Արհեստավարժ խորհրդարան ունենալն անհրաժեշտություն է.Վահրամ Բալայան
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Շաբաթվա հյուրը » Արհեստավարժ խորհրդարան ունենալն անհրաժեշտություն է.Վահրամ Բալայան

Արհեստավարժ խորհրդարան ունենալն անհրաժեշտություն է.Վահրամ Բալայան

ՀՅԴ անդամ, ԼՂՀ Աժ «Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր, պատմական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Վահրամ Բալայանը մեզ հետ ունեցած անկեղծ զրույցի ժամանակ խոստովանեց, որ իր՝ պատմաբանի մասնագիտությունը  փոխանցվել է ժառանգաբար: Հորական եւ մորական կողմից պապերը  պատմաբաններ են եղել: Նրանց արժանի թոռն  էլ, շարունակելով պապերի գործը,  26 տարեկանում արդեն գիտությունների թեկնածու է դարձել:  Այժմ պատմական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր է, ունի 30 տարվա բուհական գիտամանկավարժաման փորձ: 116 հրատարակված աշխատանքների հեղինակ է, որից 23-ը հրատարակվել է արտասահմանում: Նա  7 գրքերի հեղինակ է, 6 գրքերի՝ համահեղինակ:

 

Թե ի՞նչն է նպաստել  1991 թվականին   Դաշնակցությանն անդամագրվելուն, պատասխանում է՝ պատճառը կուսակցության պատմությանն ու գաղափարախոսությանը  քաջածանոթ լինելն է: «Պատմաբանների  զգալի մասը դառնում են դաշնակցականներ, որովհետև ծանոթ են  Դաշնակցության անցած ուղուն, գաղափարախոսությանը,  գործելաոճին և ավելի շատ են տեսնում կուսակցության այն ներուժը, որը թույլ է տալիս նրան առաջնորդելու ժողովրդին»:

 

Նրա համոզմամբ՝  հանրությունը, ընդհանուր առմամբ, տեղյալ չէ Դաշնակցության գաղափարներին, գործելաոճին: Սա այն բացն է,  որի ուղղությամբ պետք է աշխատեն ոչ միայն կուսակցականները, այլեւ՝  երկիրը հարգող հանրությունը, մտավորականությունը: 

 

«Եթե ուզում ենք ապրել այս տարածաշրջանում, ունենալ զարգացող երկիր, բնականաբար, պետք է ցանկացած ոք ծանոթ լինի իր ազգային կուսակցության գաղափարներին, նրա կենսագրությանը»,- ասում է Վահրամ Բալայանը:

 

Պատմում է, որ երբ սկսվեց  Արցախյան շարժումը, աշխատում էր Երևանում, հայենակիցների հետ մասնակցում էր հանրահավաքների կազմակերպման աշխատանքներին, Ղարաբաղին օգնելու հարցերին էր օժանդակում: Այդպես էլ սկսեց ներգրավվել թե՛ ազգային -ազատագրական շարժմանը , թե՛ պետականության ձեւավորմանը:

 

«Բնականաբար, միայնակ  անձն այդ ամենը լիարժեք  անել չի կարող, քանզի անհրաժեշտ է լինել համախոհների մի շրջանակում, որոնց հետ  միասին կկարողանաս ճանապարհ անցնել, գործել: Ես վստահ էի, որ այդ ուժն ինձ համար կարող է լինել միայն  Դաշնակցությունը, եւ 1991-ին անդամագրվելով նրան՝ առ այսօր իմ հնարավորությունների  սահմաններում փորձում եմ Դաշնակցությանն օգտագործել մեր պետականության  կայացման համար, մյուս կողմից էլ, իմ կարողությունների չափով, կյանքի այսօրվա պահանջներից ելնելով՝ ձգտում եմ կուսակցությունը կազմակերպական տեսանկյունից ավելի ամրապնդել,- ասում է նա ու շեշտում,- քանի որ ՀՅԴ-ն  124 տարեկան է,  հետևաբար՝ կյանքի նոր հրամայականին պետք է  համաքայլ  քայլել: Ես գտնում  եմ, որ ամեն մի սերունդ իր ներդրումը պետք է ունենա կուսակցության կազմակերպական, կառույցը հզորացնելու, նոր լիցք հաղորդելու գործում…»:

