Արցախը միջազգային քաղաքական բեմահարթակում
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » «Ապառաժ»-ի խմբագրական » Արցախը միջազգային քաղաքական բեմահարթակում

Արցախը միջազգային քաղաքական բեմահարթակում

Արցախի Հանրապետության նախագահի այցը Մեծ Բրիտանիա քննարկման ու տարատեսակ վերլուծությունների տեղիք տվեց:

 

Բնականաբար, անհանգստացած է ադրբեջանական կողմը, քանզի, անկախ այցի ձեւաչափից, մեր հարեւաններն այն  ընկալում են որպես Արցախի միջազգային ճանաչմանն ուղղված առաջընթաց քայլ:

 

Փաստացի, Մեծ Բրիտանիան անուղղակիորեն երկխոսության դուռ է բացում մեր հանրապետության իշխանությունների առաջ: 

 

Չաթըմ Հաուսի-ում Արցախյան հիմնախնդրին նվիրված միջոցառման մասնակցությունը, եւ նախագահի՝ որպես Արցախի Հանրապետության գերագույն իշխանության ներկայացուցչի ելույթը, ինչպես նաեւ պաշտոնական մի շարք հանդիպումները, հիրավի, աննախադեպ կարելի է համարել:  Ոչ միշտ ու ոչ բոլոր պետությունների ղեկավարներին / էլ չենք խոսում չճանաչված պետությունների մասին / առիթ է ընձեռվում հյուրընկալվել Չաթըմ Հաուսի նման հեղինակավոր կառույցում եւ այնքան էլ էական չէ, թե այսօր այցը որքանով է կրում պաշտոնական բնույթ: Այսպես, թե այնպես, նման այցերը չեն շրջանցում մեծ քաղաքականությունը եւ այս պարագայում որեւէ մեկի համար կարեւոր չէ, թե Միջազգային հարաբերությունների արքայական ինստիտուտում (Chatham House)  ելույթ ունեցող երկրի ղեկավարը ինչ ձեւաչափով է Մեծ Բրիտանիա մեկնել:

 

Հակառակ բոլոր տեսակի ճնշումների՝ Բ.Սահակյանը միջազգային բարձր հարթակում ներկայացրել է արցախյան հիմնախնդիրն ու պաշտոնական Ստեփանակերտի դիրքորոշումները խնդրի շուրջ:

 

Նախագահի այցը համարվում է կայացած: Այն  կարևոր իրադարձություն էր եւ, բնականաբար, պետք է համարել որպես Արցախի միջազգային ճանաչմանն ուղղված որոշիչ քայլ: Ակնհայտ է, որ Արցախի՝ որպես ինքնիշխան ու անկախ հանրապետության ձայնը սկսում է լսելի դառնալ աշխարհում: Անկասկած, այցը կնպաստի Արցախ-Մեծ Բրիտանիա համագործակցության սերտացմանը եւ ազդեցություն կունենա  արցախյան հիմնախնդրի վերաբերյալ միջազգային հանրության մոտեցումների վրա:

 

Այս ամենի արդյունքը կերևա արցախյան հիմնախնդրի շուրջ ապագա զարգացումներից: Հստակ է, որ նման մակարդակի այցերը չեն կարող հենց այնպես կազմակերպվել: Սա է հենց Բաքվին մտահոգող ու հիստերիայի դրդող հիմնական պատճառը, քանզի այս իրադարձությունը կատարվել է համաշխարհային քաղաքականություն կերտող եւ ուղորդող երկրում՝ Մեծ Բրիտանիայում:

 

Մեկ բան այլեւս անշրջանցելի է՝ տարբեր մակարդակներով եւ տարբեր ձեւաչափով  սկսված է ԼՂՀ միջազգային ճանաչման գործընթացը:

 

1