էին կրկնում, որ վստահություն չունեն համայնքապետի նկատմամբ, եւ պատճառը հենց նա է, որ լույս չունեն:

 

Դավթյան Գայանեն ընտանիքով Եզնագոմեր է տեղափոխվել 11 տարի առաջ, էլեկտրաէներգիա ունեցել են միայն մի քանի ամիս, իսկ 5 տարի առաջ գնված լվացքի մեքենան էլ օգտագործել է միայն 3 անգամ, քանի որ լույս մի քանի անգամ են ունեցել միայն, այն էլ մեկ ժամով:

 

“Գյուղացիներով հավաքվել` գեներատոր ենք առել, մի քանի անգամ փող ենք հավաքել` այն վերանորոգել: Իսկ հէկ-ը  Շիրվականում է, այն պատկանում է համայնքի ղեկավարին. նա էլ որոշում է` լույս կունենանք, թե չէ: Գյուղի տղամարդիկ հավաքվում , գնում են օգնում, որ հէկ-ը աշխատացնեն, հետեւներից անջատում է լույսը` պատճառաբանելով, որ իրենց չի հերիքում: Դեկտեմբերի 31-ին` մինչեւ կեսգիշեր տղամարդիկ աշխատում էին, վերանորոգում էին հէկ-ը, որ լույս ունենանք գոնե ամանորի գիշերը: Այդ գիշեր լույս ունեցանք միայն մեկ ժամ: Ես չեմ բողոքում ուրիշ բաներից: Մենք աշխատում ենք ու վատ չենք վաստակում, սակայն լույս չունենալ ու այսպես ապրել` անհնարին է: Այս հարցով բազմիցս դիմել ենք Քաշաթաղի վարչակազմին. դեռ որեւէ առաջընթաց չկա: Իսկ ինչ վերաբերում է ջրի հարցին, ապա, ասեմ, որ գյուղում մեկ աղբյուր է` մեզնից 500 մետր հեռավորության վրա”:

 

Գյուղի երեխաները մուլտֆիլմ դիտում են միայն այն ժամանակ, երբ այցելում են ՀՀ-ում ապրող իրենց հարազատներին, եւ եթե նրանք դեռ ցանկանում են հետ վերադառնալ գյուղ, ապա երիտասարդները գյուղում ապագա չեն տեսնում:

 

“Այս տարի ընդունվել եմ ԱրՊՀ  ֆիզմաթ ֆակուլտետի կիրառական մաթեմատիկա բաժինը:  Պետք է նշեմ, որ գյուղում լավ սովորողներ շատ կան, սակայն դժվար է այստեղ ապրելը, որևէ հետաքրքրություն չկա: Իմ հասակակիցներն օգտվում են համակարգչից, իսկ մենք այստեղ նույնիսկ հեռուստացույց դիտելու հնարավորություն չունենք: Ես այստեղ չէի ցանկանա ապրել ապագայում, եթե լույս չունենանք,- ասում է Գայանեի 17-ամյա դուստրը”:

 

Աղունիկ Գրիգորյանը բազմազավակ մայր է, 6 երեխա ունի: 9-րդ դասարանն ավարտելուց հետո երեխաներին ուղարկում է Սիսիան` ուսումը շարունակելու:

“Ձմռանը` երեկոյան 6-ից հետո մութ է լինում: Մեկ սենյակում, լամպի տակ ինչպե՞ս կարող են 6 երեխան միասին դաս սովորեն. ամենաշատը հենց երեխաներն են տուժում: Մենք վատ չենք աշխատում, երեխաներս որեւէ բանի կարիք չունեն, ես էլ, բացի լույս ու ջուր ունենալուց, ուրիշ պահանջ չունեմ: Օրեկան 10 կով եմ կթում, ու ստիպված եմ դրանից հետո դեռ ձեռքով լվացք անել, ջուր կրել աղբյուրից: Շատ դժվար է. եթե լույս ունենանք, այդ հոգսերից կազատվենք”:

 

Գյուղում հիմնականում զբաղվում են անասնապահությամբ, մեղվաբուծությամբ: Ստացված կաթից պատրաստում են հիմնականում պանիր, քանի որ մնացած կաթնամթերքը առանց սառնարանի հնարավոր չէ երկար պահել: Սակայն ոչ բոլոր գյուղացիներն են կարողանում վաճառել իրենց ապրանքները, քանի որ տրանսպորտը նորմալ չի աշխատում: Լավագույն դեպքում` շաբաթական մեկ անգամ գյուղից Բերձոր ավտոբուսով հնարավոր չափով ապրանք են տանում, վաճառում այնտեղ:

 

Ամբողջ տարին  վառարան են օգտագործում , սակայն, ինչպես գյուղացիներ են ասում, գյուղից մոտ գտնվող անտառից չեն կարող փայտ բերել:

“Մեզ արգելում են մոտակա անտառից փայտ կտրել. ասում են` ձորից կտրեք փայտ: Ձորն էլ 5 կիլոմետր հեռու է ու ճամփա չկա. 500 մետրի փոխարեն 5 կիլոմետր պետք է գնանք: Մեկ շնչին 10 մետրից ավելի չեն թույլատրում փայտ կտրենք: 10-ից  ավելի կով ունենք: Օրական 150 լիտր կաթ ենք տաքացնում, ճաշ ենք պատրաստում, լվացք, եւ այլն. այս ամենը 10 մետր փայտով ինչպես անենք,- ասում է Հովիկը”:

 

Եզնագոմեր համայնքն ունի մեկ դպրոց, որը գտնվում է Եզնագոմեր գյուղում: Առավոտյան Շիրվական եւ Սպիտակաջուր գյուղի աշակերտներին ՈՒԱԶ մակնիշի մեքենան տանում է դպրոց. նույն մեքենան նաեւ համայնքի շտապ օգնության մեքենան է:

 

“Ձմռան ամիսներին երեխաները գրեթե դպրոց չեն հաճախում: Ձմռանը մետրով ձյուն է գալիս, ճանապարհները փակվում են, դպրոցում էլ նորմալ մասնագետներ չկան: Խնդիրները շատ են` միայն լույսը չի, սակայն ամենակարեւրը հենց դա է: Թոռս երազում է նկարչուհի դառնալ, շատ լավ նկարում է: Սակայն դպրոցում նույնիսկ նկարչություն չեն դասավանդում, տանն էլ նկարում է լամպի լույսի տակ: Մեծ թոռս այս տարի բանակ պետք է զորակոչվի: Ինչպես պիտի ծառայի` աշխարհից անտեղյակ. արդյո՞ք նրան չեն ծաղրի,-ասում է Խոջայան Գայանեն”:

 

 

Արմինե ՆԱՐԻՆՅԱՆ

1