 

Վահրամ Բալայանն այսօր աշխատում է 2 գրքերի հրատարակման ուղղությամբ՝ «Շուշիի տեղն ու դերը հայոց քաղաքակրթական համակարգում», «Արցախահայության մասնակցությունն Արեւմտյան Հայաստանի ազատագրման գործում 19-րդ դարի վերջին եւ 20-րդ դարի սկզբին»: Միաժամանակ  նա  աշխատանքներ  է  տանում նաեւ 1991 թվականի սեպտեմբերի 2-ի նշանավոր նիստի փաստաթղթերի ժողովածուի ուղղությամբ: 

 

«Ինձ  սրտամոտ  են երկու գրքեր՝ «Արցախի պատմությունը հնադարից  մինչև մեր օրերը», որը թարգմանվել է նաեւ անգլերեն, ու բավականին պահանջարկ ունի թե՛ արտասահմանում, թե՛ այստեղ, ինչպես նաեւ  «Ազատագրության ու պետականության համար պայքարի դրսեւորումներն Արցախում   1813 թվականից մինչեւ մեր օրերը» մենագրությունը»,- ասում է նա:

 

Խոսելով  ԼՂՀ-ում գիտության այսօրվա վիճակի եւ առհասարակ զարգացումերի մասին՝ պրոֆեսորը նշում է, որ այսօր անսպառ հնարավորություն կա, որպեսզի գիտնականն իրեն դրսեւորի մանավանդ կիրառական, բնագիտական  գիտությունների բնագավառներում : Այդ ասպարեզում անելիքները շատ են: Ավելին՝ այսօր բարձրակարգ մասնագետները կարող են իրենց վաստակով իրենց տունը պահել:

 

«Այսքանով հանդերձ, ՀՀ-ում և  ԼՂՀ-ում պատշաճ ուշադրություն չի դարձվում  կրթությանն ու  գիտությանը: Ես հասկանում եմ,  որ մենք ունենք մի շարք կարեւոր խնդիրներ, սակայն քանի որ մեր երկիրը չունի բնական մեծ պաշարներ, բայց մյուս կողմից էլ ժողովուրդը գենետիկ հակվածություն ունի դեպի կրթությունն ու գիտությունը, ուստի պետք է մեծ ուշադրություն դարձնել այս բնագավառներին»,-համոզված է պատգամավորը:

 

Նա վստահ  է, որ այն երկրները, որոնք ներդրումներ են ունեցել այս բնագավառներում, բավական լավ արդյունքներ են ունեցել: Գիտությունը,  վերջիվերջո, նյութականանում,  դառնում է տնտեսություն, արտաքին քաղաքականություն, մշակութային զարգացման հնարավոր պայմաններ է ստեղծում: Նրա հավաստմամբ՝  այս բնագավառում մենք թերացումներ ունենք եւ շատ  աշխատանքներ կան անելու:

 

Վահրամ Բալայանը նշում է՝  մեր բյուջեից գիտությանն ու կրթությանը տրամադրվող գումարներով հնարավոր չէ զգալի նվաճումների հասնել: Այս բնագավառը չի կարող զարգանալ առանց լուրջ ներդրումների:

 

«Կարծում եմ՝ մեր ապագա ԱԺ-ն այս բանգավառում մեծ անելիքներ ունի: Պատահական չէ, որ Դաշնակցությունն իր ծրագրի առաջին կետը հենց դրանով է սկսել : Սա անչափ անհրաժեշտ է եւ առանց դրա հնարավոր չէ ապահովել մեր զարգացումը»,- շեշտում է նա:

 

