Աստված միշտ մի դուռ բացում է. հայ ժողովրդի համար այդ դուռը Դաշնակցությունն է
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Աստված միշտ մի դուռ բացում է. հայ ժողովրդի համար այդ դուռը Դաշնակցությունն է

Աստված միշտ մի դուռ բացում է. հայ ժողովրդի համար այդ դուռը Դաշնակցությունն է

Ընթերցողի ուշադրությանն ենք ներկայացնում ՀՅԴ անդամ, Ասկերանի շրջանի Պատարա գյուղի միջնակարգ դպրոցի նախկին տնօրեն, ապա՝ ՀՅԴ Արցախի ԿԿ պաշտոնաթերթի խմբագիր, ներկայումս Գնահատման եւ թեստավորման կենտրոնի պատմության մասնագետ, Հայ օգնության միության անդամ, ասել է թե՝ հոգով ու մտքով հայուհի Ռիտա Մնացականյանի հետ մեր թղթակցի հարցազրույցը:

 

— Ասկերանի շրջանում Դուք  առաջին կին դաշնակցականն եք: Ինչպե՞ս որոշեցիք մտնել կուսակցության շարքերը եւ ինչու՞ հենց Դաշնակցությունն ընտրեցիք:

 

— Դաշնակցությունն իմ հավատամքն է: Դաշնակցության հանդեպ իմ հետաքրքրությունը սկսվել է մանկությունից:

 

Անչափ հետաքրքրասեր երեխա եմ եղել եւ տատիկներիս միշտ ստիպել եմ պատմել իրենց կյանքի պատմությունները: Իսկ նրանց կյանքը 19-րդ դարի վերջի եւ 20-րդ դարի առաջին կեսի հայ ժողովրդի պատմության խտացումն էր: Նրանք տեսել էին 1905-17 թվականների երեք հեղափոխությունները, հայ- թաթարական ընդհարումները, Բաքվի եւ Շուշիի կոտորածները, 1-ին եւ 2-րդ համաշխարհային պատերազմները:

 

Եւ այդ ամենի ֆոնին մի խումբ հայրենասեր տղաների կողմից հայրենիքի պաշտպանության մասին նրանց պատմածները հեքիաթ էին թվում ինձ: Նրանք հավաստում էին, որ եթե այդ քաջ, խիզախ, ազգասեր, հայրենասեր տղաները չլինեին, թուրքերը հիմա վաղուց մեզ կոտորած կլինեին: Տատս առանձնակի հիացմունքով էր խոսում նրանց ղեկավարի՝ Մայիլի մասին, որին, ավաղ, հայ դավաճանների օգնությամբ սպանեցին Շուշիից եկած թուրքերը:

 

Տատիկիս պատմածներից ոգեւորված՝ ավագ քույրս շարադրություն գրեց Մայիլի եւ նրա ընկերների մասին եւ ինչպես ասում են՝ քոռ ու փոշման այն հետ բերեց տուն. Դպրոցում նրան խիստ արգելեցին գրել եւ խոսել այդ մասին: Եւ իմ խիստ զարմացած ինչու՞ հարցին տատս պատասխանեց, որ Մայիլը դաշնակ էր եւ իմ մանկական ուղեղում ընդմիշտ տպվեց երկու բան: Մեկը՝ որ դաշնակները քաջ, ազգասեր ու հպարտ մարդիկ են եւ երկրորդ՝ նրանց մասին չի կարելի խոսել: Եւ իսկույն ծնվեց՝ բայց ինչու՞: Հետո ես այդ հարցի պատասխանը փնտրեցի իմ ամբողջ կյանքում եւ այդ որոնումի արդյունքն իմ անդամակցությունն է ՀՅԴ-ին:

 

Ինստիտուտում հայոց պատմություն չենք անցել: Դրա փոխարեն անցնում էինք «Ադրբեջանի պատմություն» շինծու առարկան: Դասախոս, լուսահոգի Սահիյանը դասաժամին 90-րոպեից 20 րոպեն հատկացնում էր Ադրբեջանի պատմությանը՝ պարտադիր գրել տալով (այն անձամբ ստուգվում էր «ադրբեջանցի» պրոռեկտորի եւ դեկանի կողմից), մնացած 70 րոպեն ցածր ձայնով պատմում էր այդ ժամանակաշրջանի հայոց պատմությունը:  Այդ տարիներին հայոց պատմություն սովորել եմ մարզային ընթերցասրահում՝ ԳԱ 8- հատորյակով: Բայց այդ գրքերն անգամ ինձ հուզող շատ հարցերի պատասխանները չտվեցին:

 

