Արմատավորենք ազատամտությունը
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » «Ապառաժ»-ի խմբագրական » Արմատավորենք ազատամտությունը

Արմատավորենք ազատամտությունը

Մեր նախորդ համարում լույս տեսած խմբագրականը, որը կրում էր «թոթափենք ստրկամտությունը» վերնագիրը, բավական արձագանքներ ունեցավ՝ թե դրական և թե բացասական: Ոմանք իրենց վրա վերցրին խմբագրականի սուր որակումները, և թվում է, թե նեղացան: Ոմանք էլ շատ տեղին համարեցին շոշափված հարցերը և նշեցին, որ մեր հասարակության մեջ առկա խնդիրներին այսպես անդրադառնալը դրական է և մտորումի առիթ է տալիս: Ինչևէ, որոշեցինք բովանդակությունից վրդովվածներին ընդառաջել նույն վերնագիրը մեդալի հակառակ կողմից արձագրել՝ նույն ախտանիշի մեկ այլ դրսևորմանն անդրադառնալով:

Յուրաքանչուր հասարակություն միայն այն ժամանակ կարող է զարգանալ, երբ իր մեջ ունենա բազմակարծություն: Երբ բազմակարծության հետևանքով լինում են տարբեր տեսակետներ, բնականաբար, տեղի է ունենում տեսակետների բախում: Տեսակետների բախման հետևանքով առաջ է գալիս ավելի զարգացած տեսակետ, այլ դիտանկույնից՝ մեծամասնության տեսակետը այլ տեսակետի հետ բախվելուց հղկվում է, արդյունքում՝ բյուրեղանում: Իսկ երբ գոյություն չի ունենում այլակարծություն, տվյալ հասարակությունը գնում է դեպի լճացում և կորցնում զարգացման հնարավորությունը: Սա զարգացման համար օրինաչափ է և ենթակա չէ վիճարկման ոչ միայն հասարակական զարգացման ասպարեզում, այլ նաև մարդկության զանազան բնագավառներում:

Քաղաքական տեսակետից՝ վերոնշյալ երևույթը բացատրվում է ազատությամբ և բռնապետությամբ: Ազատ քաղաքական համակարգում յուրաքանչյուր անհատ կամ քաղաքական հոսանք, օրենքի ուժով օժտված, իրավունք ունի արտահայտել իր տեսակետը: Ժողովուրդն է, որ դատում է և ընտրում ցանկալին կամ ընդունելին: Իսկ բռնապետական համակարգում այլակարծությունը համազոր է հանցագործության: Հանցագործներ՝ հակահեղափոխականներ, հակաազգայիններ և, վերջապես, թշնամու գործակալներ են համարվում հենց այն հեղափոխականները, ազգայնականներն ու թշնամու դեմ ճակատ տվողները, ովքեր դեմ են վերևից եկած թելադրանքին ու կարգադրությանը:

Ազատության տենչն ու ձգտումը պատմության աղբարկղն է շպրտել բռնապետներին, բայց արի ու տես, որ առանձին անհատների մտածողությունը չի ազատագրվել:

Յոթանասուն տարիների խորհրդային կարգերն իրենց հիմնական ավերը գործել են հենց մարդկանց մտքերում: Դեռևս վերևներին հաճոյանալու, շողոքորթելու ու քծնելու համար կան մարդիկ, ովքեր «վերևների» կարծիքին դեմ այլ կարծիք ունեցողներին փորձում են վարկաբեկել հին, ստալինյան, սովետական ժամանակաշրջանի գործելաոճով: Իսկ ցավալին այն է, որ երբեմն այդ մտածելակերպը կրող  անհատները դուր են գալիս «վերևներին», և նրանց է վստահվում, ավելի ճիշտ՝ նրանք վարձահատույց են լինում պետության ցածր ու միջին օղակներում պաշտոններ ստանալով:

Եկեք միասնաբար մեր հասարակությունից դուրս շպրտենք այն քծնանքի, շողոքորթության երևույթները, որոնք ավելի շատ հոգեբանական բարդույթներ են, որոնք դարձել են կենսակերպ և չեն թույլատրում անկախ մտածել, նոր շունչ հաղորդել և, վերջապես, զարգացնել մեր հասարակությունը:

«Ապառաժ»-ի խմբագրական, 17 փետրվար, 2017թ. 

1