Արցախի անկախ Հանրապետության հռչակումը պատմական արդարության վերականգնման դասական օրինակ է
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Վերլուծական » Արցախի անկախ Հանրապետության հռչակումը պատմական արդարության վերականգնման դասական օրինակ է

Արցախի անկախ Հանրապետության հռչակումը պատմական արդարության վերականգնման դասական օրինակ է

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախ եւ երիտասարդ սերունդը հավանաբար ծանոթ չէ գրող, հրապարակախոս Զորի Բալայանի ՙհայտնի՚ նամակներին: Հավանաբար այդ սերնդին չեն էլ հետաքրքրում նմանատիպ նամակագրությունները: Համենայնդեպս, նոր հազարամյակում գրված այս նամակը` ուղղված արդեն Ռուսաստանի Դաշնության նախագահին, նոր հազարամյակում չի ընկալվում ՀՀ եւ ԼՂՀ անկախ բնակչության կողմից:

 

Նրանց համար, որոնց համբերությունը չի հերիքել ընթերցել Զ. Բալայանի երկարաշունչ նամակը, գուցե եւ բավականին ՙտրամաբանական՚ կարող է թվալ: Հայտնի հրապարակախոսը երկար էջերում խոսում է պատմական արդարության, ճշմարտության եւ դրա վերականգնման անհրաժեշտության մասին, ՌԴ նախագահին պատմում Արեւմտյան Հայաստանի, Հայկական Նախիջեւանի, Հյուսիսային եւ Դաշտային Ղարաբաղի կորուսյալ տարածքների մասին, նկարագրում Բաքվի, Սումգայիթի վայրագ կոտորածների մասին, եւ այս ամենի մեջ ամենաանընդունելին եւ անընկալելին այն է, որ հրապարակախոս, Արցախի հերոսի կոչում ստացած մարդը պատմական արդարության վերականգնումն ասոցացնում է զուտ Գյուլիստանի պայմանագրի վերականգնման եւ դրա հավերժականության հետ:

 

Այս պարագայում Արցախի հերոսը չի կարող օրինակ, առավել եւս կերպար լինել Արցախի ժողովրդի, նոր սերնդի համար:
Արցախյան ազգային-ազատագրական պայքարով հայ ժողովուրդն, իրոք, մասամբ վերականգնեց պատմական արդարությունը:

 

25 տարի առաջ հայ ժողովուրդը պատմական արդարության վերականգնման համար չմուրաց. այն վաստակեց: Արցախի անկախ Հանրապետության հռչակումը պատմական արդարության վերականգնման դասական օրինակ էր ինչպես մեզ, այնպես էլ աշխարհի բոլոր ժողովուրդների համար:

 

Գյուլիստանի պայմանագրով չվերականգվեց հայկական պետականությունը, դրանով ընդամենը մեր հպատակությունը հայտնեցինք մեկ կայսրությունից մեկ այլ կայսրության: Այդ ժամանակահատվածի համար, իրոք, չենք սակարկում դրա առավելության հարցը:

 

Արցախի հերոսը պարզապես իրավունք չուներ խնդրել մեկ այլ երկրի նախագահից, որպեսզի նրանք հանկարծ չմտածեն Ղարաբաղը, օրինակ, Թուրքիային տալ: Զորի Բալայանը կոչ է անում չշտապել եւ չանել չմտածված քայլը: Արդյո՞ք Զ. Բալայանը ինչ-որ ՙսարսափելի՚ տեղեկության է տիրապետում, որին մենք տեղյակ չենք: Եվ ո՞րն է այդ սարսափելի քայլը, ինչը նա խնդրում է չանել:

 

Սա արդեն ստորացուցիչ է: Եթե մտածենք, որ Զորի Բալայանը ինքնակամ կամ ինքնուրույն չի գրել այդ նամակը, ուրեմն մեզ ինչ-որ սարսափելի քա՞յլ է սպասվում: Այս ֆոնին կարելի է ընդգծել երկու կարեւոր նկատառում. կամ հայկական արտաքին քաղաքական կուրսը վտանգավոր ընթացքի մեջ է, կամ հրապարակախոսն առողջական խնդիրներ ունի:
Նամակը` գրված Արցախի հերոսի, հայ գրողի, հրապարակախոսի կողմից, առնվազն արհամարհանք է Արցախյան ազգային-ազատագրական պայքարի հաղթանակի, այդ հաղթանակը կերտողների եւ ԼՂՀ Սահմանադրության նկատմամբ:

 

Ոչ ոք իրավունք չունի սակարկելու ԼՂՀ անկախության, նրա ինքնիշխանության հարցը:
Հաղթանակը կերտել է ժողովուրդը, պետականությունը հռչակել է ժողովուրդը, ինքնիշխան երկրում ապրելու եւ այդ երկրի ապագան տնօրինելու իրավունքը եւս այդ ժողովրդինն է:

 

<<Ապառաժ>>-ի խմբագրական

1