Ավգյան ախոռների մաքրման հերթական մեկնարկ Եվրոպայում
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » Ավգյան ախոռների մաքրման հերթական մեկնարկ Եվրոպայում

Ավգյան ախոռների մաքրման հերթական մեկնարկ Եվրոպայում

Ու՞մ չէ հայտնի, որ աղբազերծման այդ գործընթացն առաջին անգամ մեկնարկել է հինավուրց Հելլադայում՝ Ավգիաս արքայի բարձիթողի մատնված աղբակուտակ ախոռներում։ Խնդիրը, ինչպես գիտեք, այն ժամանակ լուծվել է հունական դիցարանի հերոս Հերկուլեսի ջանքերով, ով մեկ օրում մաքրել է դրանք՝ այնտեղ ուղղելով Ալփեոս և Պինոս գետերի ջրերը։

Եվ ահա մաքրազտման այդ գործողությունը հազարամյակներ անց, հերթական անգամ իրականացվեց բառացիորեն վերջերս, միջազգային երկու կառույցում համաժամանակ՝ ՄԱԿ-ի կրթության, գիտության ու մշակույթի կազմակերպությունում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ում և ԵԽ Խորհրդարանական վեհաժողովում։ Ընդ որում, զարմանալի զուգադիպությամբ, ինչպես հին աշխարհի հսկա Հերկուլեսին վերագրվող այդ առասպելի ժամանակ էր՝ դարձյալ մեկ օրում։ Ուշագրավ է նաև, որ եթե անհիշելի այն ժամանակներում խոսքը վերաբերում էր ընդամենն արքայական երամակի աղտեղանքի հեռացմանը, ապա այս անգամ խնդիրն առավել ընդհանրական է, կարելի է ասել՝ համաշխարհային նշանակության. այն է՝ ադրբեջանական ՙխավիարային քաղաքականության՚ կամ վերջին շրջանում միջազգայնորեն շրջանառվող մեկ այլ բնորոշմամբ՝ ՙադրբեջանական լվացքատան՚ անդուրալի հոտ արձակող թափոններից աշխարհի ձերբազատմանը։ Այո, ոչ այլ կերպ։ Հենց այդպես։

Ահավասիկ, հոկտեմբերի 10-ին Փարիզում ձախողվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի պաշտոնում Ադրբեջանի ներկայացուցիչ, Ռուսաստանում այդ երկրի արտակարգ և լիազոր դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուի ընտրությունը։ Լրահոսի տեղեկատվությամբ՝ քվեարկության առաջին փուլում միջազգային այդ կառույցի գործադիր կոմիտեի 58 անդամ-երկրներից միայն երկուսն է իր քվեն տվել ադրբեջանցի երգիչ-դիվանագետի թեկնածության օգտին։ Ինչ խոսք, դժվար չէ կռահել, թե ինչ երկրներ են դրանք։  Որևէ կասկած չի հարուցում, որ առաջինը հենց Ադրբեջանն է, ով շատ էր ուզում միջազգային այդ բարձր հարթակում առաջին դեմքի կամ խմբավարի պաշտոնում կարգել յուրայինին։ Թեկուզ Բաքվի համար Բյուլբյուլօղլուից էլ ոչ պակաս յուրային էր այդ կազմակերպության նախորդ՝ 11-րդ գլխավոր տնօրենը՝ Բուլղարիայի ներկայացուցիչ Իրինա Բոկովան, ով այդ պաշտոնում 2009թ. ընտրվելուց ի վեր իրեն համարում է Ադրբեջանի առաջին տիկին, իսկ ներկայումս նաև առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևայի մտերիմ ընկերուհին։ Բայց ահա բուլղարացի մեր գրչակիցների լրագրողական հետաքննության արդյունքում պարզվել է, որ այդ մտերմությունից, բառիս բուն իմաստով, մազութի հոտ է փչում, ինչի արդյունքում տիկին Բոկովան հանկարծակի հարստացել է։ Բուլղարական bivol.bg էլեկտրոնային կայքը դեռևս անցյալ տարվա հունվարի 9-ին հոդված էր հրապարակել՝ տեղեկացնելով, որ նա Նյու-Յորքի Մանհեթթեն թաղամասում տիրապետում է  ավելի քան երեք միլիոն դոլարի անշարժ գույքի։ Այդ անշարժ գույքը, որ երեք բնակարան է կազմում, ձևակերպված է անձամբ Բոկովայի, իր ամուսնու և որդու անուններով։ Նրա հաճախակի այցերը Բաքու և շռայլ դրվատանքները Ալիևների ընտանիքի և, առանձնապես, Մեհրիբան Ալիևայի հասցեին, ավելին՝ ակնհայտ թուրքամետ մոտեցումը տարածաշրջանի պատմամշակութային հուշարձաններին ու ոչ նյութական արժեքներին, անկասկած լավագույնս վկայում են, թե ինչ միջոցների հաշվին է ՅՈՒՆԵՍԿՕ-ի բուլղարացի ղեկավարը ձեռք բերել այդ բնակարանները։ Ասում են նաև, որ այդ պաշտոնում իրեն փոխարինողի դերում նա տեսնում էր հենց Մեհրիբան Ալիևային, ում իր իսկ նախաձեռնությամբ է ժամանակին շնորհվել միջազգային այդ կառույցի Բարի կամքի դեսպանի կոչումը։

