ԱՐՑԱԽԻ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ 25 ՏԱՐԵԿԱՆ Է
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Երիտասարդական » ԱՐՑԱԽԻ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ 25 ՏԱՐԵԿԱՆ Է

ԱՐՑԱԽԻ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ 25 ՏԱՐԵԿԱՆ Է

Այս նշանաբանով բացվեց Արցախի պետհամալսարանում տեղի ունեցած միջոցառումը, որին մասնակցում էին ԱրՊՀ ռեկտոր Մանուշ Մինասյանը, ԼՂՀ ԱԺ խոսնակ Աշոտ Ղուլյանը, կրթության, գիտության և սպորտի նախարար Սլավա Ասրյանը, ԱրՊՀ դասախոսական կազմը, ուսանողներ, հյուրեր արտերկրից: Հավաքի մասնակիցները ծաղիկներ դրեցին համալսարանի բակում տեղադրված զոհված ուսանող-ազատամարտիկների հուշակոթողին:

 

Բացման խոսքով հանդես եկավ ռեկտոր Մ. Մինասյանը, ով ներկաներին շնորհավորելով Արցախի պետականության հռչակման 25-րդ տարելիցի առթիվ, նշեց, որ համալսարանի` որպես գիտակրթական կենտրոնի դերը անգնահատելիորեն մեծ ու կարևոր է եղել արցախյան գոյապայքարի, մեր պետականակերտման մեջ, քանի որ ունեցել ենք բազմաթիվ ուսանող ազատամարտիկներ, որոնք իրենց կյանքը չեն խնայել թե՛ Արցախյան պատերազմի և թե՛ խաղաղ շինարարության մեջ ունեցած դերով: Այսօր էլ բուհն ավարտած բազմաթիվ ուսանողներ դարձել են մեր երկրի նշանավոր այրեր, ովքեր ակտիվորեն մասնակցում են երկրի առաջընթացին` տնտեսության, բանակաշինության, սպորտի ոլորտներում: Կան ուսանողներ, ովքեր բուհն ավարտելով` հետբուհական կրթությունը շարունակում են Երևանում, Մոսկվայում, արտասահմանի տարբեր գիտակրթական հանրահայտ օջախներում: Սակայն նրանք հիմնարար գիտելիքներ են ստացել հենց այստեղ: Նրանք պիտի իմանան, որ անկախության համար թանկ գին ենք վճարել և անեն ամեն հնարավորը` մեր երկրի հետագա բարեկեցության, միջազգային ճանաչման համար:

 

ԼՂՀ ԱԺ նախագահ Ա. Ղուլյանն ասաց, որ խոր իմաստ կա այն բանում, որ մեր այս միջոցառումը բացելուց առաջ այցելեցինք մեր զոհված ուսանողների հուշակոթողին: Այսօր բուհ ոտք դրած ուսանողը պետք է գնահատի 90-ականների պատերազմական գործողություններում իր հասակակիցների թափած արյունը, ջանք ու եռանդ չխնայի նրանց հիշատակը վառ պահելու և նրանց սկսած գործն ավարտին հասցնելու, այն է` ԼՂՀ միջազգային ճանաչման համար:

 

Միջազգային քաղաքական որոշ գործիչների շրջանում այժմ այն թյուր կարծիքը կա, թե ԽՍՀՄ փլուզումն սկսվել է Արցախից, մինչդեռ ճշմարտությունն այն է, որ ԽՍՀՄ քաղաքական էլիտան այն ժամանակ ճիշտ չըմռնեց մեր բարձրացրած խնդրի ողջ էությունը, այն համարվեց մի անցողիկ խռովություն: Կյանքը ցույց տվեց, որ մեր պայքարը պատահական բռնկում չէր, այլ խորը պատմական հենք ունեցող մի պայքար, որն ավարտուն տեսքի բերելու համար ոչ միայն Արցախը ելավ, այլև համայն հայությունը. <<Այսօր մենք հպարտությամբ կարող ենք շեշտել, որ մեր պայքարի ողջ ընթացքում մենք ոչ մի շեղում չենք ունեցել, մեր նպատակը նույնն էր Շարժման սկզբին, նույնն է և այսօր` Արցախն ազատ ու անկախ երկիր հռչակելը: Ադրբեջանն ինչքան էլ սադրանքների դիմի, մեր ճանապարհն անխախտ է>>: Այսօր բուհն ընդունված առաջին կուրսեցին գրեթե մեր անկախության հասակակիցն է ` թող մի քիչ տարիքով փոքր: Եվ նա պետք է գիտակցի, որ իր հայրերն ու եղբայրներն իրենց արյունով են սրբագրել անկախության ուղին, և ինքն էլ ջանք ու եռանդ չպիտի խնայի այն ավելի ամրապնդելու, Արցախի պատիվը, անունն ու դրոշը բարձր պահելու համար:

 

Մեր անկախությունն այլընտրանք չունի. <<Շատ քիչ է մնացել Արցախի միջազգային ճանաչման համար, և մենք ավելի համառ պետք է լինենք մեր նպատակների մեջ, հողային ոչ մի զիջումի մասին խոսք լինել չի կարող: Ինչ մնում է Ադրբեջանի նավթային պաշարներին, մի օր դրանք սպառվելու են: Իսկ գիտելիքը, որ դուք կստանաք Արցախի մայր բուհում, հիմնական է, ու ոչ ոք ձեզնից չի կարող խլել: Այսօր նաև Գիտելիքի օրն է, ինչի կապակցությամբ ուզում եմ շնորհավորել ձեզ և մաղթել կանաչ ճանապարհ>>:

 

Այսօրվա 18-20 տարեկան զինվորը պակաս հայրենասեր չէ, քան 90-ական թվականներինը: Դա ապացուցվեց ապրիլյան պատերազմի օրերին: Իսկ մեր քաղաքացիները վաստակել են ավելի լավ, ավելի ժողովրդավար երկրում ապրելու իրավունքը:

 

Վերջում Աշոտ Ղուլյանը համալսարանի ռեկտորին և ԿԳՍ նախարարին նվիրեց <<Արցախ. վերածնունդ>> նոր հրատարակված եռալեզու ալբոմը:

 

Լիլիա ԲԱՂՐՅԱՆ

 

1