Արցախը զարգացող զբոսաշրջային ուղղություն է
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » Արցախը զարգացող զբոսաշրջային ուղղություն է

Արցախը զարգացող զբոսաշրջային ուղղություն է

Ինչպես նշվում է ԱՀ Էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի Զբոսաշրջության վարչության տարածած հաղորդագրության մեջ, 2017 թվականի առաջին եռամսյակի տվյալներով ԱՀ զբոսաշրջության բնագավառը աճ է գրանցել բոլոր ուղղություններով: ԱՀ արտաքին գործերի նախարարության տվյալներով 2017 թվականի հունվար–հունիս ամիսներին Արցախում գրանցվել է 26 տոկոս օտարեկրկյա զբոսաշրջիկների քանակի աճ, 2015 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ /2016 թվականի համեմատ այն կազմել է 46%/:

Այցելությունների քանակը ավելացել է նաև հիմնական զբոսաշրջավայրերում. Տիգրանակերտի պետական արգելոց է այցելել ավելի քան 5000 այցելու, ինչը 62 տոկոսով ավել է 2015 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ:

«Որպես ակտիվորեն զարգացող զբոսաշրջային ուղղություն՝ Արցախն առաջարկում է այնպիսի զբոսաշրջային արդյունք, որը տարեցտարի ավելի մրցունակ է դառնում: Արցախ են այցելում հիմնականում ճանաչողական տուրիզմ նախընտրող ճամփորդները, ովքեր հնարավորություն են ստանում ուսումնասիրելու մեր երկրի բացառիկ պատմա-մշակութային ու բնական ժառանգությունը»,- նշել է  ԱՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության ծրագրերի կառավարիչ Արտակ Գրիգորյանը և ավելացրել, որ նշված ուղղության զարգացման համար ստեղծվում են նաև համապատասխան ենթակառուցվածքներ, տարբեր ծառայոթյունների մատուցման համար բարենպաստ պայմաններ են ապահովում: «Հյուսիսային և հարավային զբոսաշրջային երթուղիների վրա գտնվող հիմնական զբոսաշրջավայրերը արդեն իսկ մեծ ճանաչում ունեն մեր երկրի այցելուների մոտ: Բացի այդ, մեծ ներուժ ենք տեսնում արկածային տուրիզմի զարգացման, ինչի համար նախատեսվում են տարատեսակ նախագծեր՝ հիմնականում մասնավոր ընկերությունների հետ համագործակցությամբ»,- հավելել է Արտակ Գրիգորյանը: Հիմնականում Արցախ են այցելում ՌԴ-ից, ԱՄՆ-ից, եվրոպական մի շարք երկրներից և Իրանից: Բացի այդ՝ տարեցտարի ավելանում է նաև Մերձավոր ու Հեռավոր Արևելքից, Լատինական Ամերիկայից ժամանած զբոսաշջրիկների թիվը, ինչը խոսում է Արցախի՝ որպես զբոսաշրջային ուղղության ճանաչելության բարձրացման մասին:

Նրա խոսքով՝ 2016 թվականի համեմատ ունենք 46 տոկոս զբոսաշրջիկների քանակի աճ, ինչը հուսալի և միևնույն ժամանակ պարտավորեցնող ցուցանիշներ են:

Հաշվարկային գնահատականներով զբոսաշրջությունից ստացված եկամուտները կազմել են 1.7 միլիարդ ՀՀ դրամ /աճը կազմել է 35 տոկոս/:

Հարկ է ընդգծել, որ վերոհիշյալ ժամանակահատվածում զբոսաշրջության բնագավառի զարգացմանն ուղղված ծրագրերի համար բացի պետական բյուջեի միջոցներից, հաջողվել է ներգրավել նաև 25 միլիոն ՀՀ դրամ ներդրումներ միջազգային դոնորների կողմից:

Հույս ունենք, որ ներդրումները և պետական աջակցությունը կնպաստեն, որ մոտ ապագայում Արցախը դառնա պահանջված զբոսաշրջային ուղղություն՝ հատկապես օտարերկրացիների համար:

1