Բայց երևի թե այլ բան է օտարազգի յուրայինը, այլ բան՝ ազգակիցը։ Մանավանդ, այնպիսի ազգակիցը, ում քանիցս փորձություն անցած հավատարմությունն ալիևյան վարչախմբին սահմաններ չի ճանաչում։  Պատահական չէ, որ Բաքուն և Անկարան եռանդուն ջանքեր էին գործադրում ՅՈՒՆԵՍԿՕ-ի հերթական՝ 12-րդ գլխավոր տնօրենի պաշտոնում Բյուլբյուլօղլուին կարգելու ուղղությամբ և, որոշ տեղեկություններով, կարծես թե ահագին աշխատանք էին կատարել հարկ եղած թվով քվեների ապահովման համար։ Համաձայն շրջանառվող տվյալների՝ այդ երանելի դիրքը գնելու նպատակով Բաքուն դույզն իսկ չի ափսոսացել ծախսելու ոչ պակաս, քան 10 մլն նավթադոլար։ Երկրորդ քվեն, կարելի է ենթադրել, տվել է Թուրքիան, ինչը միանգամայն հասկանալի է մեզ համար, հիմք ընդունելով ՙՆմանը զնմանը կսիրե՚ հայկական հին իմաստությունը, և կամ, որքան էլ առաջին հայացքից տարօրինակ թվա,  Ռուսաստանը։ Վերջինս, ինչպես հայտնի է, նախապես քանիցս հայտարարել էր իր այդ կողմնորոշման մասին՝ երկրագնդի անխտիր բոլոր, այդ թվում՝ Ռուսաստանի  ժողովուրդների պատմամշակութային ու գիտակրթական արժեքների բացահայտման, անխաթար պահպանման և գալիք սերունդներին փոխանցման համալիր խնդիրների ճակատագիրը հակված լինելով վստահել Մոսկվայում Ադրբեջանի դեսպանին։ Մի մարդու, ում անմիջական մասնակցությամբ անցած դարավերջին և նոր դարասկզբին Ադրբեջանում վայրագորեն, բարբարոսական մոլուցքով կամ ոչնչացվել և կամ յուրացվել են բնիկ ազգային հավաքականությունների՝ հայերի, լեզգիների, ավարների, ցախուրների, թալիշների և այլոց պատմամշակութային արժեքները։ Մի մարդու, ով, թութակի պես անդադար կրկնելով երկրի նախագահի հոխորտանքները, ադրբեջանական հանրությանը շարունակաբար արյունահեղ պատերազմի է հրահրում մարդկային քաղաքակրթության հիմնասյուներից մեկի՝ հայ ժողովրդի և, առանձնապես, նրա արցախյան հատվածի դեմ։

Այնուամենայնիվ, քվեարկության արդյունքում Ադրբեջանի այդ վայ-մշակութաբան-դիվանագետը ձեռք բերեց այնքան քվե, ինչքանին իրականում արժանի է թե ինքը և թե իր երկիրը՝ ամբողջությամբ։ Ըստ երևույթին, միջազգային հանրությունը, ինչքան էլ մեզ արտաքուստ թվա, թե թմբիրի մեջ է, միևնույնն է, ամենևին էլ լեթարգիական քնի մեջ չէ։ Եվ ահավասիկ՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ախոռը մաքրվեց ադրբեջանական աղտեղանքից. Բյուլբյուլօղլին ստիպված էր քվեարկության երկրորդ փուլում հանել իր թեկնածությունը՝ թոնթորալով, թե իրեն ՙքցել են՚, քանզի, իր իսկ խոսքով ասած՝ ՙԱյն աջակցությունը, որ նախընտրական քարոզարշավի ընթացքում արտահայտում էին ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործադիր կոմիտեի շատ անդամներ, հաջողության հույսի հիմք է հանդիսացել՚։ Եթե փորձենք ստուգաբանել այդ թոնթորանքի ենթատեքստը, ապա դժվար չէ կռահել, որ այդ նպատակով Բաքվի տված կաշառքները գործադիր կոմիտեի շատ անդամներ բառիս բուն իմաստով կերել-ուրացել են։