Ուսանողության տարիներին մի քանի ընկերներով արգելված երգեր էինք լսում, արգելված գրքեր կարդում: Հովհաննես Շիրազի «Ղարաբաղի ողբը» անգիր գիտեինք: Աստիճանաբար ինքս ինձ համար պարզում էի պատմական ճշմարտությունը: Արցախյան շարժումը հնարավորություն տվեց լրացնելու մեր պատմության սպիտակ էջերը:

                                                                                                                                  

— Ասում են՝ կինն ու քաղաքականությունն  անհամատեղելի են. Դուք կիսու՞մ եք այդ տեսակետը, թե՞ գտնում եք, որ կինը նաեւ քաղաքական ասպարեզում կարող է լուրջ հաջողությունների հասնել:

 

— Ընդհանրապես հասարակական գործունեությամբ զբաղվելը գալիս է երեւի իմ էությունից: Դպրոցում 5-րդ դասարանից արդեն պիոներական կազմակերպության ղեկավար եմ եղել՝ դրուժինայի խորհրդի նախագահ, 7-րդ դասարանից՝ կոմերիտական կազմակերպության քարտուղար: Ինչ կոլեկտիվում սովորել կամ աշխատել եմ, ստացվել է այնպես, որ միշտ ինչ-որ հասարակական աշխատանք եմ կատարել: Իսկ քաղաքականությունը միշտ հետաքրքրում էր ինձ: Հիշում եմ՝ դպրոցում մեր ժամանակներում քաղինֆորմացիայի ժամեր կային: Ես մշտապես վարում էի այդ ժամերը ոչ միայն մեր դասարանի, այլեւ ամբողջ դպրոցի համար: Իսկ իմ ընտրած մասնագիտությունը խորացրեց  հետաքրքրությունս քաղաքականության հանդեպ:

 

Ասում են՝ այս աշխարհում ինչ կատարվում է, կատարվում է կամ կանանց համար, կամ կանանց պատճառով: Այնպես որ՝ եթե անգամ կանայք քաղաքականությամբ չզբաղվեն, միևնույն է՝ ամեն ինչ պտտվում է նրանց շուրջը: Առանձին կանայք պատմության մեջ հսկայական դեր են կատարել : Կյանքն էլ ցույց է տվել, որ չկա մի այնպիսի աշխատանք, որ կինը չկարողանա իրագործել: Այսօր էլ կանայք պետություններ են ղեկավարում: Բայց ես գտնում եմ, որ կնոջ ամենամեծ կոչումը մայրությունն է , և այդ մեծագույն առաքելությանն էլ  նա ստորադասում է ամեն ինչ:

                                                                                                                                 

— Ձեր որոշումը հստակ էր եւ մնում էր այն կյանքի կոչել: Ինչպե՞ս հարթվեց այն ճանապարհը, որը Ձեզ բերեց կուսակցության շարքերը:

 

— 1988 թվականին մի խումբ հայաստանցիներ եկան եւ բնակություն հաստատեցին հարեւան Դահրավ գյուղում/ես ծնունդով Աստղաշեն գյուղից եմ/՝ այն շենացնելու նպատակով: Շուշան Աբրահամյանը նրանցից մեկն էր: Նա հաճախ էր ինձ այցելում, եւ մեր երկարատեւ զրույցները Դաշնակցության եւ ՀՕՄ-ի մասին էին լինում:

 

Պատարայում ստեղծվեց առաջին ինքնապաշտպանական ջոկատը՝ ընկեր Կարենի գլխավորությամբ: Խիզախ ու անձնուրաց տղաներ էին, ու բոլորն էլ երդում տվեցին՝ մտնելով Դաշնակցության շարքեր: Ես մտովի զուգահեռներ էի անցկացնում 20-րդ դարասկզբի եւ 20-րդ դարավերջի իմ աչքի առջեւ ֆիդայի դարձած  տղաների միջեւ.  նրանց միավորողը Դաշնակցությունն էր:

 

1991թվականին Հայաստանից մեր գյուղ էր եկել մի ջոկատ՝ գյուղը հարեւան ազերիներից պաշտպանելու համար: Նրանցից երեքը մի քանի օր մնացին մեր տանը: Իրենց մատաղ  կյանքը հայրենիքի ազատության զոհասեղանին դրած երդվյալ դաշնակցականներ էին: Դաշնակցությանն անդամագրվելու հարցը ինձ համար գոյություն չուներ, ես հոգով դաշնակցական էի: Բայց երդում տվեցի 1998թվականի հունվարի 14-ին: Մեր շատ ընկերներ բանտերում էին: Դաշնակցականները հետապնդվում էին իրենց  իսկ ազատագրած երկրում: Ես ուզում էի, որ ոչ միայն փաստերով, այլեւ՝ երդումով լինել նրանց կողքին: Բայց կուսակցական կոնկրետ գործունեություն սկսել եմ 1994 թվականից:

