Արցախը շարունակում է մասնակցել միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսներին
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Արցախը շարունակում է մասնակցել միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսներին

Արցախը շարունակում է մասնակցել միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսներին

Հունվարի 22-26-ը Արցախի Հանրապետությունը առանձին տաղավարով մասնակցել է Իսպանիայի Մադրիդ քաղաքում  ընթացող <<ՖիտուրՄադրիդ-2014>> միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին:

 

<<Ավանդույթի>> համաձայն այս ցուցահանդեսը եւս առանց ադրբեջանական ցուցարարների միջամտության չի անցել: Ինչպես տեղեկացրեց ԼՂՀ ԿԱ զբոսաշրջության եւ պատմական միջավայրի պահպանության վարչության պետ Սերգեյ Շահվերդյանը ցուցահանդեսի բացման առաջին իսկ օրը մի խումբ ադրբեջանցիներ փաթաթված ադրբեջանական դրոշներով փորձել են խոչընդոտել արցախյան տաղավարի աշխատանքներին: <<Ճիշտ է միջազգային ցուցահանդեսների ժամանակ ադրբեջանցիների նման պահելաձեւը մեզ համար նորույթ չէր, սակայն սա առաջին դեպքն էր, երբ ցուցարաները փակել էին տաղավար տանող մուտքը: Նրանք մոտ մեկ ժամ պարզելով Ադրբեջանի դրոշները, փակել են ԼՂՀ տաղավարի մուտքը>>,- տեղեկացրեց Ս. Շահվերդյանը:

 

ԼՂՀ ԿԱ զբոսաշրջության եւ պատմական միջավայրի պահպանության վարչության պետի հավաստմամբ ցուցահանդեսի կազմակերպիչների կողմից ձեռնարկվել են համապատասխան միջոցներ, որի արդյունքում երիտասարդ ադրբեջանցիների ցույցը կասեցվել է եւ ԼՂՀ տաղավարը շարունակել է իր աշխատանքները ցուցահանդեսում: Ս.Շահվերդյանը տեղեկացրեց նաեւ, որ ադրբեջանցի ցուցարարները չգոհանալով ցուցահանդեսի բացման օրը իրենց ցույցի արդյունքներից հանրության համար կազմակերպված ցուցադրությունների օրը նույնպես հակահայկական շապիկներով եւ դրոշներով ցույց են կազմակերպել: Եւ եթե առաջին անգամ ցուցարարներին հաջողվել է ցուցահանդեսի տաղավարում իրականացնել բողոքի ցույց, ապա երկրորդ անգամ Ս. Շահվերդյանի տված տեղեկությունների համաձայն ցուցահանդեսի կազմակերպիչները չեն թողել ադրբեջանցի երիտասարդներին մտնել ցուցասրահ. <<Մենք երկրորդ ցույցը կարողացանք կանխել շնորհիվ նաեւ մեր հայրենակիցների, ովքեր բնակվում են Իսպանիայում>>,- նշեց Ս. Շահվերդյանը եւ հավելեց,- <<Այդ հարցում մեզ աջակցել է նաեւ Իսպանիայում Հայաստանի դեսպանությունը>>: Այն, որ ադրբեջանցիները ամեն անգամ միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսների ժամանակ նման ցույցեր կազմակերպելով նպատակ են ունենում խանգարել արցախյան տաղավարի գործունեությունը դա փաստ է, սակայն այլ հարց է, թե ինչքանով է դա նրանց հաջողվում: 

 

Ս Շահվերդյանի հավաստմամբ ադրբեջանցիների հակաքարոզչությունը հակառակ արդյունքն է ունենում. <<Ադրբեջանցիների հակաքարոզչությունը, տաղավարի մոտ կազմակերպված ցույցերը հիմնականում օտարերկրյա զբոսաշրջիկների հետաքրքրությունն են առաջացնում Արցախի տաղավարի նկատմամբ: Օտարերկրացիները մոտենում են հետաքրքրվում են Արցախի զբոսաշրջային հնարավորույուններով. <<Մենք ունեցել ենք մի տաղավար, որը շատ սիրուն է, բայց շատ շքեղ չի: Արցախյան տաղավարի նկատմամբ հետաքրքրությունը սովորական է լինում: Եւ հենց սկսում են տեղի ունենալ այդ անախորժությունները կրկնապատկվում, անգամ քառապատկվում է այցելուների քանակը: Բնականաբար սկզբում օտարերկրացիների մոտ մոտ հարց է առաջանում, թե ինչ է կատարվում: Այնուհետեւ դրան հաջորդում է ինչու է կատարվում հարցը, այնուհետեւ, ինչ երկրի շուրջ է այդ ամենը կատարվում: Այնուհետեւ զուտ զբոսաշրջային գործունեության ոլորտն է հետաքրքրում օտարերկրացիներին, որի ժամանակ էլ մենք ներկայացնում ենք մեր երկիրը>>,- նշեց Ս. Շահվերդյանը:

 

Ըստ Ս. Շահվերդյանի ադրբեջանցիների նման պահվածքը սովորական է իրենց համար, բայց այն տհաճ եւ անհարմար իրավիճակ է ստեղծում կազմակերպիչների համար. <<Մեզ համար շատ սովորական է այդ երեւույթը, մենք ունենք արդեն 5 տարվա փորձ: Մեր պատվիրակության անդամներից ոմանք 8 տարվա փորձ ունեն հակազդելու այդ գործողություններին: Մեզ համար ադրբեջանցիների պահվածքը խնդիր չէ, բայց նրանց գործողությունները դժվարացնում են կազմակերպիչների գործը եւ իրենք այնքան էլ ոգեւորված չեն լինում Արցախի մասնակցությամբ նմանատիպ ցուցահանդեսներին>>: ԼՂՀ ԿԱ զբոսաշրջության եւ պատմական միջավայրի պահպանության վարչության պետի հավաստմամբ <<Ֆիտուր Մադրիդ-2014>> միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսը կարեւորվում է հատկապես նրանով, որ այն տեղի է ունենցել ՄԱԿ-ի Համաշխարհային Զբոաշրջային Կազմակերպության նստավայր քաղաքում: Ցուցահանդեսին այս տարի մասնակցել են 9000 զբոսաշրջային կազմակերպություններ 167 երկրից: Ի դեպ Ադրբեջանն այս տարի չի մասնակցել Իսպանիայում կազմակերպված զբոսաշրջանային ցուցահանդեսին:

 

Անի ԱԶԱՏՅԱՆ

1