Արցախի ԱԺ-ն ընդունել է մի շարք օրենքներ
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Արցախի ԱԺ-ն ընդունել է մի շարք օրենքներ

Արցախի ԱԺ-ն ընդունել է մի շարք օրենքներ

Արցախի Հանրապետութան 6-րդ գումարման Ազգային ժողովը մայիսի 31-ին գումարել է հերթական լիագումար նիստը:

Բացելով նիստը՝ խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանը ներկայացրել է այս ընթացքում ԱԺ մշտական հանձնաժողովներում կատարված օրենսդրական աշխատանքը, մասնավորապես, «Ազգային ժողովի կանոնակարգ» և «Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» Արցախի Հանրապետության օրենքների նախագծերի շուրջ ծավալված քննարկումների արդյունքները:

Օրենսդրական հարցերի շարքից խորհրդարանը նախ քննարկել է «Պետական գույքի մասնավորեցման 2010-2012թթ-ի ծրագրի կատարման 2016թ-ի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրել է կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Լևոն Գրիգորյանը: Օրենքի ընդունումը նպատակ ունի տրամադրել պետական գույքի մասնավորեցման ծրագրում ընդգրկված ընկերությունների (գույքի) նկատմամբ 2016թ-ի օրացուցային տարում իրականացված մասնավորեցման գործարքների և լուծարման գործընթացի մասին տեղեկությունները, ինչպես նաև ներկայացնել պայմանագրային պարտավորությունների ընթացքը՝ հնարավորություն տալով նաև հանրությանը իրազեկված լինել մասնավորեցման գործընթացի մասին:

Ներկայացնելով օրինագծի վերաբերյալ հարակից զեկույցը՝ Վերահսկիչ պալատի նախագահ Էռնեստ Ավանեսյանը նշել է, որ օրինագծի շուրջ իրենց կատարած ուսումնասիրությունները ցույց են տվել, որ դրանում արտացոլված են օրենքով ամրագրված հիմնական պահանջները:

Օրինագծի մասին հարակից զեկույց է ներկայացրել նաև ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ռուսլան Իսրայելյանը, ում խոսքով հանձնաժողովը դրական եզրակացությամբ լիազորել է նախագիծը ներկայացնել լիագումար նիստին:

Խորհրդարանը քննարկել և ընդունել է ներկայացված օրենքը:

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովիկ Ջիվանյանը առաջին ընթերցմամբ պատգամավորներին է ներկայացրել «Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի նախագիծը: Նրա խոսքով նախագծի մշակումը պայմանավորված է առաջին ընթերցմամբ ընդունված «Ազգային ժողովի կանոնակարգ» Արցախի Հանրապետության օրենքի նախագծի 3-րդ հոդվածի պահանջի ապահովման անհրաժեշտությամբ:

Պատգամավորները զեկուցողին են առաջադրել նախագծով առաջարկվող որոշ դրույթների վերաբերյալ հարցեր, որից հետո օրենքը միաձայն ընդունվել է դահլիճում ներկա 30 պատգամավորների կողմից:

Խորհրդարանի քննարկմանն առաջարկված մյուս օրենսդրական նախագիծը «Ազգային ժողովի կանոնակարգ» Արցախի Հանրապետության օրենք է: Այն երկրորդ ընթերցմամբ խորհրդարանին է ներկայացրել նախագծի համահեղինակ Հովիկ  Ջիվանյանը:

Պետաիրավական հանձնաժողովի նախագահը խմբավորել է առաջին ընթերցումից հետո նախագծի վերաբերյալ խմբակցությունների ու պատգամավորների առաջարկները և ամփոփաթերթիկի տեսքով հակիրճ ներկայացրել օրինագծի հեղինակների դիրքորոշումն այդ առաջարկների հանդեպ և պատասխանել պատգամավորների հարցերին:

Այնուհետև, համաձայն ԱԺ կանոնակարգի, տեղի է ունեցել մտքերի փոխանակություն, որի ընթացքում առաջարկվող նախագծի վերաբերյալ ելույթներով հանդես են եկել պատգամավորներ Արսեն Առստամյանը, Էդուարդ Աղաբեկյանը, Հայկ Խանումյանը, Վահրամ Բալայանը, Արթուր Թովմասյանը և Աշոտ Ղուլյանը:

27 կողմ, 3 դեմ և 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ խորհրդարանն ընդունել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Արցախի Հանրապետության օրենքը:

Նիստի վերջում հայտարարություններով հանդես են եկել պատգամավորներ Հայկ Խանումյանը, Լեռնիկ Հովհաննիսյանը և Վարդգես Բաղրյանը:

1