Արվեստը հանուն խաղաղության
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Արվեստը հանուն խաղաղության

Արվեստը հանուն խաղաղության

«Արվեստը հանուն խաղաղության» նախագծի շրջանակներում ապրիլի 27-ին Արցախ այցելեցին երաժիշտներ Լուկա Ֆելինին (դաշնակահար, Իտալիա),
Շտրոմիր Շիշկովիչը (ջութակահար), Յոժե Կոտարը (կլարնետահար, Սլովենիա) և Սևակ Ավանեսյանը (թավջութակ-Բելգիա): Շուշիում նրանք հանդիպեցին ԱՀ Մշակույթի նախարար Նարինե Աղաբալյանի հետ:

Նարինե Աղաբալյանը հյուրերին ծանոթացրեց Արցախի մշակութային ռազմավարությանը, նա մասնավորապես ընդգծեց, որ «Չնայած պատերազմն այստեղ երբեք էլ չի դադարում արդեն 25 տարի ի վեր, սակայն դա չի նշանակում, որ պետք է մեր երեխաներին զրկենք  արվեստի հետ շփվելու, մշակութային համարժեք դաստիարակություն ստանալու իրավունքից: Նույնիսկ փոքր գյուղերում մենք հնարավորության չափ երաժշտական դպրոցներ ենք բացում, որպեսզի երեխաները կարողանան երաժշտական կրթություն ստանալ»:

Յոժե Կոտարը, ով Սլովենիայում հանրահայտ երաժիշտ է և կամերային նվագախմբի խմբավար ու գեղարվեստական ղեկավար, նշեց. «Կարծում եմ, որ մշակույթը բոլոր ազգերի համար լավագույն փաստաթուղթն է հանդիսանում»:

Իսկ Սևակ Ավանեսյանն ասաց. «Երբ լսեցինք, որ Արցախում պատերազմը վերսկսվել է, առաջին միտքը, որ ծագեց, որոշեցինք գալ ու մասնակցել պատերազմին, սակայն, երբ անցավ մեկ- երկու օր, մտածեցինք, որ պատերազմին մասնակցելու լավագույն ձևը համերգներ տալն ու այդպիսով դրամական աջակցություն ցուցաբերելն է»:

Հանրահայտ երաժիտները Շուշիի Կերպարվեստի թանգարանում հանդես եկան համերգային ծրագրով: Ապրիլի 28-ին նրանք վարպետության դասեր կանցկացնեն Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում, կմասնակցեն նաև ապրիլի 29-ին Վերածննդի հրապարակում կազմակերպվելիք  ազգային պարի մրցույթ-փառատոնին:

1