Արմեն Սարգսյանն ընդունելի է նաև սփյուռքում
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » Արմեն Սարգսյանն ընդունելի է նաև սփյուռքում

Արմեն Սարգսյանն ընդունելի է նաև սփյուռքում

Ֆրանսիայի Հայկական ընկերությունները համակարգող խորհրդի նախագահ, ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանի խոսքով՝ Նախագահ Սերժ Սարգսյանի կողմից որպես նախագահի թեկնածու Մեծ Բրիտանիայի դեսպան Արմեն Սարգսյանին առաջարկելը շատ լավ որոշում է: Նրա դիտարկմամբ՝ Արմեն Սարգսյանը լավագույն թեկնածուն է նախագահի պաշտոնի համար, նա նաև ընդունելի և ընկալելի է սփյուռքում, ավելի լավ թեկնածու հնարավոր չէ պատկերացնել:

«Նա տարիներ շարունակ գործել է սփյուռքում` հատկապես Անգլիայում: Բայց նա նաև ճանաչում է սփյուռքի բոլոր կազմակերպություններին: Լավ ընտրություն է: Նա Հայաստանի զարգացման հարցում իր ներդրումն ունեցել է, և բոլոր հոսանքների հետ դրական հարաբերություններ է հաստատել»,- նշեց նա:

Մուրադ Փափազյանը պատասխանեց նաև Tert.am-ի հարցին՝ սփյուռքի՝ ՀՀ ներքաղաքական կյանքում ներգրավվելու վերաբերյալ․ արդյո՞ք սփյուռքը պետք է իր մասնակցությունն ու կարծիքը հայտնի ՀՀ ներքաղաքական զարգացումների մասին: ՀՅԴ Բյուրոյի անդամը պատասխանեց՝ Հայաստանի շահն է, որ սփյուռքն ունենա ներդրում Հայաստանում,որ սփյուռքը կարողանա օժանդակել Հայաստանին նաև ներքաղաքական կյանքում:

«Մենք ուրիշ նպատակ չունենք: Եթե մենք նշում ենք, որ մեկ ժողովուրդ ենք, մեկ ազգ, նաև՝ պետք է ընդունենք, որ սփյուռքի ներդրումը կարող է դրական լինել, եթե սփյուռքն իր ներդրումն անի նաև ներքաղաքական կյանքում, թե ինչպես, չեմ մանրամասնի, բայց պետք է համախմբվի այդ հարցի շուրջ և այդպես շահ բերի Հայաստանին»,- նշեց նա:

Դիտարկմանը, թե ինչ կարծիք ունի՝ ներկայիս իշխանությունները կարևորո՞ւմ են սփյուռքի կարծիքը ՀՀ-ում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ, Մուրադ Փափազյանը պատասխանեց․ «Շատ անբավարար ձևով, և դա մեղք է: Ես կարող եմ հաստատել, որ այսօրվա իշխանությունները սփյուռքը չեն արժևորում, սփյուռքին պետք է քաջալերեն, որ ներդրում ունենան Հայաստանում՝ ոչ միայն տնտեսական, այլ նաև՝ սփյուռքի փորձառությունն օգտագործեն: Ի վերջո, մենք ունենք կազմակերպություններ, կուսակցություններ սփյուռքում, և հատկապես Դաշնակցությունը, որն ունի լուրջ՝ 127 տարվա փորձառություն, ունի կապեր, ազդեցություն: Դժբախտաբար, անբավարար ձևով կօգտագործվի այդ ուժը»:

Հարցին՝ ի՞նչ սպասումներ կան նոր վարչապետի ընտրությունից, ՀՅԴ Բյուրոյի ֆրանսահայ անդամը նշեց, որ դեռևս այս մասին որևէ բան ասել չի կարող, քանի որ կուսակցությունը հարցը քննարկում է: «Դաշնակցությունը դեռ պետք է քննի հարցը, և պետք է որոշումը քննարկումից հետո՝ հավաքական կերպով ներկայացնենք»,- ասաց նա:

1