Հայկական առածն ասում է. ՙՉկա չարիք առանց բարիքի՚։ Արդյոք, բարի՞ք չէ, որ Բյուլբյուլօղլուի այդ ձախողմամբ աշխարհի ժողովուրդներն այդպիսով իսկ, կարելի է հուսալ, անդարձ ձերբազատվեցին իրենց ազգային պատմամշակութային և ոչ նյութական արժեքներն ադրբեջանական հանգի հոշոտվելու, խեղաթյուրվելու հեռանկարից։ Ու թե ո՞վ կընտրվի ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի պաշտոնում՝ քվեարկության հաջորդ փուլ անցած Քաթարի, Ֆրանսիայի, թե Եգիպտոսի ներկայացուցիչը, երևի թե այնքան էլ էական չէ՝ բարեբախտաբար այս անգամ առողջ բանականությամբ առաջնորդված միջազգային հանրության այդ ողջամիտ քայլի համեմատ։

Ավգյան ախոռներից աղբահանման նույն այդ պատկերն էր հոկտեմբերի 10-ին տիրում նաև Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) աշնանային նստաշրջանում, միջազգային հեղինակավոր կառույց, որի գլխին դամոկլյան սրի պես կախվել էր կոռուպցիայի աղտում լիովին թաղվելու վտանգը։  Ի դեպ, անցած գրեթե յոթ տասնամյակում մեկ անգամ չէ, որ աղտն այդ ուրվականի պես պտտվել է Եվրոպայի պալատի  գլխավերևը, ինչի մասին այսօր էլ հստակ են հիշում Վեհաժողովի հնաբնակները։ Բայց ահա այդ հոռի երևույթի վերջին տարիների աղմկահարույց բնութագրիչները, որոնք հասու են դարձել  միջազգային հանրությանը, առնչվում են հիմնականում Ադրբեջանի հետ։

Ինչպես հայտնի է, հիմք ընդունելով այդ ամենը, ԵԽ խորհրդարանական վեհաժողովն այս տարվա  իր գարնանային նստաշրջանի հերթական՝ ապրիլյան 25-ի լիագումար նիստում որոշում էր կայացրել հետաքննել Ադրբեջանի հետ կապված կոռուպցիոն գործարքները:  Բանն այն է, որ բացահայտվել էին Վեհաժողովի որոշ ներկայացուցիչների` Ադրբեջանի կառավարությունից կաշառք վերցնելու իրողություններ:

Հիմնավորված մեղադրանքների թիրախ էր դարձել նաև Վեհաժողովի նախագահ, իսպանացի Պեդրո  Ագրամունտը, ով այդ պաշտոնում ընտրվել էր անցյալ տարվա հունվարին՝ առաջադրված լինելով իր իսկ գլխավորած Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) քվոտայով։ Հայտնի է, որ նա  Եվրոինտեգրման կողմնակից է,  սատարում է Ուկրաինային և Ադրբեջանին,  հաճախակի հանդես է գալիս հակառուսական և հակահայկական հայտարարություններով, առաջինին՝ Ղրիմի, երկրորդին՝ Արցախի առնչությամբ։

Հիմնական մեղադրանքը, որ գարնանային նստաշրջանում հնչել է նրա հասցեին, կապված էր Ագրամունտի՝ որպես ԵԽԽՎ նախագահ  Սիրիա կատարած այցի հետ, որ նա իրականացրել է առանց Վեհաժողովին և կամ նրա Բյուրոյին նախապես տեղյակ պահելու։ Միևնույն ժամանակ, նրա անունը քանիցս հնչել է Ադրբեջանի կողմից Վեհաժողովի անդամներին կաշառելու վերաբերյալ լրագրողական հետաքննություններում: Մարդու իրավունքների պաշտպանները քննադատում էին Ագրամունտի կապվածությունն Ադրբեջանի կառավարության հետ՝ շեշտելով, որ նա  բազմիցս աչք է փակել այնտեղ մարդու իրավունքների ոտնահարման անժխտելի իրողությունների վրա:

Բայց հատուցումը երկար սպասեցնել չտվեց։ Ինչպես ասում են՝ շաբաթն ավելի շուտ եկավ, քան ուրբաթը։ Վեհաժողովի գարնանային նստաշրջանի բացման օրը՝ ապրիլի 24-ին, պատգամավորներն Ագրամունտին հեռացրին  դահլիճից՝ թույլ չտալով նախագահել նիստը։ Նրան թույլատրել են ընդամենը մեկ ժամով նախագահել միայն ապրիլի 27-ի նիստը, երբ Վեհաժողովում ելույթով պետք է հանդես գար Իսպանիայի թագավոր Ֆիլիպ 6-րդը։ Սակայն այդ վերապահումը նույնպես չեղյալ հայտարարվեց, և իսպանական թագավորը, ով Ստրասբուրգ էր ժամանել նրա իսկ՝ Ագրամունտի հրավերով, ելույթ ունեցավ հրավիրող կողմի բացակայությամբ։

