Արայիկ Հարությունյանը և Կարեն Կարապետյանը այցելել են ուսումնական հաստատություններ և ձեթի գործարան
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » Արայիկ Հարությունյանը և Կարեն Կարապետյանը այցելել են ուսումնական հաստատություններ և ձեթի գործարան

Արայիկ Հարությունյանը և Կարեն Կարապետյանը այցելել են ուսումնական հաստատություններ և ձեթի գործարան

ԱՀ պետական նախարար Արայիկ Հարությունյանի և ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած պատվիրակությունները դեկտեմբերի 16-ին այցելել են մի շարք ուսումնական հաստատություններ և արտադրական ձեռնարկություններ:

Հյուրերին Եզնիկ Մոզիյան արհեստագործական ուսումնարանում ներկայացրել են շինարարության և հարակից ոլորտներում ուսանողների համար ստեղծված տեխնիկական հնարավորությունները, ինչպես նաև՝ ֆրանսիական մոդելով աշխատող դասավանդման մեթոդաբանությունը: Շուշիի տեխնոլոգիական համալսարանում պատվիրակությունը ծանոթացել է կրթօջախի ձեռքբերումներին և նյութատեխնիկական բազային, այդ թվում՝ կիրառական նշանակության գիտահետազոտական լաբորատորիաներում կատարվող աշխատանքների արդյունքներին:

Ծանոթանալով արհեստագործական ուսումնարանի և տեխնոլոգիական համալսարանի պայմաններին՝ երկու հանրապետությունների պետական այրերը կարևորել են կիրառական ուղղվածություն ունեցող կրթական այդ օջախների դերն Արցախի տնտեսության և կրթական համակարգի զարգացման գործում:

Ա. Հարությունյանը շեշտադրել է, որ կառավարությունը մեծ պատասխանատվություն է դրել այդ երկու նորաստեղծ կրթական հաստատությունների վրա՝ ծրագրելով աստիճանաբար բարձրացնել դրանց դերը որակյալ մասնագետների պատրաստման և կիրառական հետազոտությունների իրականացման հարցում:

Պատվիրակություններն այնուհետև այցելել են Թաղավարդ գյուղում գործող «Ռեպսիդ» ձեթի գործարան, որտեղ նրանց են ներկայացվել 2007 թվականից գործող արտադրամասի հնարավորություններն ու արտադրատեսակները: Ձեռնարկությունն արցախյան մաքուր հումքով արտադրում է  արևածաղկի, հլածուկի ու կտավատի ռաֆինացված և չռաֆինացված ձեթ, և ընթացիկ տարում դրա համախառն արտադրանքն անցել է 2200 տոննան:

Պետնախարարը բարձր է գնահատել ընկերության դերակատարումն Արցախի վերամշակող արդյունաբերության զարգացման և տեղական հումքի իրացման գործում: Ա. Հարությունյանը, շեշտադրելով ձեռնարկության արտադրանքի էկոլոգիապես մաքուր լինելու հանգամանքը, նշել է, որ Արցախի կառավարությունը խրախուսում է նման արտադրությունների զարգացումը, ինչը ռազմավարական նշանակություն ունի հասարակության կողմից սպառվող սննդի անվտանգության ապահովման հարցում:

1