 

Պատանեկան բանակում Պատարայում, 1994թ

 

Աստիճանաբար սկսվեց վերարժեւորվել Դաշնակցության գործունեությունը: Բայց առ այսօր դժվար է մարդկանց մոտ փոխել կարծրատիպերը: Տասնյակ տարիներ պետական մակարդակով Դաշնակցությունը համարվում էր հակաժողովրդական, ապազգային, թշնամի կուսակցություն: Մանկապարտեզից սկսած՝ լվացվում էին մարդկանց ուղեղները: Դրան գումարենք նաեւ այն, որ այսօր էլ մի շարք կազմակերպությունների ու անհատների կողմից միտումնավոր կերպով վարկաբեկվում է կուսակցությունը: Եւ ինչքան խորանում եմ մեր պատմության մեջ, այնքան համոզվում եմ տատիս ասածի մեջ, որ մեզ բոլորիս կկոտորեին: Հիրավի, դժվար էր պատկերացնել, թե ինչ կլիներ, եթե 1918թ չկերտեինք  մեր պետականությունը, եթե չհաղթեինք Սարդարապատում: Ինչպես ասում են՝ Աստված միշտ մի դուռ բացում է: Եւ այդ բացված դուռը Դաշնակցությունն է:  

 

— Գիտենք, որ Դուք Արցախում ՀՅԴ երիտպատանեկան միությունների եւ բանակումների կազմակերպման նախաձեռնողներից եք եղել: Ե՞րբ եւ ինչպե՞ս տա տեղի ունեցավ:

 

 — Որոշում էր կայացվել ստեղծել  դաշնակցության պատանեկան  միություններ:

 

Հիշում եմ՝ ընկեր Սերգեյը կլոր սեղան էր կազմակերպել այդ կապակցությամբ: Ես այնտեղ հանդես եկա զեկույցով՝ «Ինչու՞ պետք է ստեղծել երիտպատանեկան կազմակերպություններ»: Ընկեր Վարուժն այն վերցրեց «Ալիք» թերթում տպելու համար:

 

Ընկեր Վարուժը Իրանից էր եկել եւ հիշում եմ՝ հանդիպեցինք 1994 թվականի դեկտեմբերին: Երեք հոգով ՝ընկեր Կարենը, Վարուժը եւ ես: Քննարկեցինք բանակումներ կազմակերպելու հարցը: 1994 թվականին դեկտեմբերին պատանեկան բանակում կայացավ Պատարա գյուղի դպրոցում (առաջին պատանեկան բանակումը՝ սկաուտական անվան տակ կայացել էր 1994թ. օգոստոսին՝ Աշան գյուղում, իսկ առաջին երիտասարդական բանակումը՝ 1993թ. մայիս-հունիս ամիսներին՝ Աշան «Աբունց չափար» տեղամասում): Ստիպված էինք համոզել դպրոցի տնօրենին: Իրավիճակը բարդ էր. չէ ո՞ր հենց այդ ժամանակ էր, որ Լեւոն Տեր- Պետրոսյանը հայտարարեց. «Դաշնակցությունը պետք է հեռանա»: Բանակումին հիմնականում մասնակցում էին Ստեփանակերտի համար 1 դպրոցի եւ մեր գյուղի դպրոցի աշակերտները:

                                                                                                                      

— «Ապառաժի» խմբագրակազմը շնորհավորում է Ձեզ Կանանց միամսյակի կապակցությամբ. ի՞նչ  կբարեմաղթեք հայ կանանց:

 

—  Ճիշտն ասած՝ նախընտրում եմ ապրիլի 7-ը: Այն իր հիմքում մեծ խորհուրդ ունի՝ Անահիտ աստվածուհու երկրպագությունը: Չպետք է մոռանալ, որ Հայոց հին հավատքը ազգային մեծ արժեք է եւ ապրիլի 7-ի տոնակատարությունը այդ արժեհամակարգի արժեւորման դրսեւորում է: Այն հին  քրիստոնեական տոն է՝ Ավետման օրը եւ վերջապես մեր պետական խորհրդանիշ համարվող տոներից մեկը:

 

Իսկ ժողովուրդը մարտի 8-ից ապրիլի 7-ը համարեց կանանց միամսյակ: Համարում եմ, որ հայ կինը սիրված ու մեծարված պետք է լինի տարվա բոլոր օրերին եւ եղանակին: Իսկ ամենամեծ բարեմաղթանքս է՝ խաղաղություն աշխարհին եւ կանանց հոգիներին:

 

Հարցազրույցը՝ Անի Ազատյանի

1