Արցախի բնակավայրերի վերածնունդն ու հայրենադարձությունը միս ու արյուն են ստանում
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » հարցազրույց » Արցախի բնակավայրերի վերածնունդն ու հայրենադարձությունը միս ու արյուն են ստանում

Արցախի բնակավայրերի վերածնունդն ու հայրենադարձությունը միս ու արյուն են ստանում

Արցախի ազգային վիճակախաղից ստացված 240 միլիոն դրամը կհատկացվի Իշխանաձոր համայնքի վերածնունդին եւ հայրենադարձության գաղափարի կյանքի կոչմանը: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը` հավելելով, որ մինչեւ դեկտեմբերի 28-ը պետք է ավարտին հասցնեն համայնքի 37 առանձնատան շինարարական աշխատանքները: Փոխվարչապետի փոխանցմամբ` նախապատրաստական աշխատանքներն արդեն ավարտին են մոտենում եւ փետրվարի կեսերից կսկսվի առանձնատների շինարարությունը:

 

Արթուր Աղաբեկյանի խոսքերով` Իշխանաձոր համայնքն ունի բոլոր ռեսուրսները բնակիչ ընդունելու եւ ապահովելու նրանց բարեկեցությունը: «Իշխանաձոր համայնքում այսօր 240 բնակիչ կա, գործում է գյուղապետարան եւ դպրոց: Գյուղն ապահովված է խմելու ջրով եւ ունի հսկայական տարածքներ բնակարանաշինության համար: Մեր առաջնային նպատակն Իշխանաձոր համայնքում բնակիչների թիվը 1000-ի հասցնելն է»,- ասաց Արթուր Աղաբեկյանը` հավելելով, որ Իշխանաձորի վերաբնակեցումը սերտ կապված է մեկ այլ` Արաքսի ափի վերաբնակեցման ծրագրի հետ:

 

Փոխվարչապետի գնահատմամբ` իրենց առջեւ հավակնոտ եւ պատասխանատու նպատակ են դրել, սակայն վստահ են, որ արդյունքը դրական է լինելու: «Արաքսի ափի վերաբնակեցման ծրագրի իրագործումը նոր աշխատատեղեր կբացի: Կառավարությունը նպատակ է դրել 10 հազար հա հող պատրաստել հողագործության համար: Մեկ հա-ի համար ներդարված գումարը 400,000 դրամ է: Լավ ենք հասկանում, որ այսօր հողօգտագործողն ի վիճակի չէ իր գրպանից այդ գումարը ներդնել եւ էռոզիայի ենթարկված հողը վերամշակել ու հողագործությամբ զբաղվել: Հետեւաբար, պետական ռեսուրսները ներդրվում են ակնկալիքով, որ հողօգտագործողը մեկ հա-ից կստանա մի քանի միլիոն շահույթ եւ հնարավորություն կունենա 10 տարվա ընթացքում վճարելու պետական ներդրումն ու դառնալու հողի սեփականատեր»,- ասաց Արթուր Աղաբեկյանը` հավելելով, որ 2013-ին շահագործման է հանձնվել 400 հա հողատարածք, 2014-ին հողօգտագործողներին կտրամադրվի 1000 հա հողատարածք:

 

Տարածքի վերաբնակեցման նպատակով արդեն կառուցվել է 40 մետր հոսանքալար, 48 կմ ջրատար եւ արտեզյան հինգ ջրհորներ: Փոխվարչապետն արդեն հանդիպել է Արմավիրի մարզի տարբեր գյուղերի բնակիչների հետ, խորհուրդ տվել մասնակցել հայրենադարձության ծրագրին:

 

Արթուր Աղաբեկյանի ներկայացմամբ` շուտով Արաքսի ափին կգործի նաեւ տոմատի գործարանը, որին անհրաժեշտ է լինելու 1000 տոննա լոլիկ: Սա նույնպես կնպաստի հողագործության զարգացմանը, քանի որ գյուղացին վստահ կլինի, որ իր ապրանքը կմեթրվի: Որպեսզի Իշխանաձորի բնակչի համար հեշտ լինի Արաքսի ափին հողագործությամբ զբաղվել, շուտով կառավարությունը կապահովի նաեւ ավտոբուսային երթուղին եւ 20 րոպեի ընթացքում գյուղացին կկարողանա Իշխանաձորից հասնել Արաքսի ափ:

 

ԼՂՀ փոխվարչապետի խոսքերով, կառավարության առաջնային նպատակը ոչ միայն հայրենադարձության ապահովումն է, այլեւ այն, որ հայրենադարձն իր սոցիալական մակարդակով չզիջի Ստեփանակերտում կամ Երեւանում ապրող բնակչին:

 

«Հայրենադարձը պետք է վաստակի այնքան, որ կարողանա արժանապատիվ ապրել: Մենք` բոլորս պատասխանատու ենք այդ այդ ծրագրի իրականացման համար, 260 հազար 505 հայրենակիցներ, ովքեր գնել են վիճակախաղի տոմս, կոլեկտիվ պատասխանատվություն են կրելու Իշխանաձորի զարգացման համար»,- ասաց Արթուր Աղաբեկյանը` հավելելով, որ այս տարի շրջանառության մեջ կդրվի 400 հազար վիճակախաղի տոմս. գերնպատակը վիճակախաղի քանակը մեկ միլիոնի հասցնելն է:

 

«Պետական բյուջեն սահմանափակ է եւ վերաբնակեցման համար տարեկան 120-130 միլիոն դրամ է նախատեսում: 2014-ին այդ գումարը 380 միլիոն դրամ է եւ, լավագույն դեպքում, տարեկան այդ գումարը գուցե ավելանա եւս 100 միլիոն դրամով: Արդյո՞ք դա այն գումարն է, որ մենք կարողանանք այդ կարեւոր ռազմավարական խնդիրը լուծել: Ո’չ: Հայրենիքը կոնկրետ են սիրում եւ միայն զգացականի վրա հնարավոր չէ երկիր կառուցել. երկիր պետք է կառուցել փաստացի եւ իրականացնել երազանքն ու Արցախի բնակչությունը հասցնել գոնե 300 հազարի (ԼՂՀ բնակչությունն արդեն մոտենում է 150 հազարի- խմբ.): Սա կարող ենք անել միասին, համընդհանուր ջանքերով եւ միասնական մտածելակերպով»,- ասաց փոխվարչապետը` հավելելով, որ Արցախում բնակվել ցանկացողները միշտ ավելի շատ են, քան թույլ է տալիս հնարավորությունը:

 

Արցախում շրջանառության մեջ դրված 300 հազար վիճակախաղի տոմսից իրացվեց 260 հազար 505-ը: 345 հոգի շահեց Արցախյան գորգ: Նոր վիճակահանության սկիզբը կազդարարվի մայիսի 9-ին, իսկ վիճակահանությունը կլինի դեկտեմբերի 28-ին: Օրը խորհրդանշական է` 1991թ. դեկտեմբերի 28-ին ԼՂՀ անկախ հանրապետությունն առաջին անգամ ընտրեց Գերագույն խորհուրդ:

 

Հասմիկ Հարությունյան

armenpress.am

1