Արցախը՝ հակաահաբեկչական պայքարի առաջին գծում
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » «Ապառաժ»-ի խմբագրական » Արցախը՝ հակաահաբեկչական պայքարի առաջին գծում

Արցախը՝ հակաահաբեկչական պայքարի առաջին գծում

Ծայրահեղ իսլամիստական խմբավորման կողմից վերջին օրերին իրականացված գործողությունները ցույց տվեցին, որ այս խմբավորումն անվարան ընդարձակում է իր աշխարհագրությունը՝ ընդունակ լինելով ամենուր իրականացնել իր սեւ գործը: Սա նաեւ վկայում է Իսլամական պետության՝ գնալով ավելի խորացող հովանավորչության մասին, որում, հրապարակված փաստերի համաձայն, անմասն չէ նաեւ Թուրքիան՝ իրեն հատուկ ձեռագրով: Ահաբեկչությանն աջակցելով՝ Թուրքիայի  իշխանություններն այս խմբավորմանն օգտագործում են որպես զենք՝ իրենց «խանգարողների» դեմ: Ստացվում է, որ այսօր Իսլամական պետությանն այդքան սատարող երկիրը նույնպես հանդիսանում է աշխարհի անվտանգությանը սպառնացող երկիր, քանզի հայտնի ճշմարտություն է՝ թշնամուդ սատարողը եւս քո թշնամին է:

 

Ի հետեւումն Եգիպտոսում ՌԴ օդանավի կործանմանը՝ Փարիզի դեպքերը պատճառ դարձան, որ Եվրոպան ու Ռուսաստանը սթափվեն՝ խորապես զգալով ԻՊ-ի կործանիչ գոյությունը միասնաբար ոչնչացնելու անհետաձգելի անհրաժեշտությունը:

 

Սիրիայի տարածքում ռուսական ռազմական ինքնաթիռի կործանումը թուրքական զինուժի կողմից՝ էլ ավելի սրեց իրավիճակը: Այսօր առկա կիսապատերազմական  վիճակը ենթադրում է, որ տարածաշրջանում Ռուսաստանի միակ հուսալի դաշնակից Հայաստանն էլ, Արցախով հանդերձ, անմասն չի մնա առճակատման առաջին գծում հայտնվելուց: Անսպասելի չեն  Անկարայի հովանավորությամբ Ադրբեջանի կողմից  Ղարաբաղյան հարցի հնարավոր թեժացումներն այս ամենի համայնապատկերում: Մյուս կողմից էլ, ՌԴ-ն կփորձի օգտագործել Հայկական հարցը՝ Թուրքիայի վրա ճնշումներ գործադրելու նպատակով: Վերջինիս վառ ապացույցն է Պետդումայում օրեր առաջ մտցված՝ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտման համար պատասխանատվության կոչելու օրենքի նախագիծը: Այստեղ կարևոր է մի բան՝ Հայաստանը պետք է կարողանա ցուցաբերել ճկուն դիվանագիտություն, որպեսզի կարողանա խուսափել այս բոլոր քաղաքական խաղերի ու բախումների արդյունքում տուժողի դերում հայտնվելուց…  

 

Այս իրադարձությունների ֆոնին՝ հարկ է հիշել, որ անցյալ տարի այս նույն ժամանակներում զորավարժությունների ժամանակ օդ բարձրացած հայկական ուղղաթիռը խոցվեց ադրբեջանական զինուժի կողմից, ունեցանք մարդկային կորուստներ, եւ Ադրբեջանը կեղծ պատճառներ բերեց, թե իբր ուղղաթիռը հատել էր ղարաբաղա-ադրբեջանական սահմանը: Ահաբեկչության դեմ նույն պայքարողների կողմից ոչ մի դատապարտող  արձագանք չեղավ, արձագանք չեղավ նաև վերջերս Թուրքիայի ուղղաթիռների կողմից ՀՀ օդային սահմանի խախտման փաստի առնչությամբ:

 

Անշուշտ, նման ոտնձգություններին չարձագանքելը առիթ է դառնում, որ հակառակորդն ավելի լկտի պահվածք ցուցաբերի: Պատահական չէ, որ Թուրքիան, այսպես թե այնպես, ուզում է ճանաչել  Իսլամական պետությունը, եւ հենց այս օրերին Թուրքիայի նորանշանակ ԱԳ նախարարը, հրահրելով Ադրբեջանին, հայտարարում է, որ Թուրքիան կանի ամեն ինչ, որպեսզի Ադրբեջանի օկուպացված տարածքներն ազատվեն: Իրադարձությունների հոլովույթն արդեն փաստել է, որ Թուրքիան իր կրտսեր եղբոր հետ պաշտպանում է միջազգային ահաբեկչությունը, իսկ Հայաստանն ու հատկապես Արցախը թե՛ քաղաքական, թե՛ ռազմական իմաստով հակաահաբեկչական պայքարի ճակատի առաջին գծում են:

 

«Ապառաժ»-ի խմբագրական, 7 դեկտեմբեր, 2015թ.

1