Ի սկզբանե պարզ էր, որ ԵԽԽՎ նախագահի պաշտոնում Պեդրո Ագրամունտի մնալ-չմնալն օրերի հարց է։ Իր հրաժարականի մասին նա խոստացել էր հայտնել նստաշրջանի ավարտից երկու օր անց՝  ԵԽԽՎ բյուրոյի Պրահայի նիստում, քաղաքական խմբերի հետ նախնական խորհրդակցություններ անցկացնելուց  հետո։  Սակայն նա խուսափեց մեկնել Պրահա՝ ներկայացնելու իր հրաժարականը։ Վեհաժողովի բյուրոն իր նիստում ստիպված էր անվստահության քվե հայտնել նրան։ Բացի այդ, Բյուրոն ընունել էր որոշում, համաձայն որի՝ Ագրամունտը  լիազորված չէ կատարել որևէ պաշտոնական այց, ներկա գտնվել ցանկացած խորհրդակցության և կամ Վեհաժողովի անունից՝ որպես նրա նախագահ, հանդես գալ հրապարակային հայտարարությամբ։ Եվ ահա վերջապես, ամիսներ անց,  Վեհաժողովի աշնանային նստաշրջանի մեկնարկից չորս օր առաջ, կոնկրետ՝ հոկտեմբերի 6-ին, Պեդրո Ագրամունտը, ենթարկվելով պատգամավորների գերակշիռ մեծամասնության պահանջին, ստիպված եղավ պաշտոնապես հրաժարական տալ զբաղեցրած պաշտոնից։

Ինչպես ասում են՝ սուրբ տեղը դատարկ չի մնա։ Եվ հոկտեմբերի 10-ին, քվեարկության երրորդ փուլի արդյունքներով, համալրվեց նաև ԵԽ խորհրդարանական վեհաժողովի նախագահի թափուր պաշտոնը։  Հավաքելով 132 քվե՝ այն զբաղեցրեց Կիպրոսի Հանրապետության պատվիրակության ղեկավար, պատգամավոր, Վեհաժողովում ԵԺԿ խմբի  անդամ Ստելլա Կիրիակիդեսը, ի դեպ, ում թեկնածության օգտին քվեարկել էր նաև Հայաստանի պատվիրակությունը։ Նրանից շատ ավելի քիչ՝ 191-ից ընդամենը 84 պատգամավորական ՙկողմ՚ ստացավ քվեարկության երրորդ փուլում նույն կուսակցական խմբից նրա միակ մրցակից՝ լիտվացի Էմեանուելիս Զնիգերիսը, ում, դարձյալ՝ ի դեպ,  Վեհաժողովի նախագահի պաշտոնում տեսնելու համար ջանք ու եռանդ չէին խնայում ադրբեջանական և թուրքական պատվիրակությունների ներկայացուցիչները:

Անշուշտ, կարելի է պատկերացնել Բաքվին ու Անկարային համակած խորը ափսոսանքն ու, մանավանդ, վրդովմունքը ողջամիտ բանականության Հերկուլեսի վարմունքից, որ ընդամենը մեկ օրվա ընթացքում՝ հոկտեմբերի 10-ին, համաժամանակ մաքրազատելով վիթխարի աղբակուտակի վերածվող ՅՈՒՆԵՍԿՕ-ն ու ԵԽ խորհրդարանական վեհաժողովը, խստիվ արգելեց նրանց հետագա բոլոր աղբանետումները։ Միևնույն ժամանակ, հուսանք, որ ներկա և գալիք սերունդները երբևէ հայացք տածելով այդ երկու միջազգային կառույցներին, այլևս առիթ չեն ունենա կրկնելու մարդկության մեծագույն հանճարներից Վիկտոր Հյուգոյին. «Ամեն ինչ պղծված է և ավերված, այստեղով թուրքն է անցել»:

Հ.Գ.— Հոդվածը պատրաստ էր տպագրության, երբ հայտնի դարձավ, որ հոկտեմբերի 13-ին՝ քվեարկության 5-րդ փուլի արդյունքներով, ստանալով 30 ՙկողմ՚ ձայն, ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի պաշտոնում ընտրվել է Ֆրանսիայի մշակույթի նախկին նախարար, 45-ամյա  Օդրե Ազուլեն։ Շնորհավոր։

Միքայել Հաջյան

Քաղաքական վերլուծաբան

1