Արցախի ԱԳՆ ղեկավարը հանդիպել է Հունաստանի քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Արցախի ԱԳՆ ղեկավարը հանդիպել է Հունաստանի քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ

Արցախի ԱԳՆ ղեկավարը հանդիպել է Հունաստանի քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ

Հունաստան կատարած աշխատանքային այցի շրջանակներում Արցախի արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը մարտի 15-­ին հանդիպումներ է ունեցել Հունաստանի խորհրդարանում ներկայացված մի շարք քաղաքական ուժերի ներկայացուցիչների, մասնավորապես` Պանայոտիս Զխուրիտիսի («Անկախ հույներ» կուսակցության փոխնախագահ), Լիանա Կանելիի (Կոմունիստական կուսակցություն), Սիլվանա Ռապտիի (ՊԱՍՕԿ` Համահունական սոցիալիստական շարժում), Էվի Խրիստոֆիլոփուլուի («Դեմոկրատական համախմբում» կուսակցություն), Գեորգիոս Կումուցակոսի («Նոր ժողովրդավարություն» կուսակցություն) հետ։

Կարեն Միրզոյանը հույն խորհրդարանականներին է ներկայացրել իրավիճակն Արցախում և նրա շուրջ, ինչպես նաև անդրադարձ է կատարել ադրբեջանա­ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի ներկա փուլին և Արցախի իշխանությունների կողմից ձեռնարկվող քայլերին՝ ուղղված բանակցային գործընթացի վերսկսման պայմանների ապահովմանը։

Անդրադառնալով Արցախում պետականաշինության գործընթացում արձանագրված ձեռքբերումներին ու վերջին զարգացումներին՝ ԱԳՆ ղեկավարն ընդգծել է Արցախի Հանրապետության ժողովրդի և իշխանությունների հաստատակամությունը՝ ամրապնդել ժողովրդավարական արժեքների և սկզբունքների վրա հիմնված անկախ պետականությունը։

Հանդիպումների ընթացքում մտքեր են փոխանակվել խորհրդարանական դիվանագիտության ձևաչափով համագործակցության հնարավորությունների և հեռանկարների շուրջ։

1