Պատասխանելով  հարցին, թե ինչպե՞ս է վերաբերում ոմանց մոտ արմատավորված այն տեսակետին, որ  Դաշնակցությունը միայն պատերազմի կուսակցություն է, Վահրամ Բալայանը նշեց. «Քանի որ Դաշնակցությունն ազգային կուսակցություն է, նրա Ծրագիրը, գործելաոճը նպատակաուղղված է իր ազգն իր հայրենիքում պահելուն,  պետականություն ունենալուն եւ զարգացնելուն: Մենք դարերի ընթացքում ազատ չենք եղել, պետականություն չենք ունեցել, իսկ ազատությունն ու պետությունը սկուտեղի մեջ ոչ ոք  չի մատուցում: Ոչ մի ժողովուրդ առանց արյան եւ քրտինքի ձեռք չի բերել այն. այն ձեռք է բերվում պայքարի արդյունքում: Հետեւաբար՝ Դաշնակցությունն այդ ուղղությամբ է պայքարել: Եւ պատահական չէ, որ ՀՀ առաջին հանրապետության հիմնադիրները եղել են դաշնակցական գործիչներ,  որոնք, չունենալով ոչինչ, ստեղծել են պետականություն»:

 

Շարունակելով միտքը՝  Վ. Բալայանը նշեց, որ Առաջին Հանրապետության հիմքերի վրա էլ ստեղծվել է Խորհրդային Հայաստանը, այնուհետեւ՝ մեր Երրորդ Հանրապետությունը, որում Դաշնակցությունն իր դերակատարությունն է ունեցել: ԼՂՀ հեղինակը, ժողովրդի հետ միասին, հենց Դաշնակցություն կուսակցությունն է:  Պատահական չէ, որ ԼՂ ազգաբնակչությունն իր ճակատագիրը, իր պետականությունը կերտելու դերակատարությունը 1980 թվականների վերջին և 90-ականների վեջին հանձնել էր Դաշնակցությանը: Դաշնակցությունը, կանգնած լինելով ԼՂՀ կազմավորման ակունքներում, ժողովրդի հետ միասին իր երկրի առաջին առաջնորդ է տեսել դաշնակցական Արթուր Մկրտչյանին: 

 

«Դաշնակցությունը մշտապես պայքարել է նրա համար, որ հայ ժողովուրդն ապահով ապրի իր երկրում, որպեսզի հանրությունը կարողանա պահպանի իր ազգային հպարտությունը: Այսօր մարտահրավերներն ուրիշ են: Իհարկե, պատերազմը դեռ շարունակվում է, սակայն թիկունքում կան բազում այլ հարցեր: Հենց այստեղ է, որ Դաշնակցությունն անելիք ունի եւ մյուս կուսակցություններին մրցակցության է հրավիրում»,- ասաց նա:

 

Այն կարծիքը, որ իբր Դաշնակցությունը կարող է միայն մարտի դաշտում գործել, չի համապատասխանում իրականությանը: Նա ընդգծեց, որ Դաշնակցությունն ապագայի կուսակցություն է և պատահական չէ, որ նա էլ հենց այսօր դառել է բազում տնտեսական,սոցիալական,մշակութային ծրագրերի հեղինակ:

 

Արհեստավաժ խորհրդարան ունենալը Վ. Բալայանն անհրաժեշտություն է համարում:

 

«Արցախում օրենսդիր, գործադիր եւ դատական թեւերի բաժանումը լիարժեք չի կատարված: Արհեստավարժ խորհրդարանի գոյության դեպքում, կարծում եմ, հակակշռությունների մեխանիզմը կսկսի ավելի արդյունավետ աշխատել, մյուս կողմից՝ մրցակցություն կլինի խորհրդարանում եղած խմբակցությունների միջեւ»,-առանձնացնում է նա:

 

Նա գտնում է, որ ԼՂՀ ԱԺ ընտրություններին Դաշնակցության առաջարկած «Խաղաղություն,արդարություն,աշխատանք» կարգախոսը հենց բնութագրում է այդ քաղաքական ուժին:

 

Արմինե ՆԱՐԻՆՅԱՆ

 

1