Առողջ եւ ամուր սերունդ՝ հզոր հայրենիք
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Առողջ եւ ամուր սերունդ՝ հզոր հայրենիք

Առողջ եւ ամուր սերունդ՝ հզոր հայրենիք

Արցախում գործող մի շարք մարզական ֆեդերացիաների կողքին հայտնվեց մարտարվեստի նոր՝ Վինգչունի եւ թայչիի ֆեդերացիա, որը պետականորեն հաստատվելով մարտ ամսում՝ սկսեց կյանքի կոչել մատաղ սերնդի առողջությանը, ֆիզիկական եւ մտավոր զարգացմանը նպաստող ժամանակահունչ ծրագրեր ու գաղափարներ: Արցախի Վինգչունի եւ թայչիի ֆեդերացիայի հիմնադիրն ու նախագահն է ՀՍԳԱ (Հայ սեւ գոտիների ակադեմիա) միջազգային կարգի ուշուի (սեւ գոտի) մարզիչ, ուշու-քունգֆու մարտարվեստի զանազան ոճերի գիտակ-մասնագետ Սայաթ Բաղդասարյանը: Նորաստեղծ ֆեդերացիայի պարապմունքների ընթացքից, նպատակներից ու առաջիկա ծրագրերից տեղեկացանք ֆեդերացիայի անդամ, վինգչունի ավագ խմբի փորձառու մարզիկ Շահեն Կարապետյանից:

-Շահե´ն, կներկայացնե՞ք՝ քանի մարզիկ է կոփվում նորաստեղծ ֆեդերացիայի ներքո եւ ի՞նչ տարիքային խմբեր կան:

-Այսօրվա տվյալներով ֆեդերացիայում կա 22 մարզիկ, բայց մարզիկների քանակը պարբերաբար ավելանում է, ինչը ողջունելի է: Նշեմ, որ ունենք մինչեւ 16 տարեկան մարզիկների խումբ, իսկ ավագ խումբը համալրում են 16 եւ բարձր տարիքի մարզիկներ:

-Կարո՞ղ եք պարզաբանել, թե ինչ նպատակ կա Վինգչունի եւ թայչիի ֆեդերացիայի հիմքում եւ ո՞ր տարիքն է հարմար պարապել սկսելու համար:

-Վինգչունը եւ թայչին ուշուի ավանդական ոճեր են, որոնք խոր արմատներ ունեն Չինաստանում, իսկ վինգչունը՝ նաեւ  Կորեայում, եւ որոնք լայն կիրառում ունեն ամբողջ աշխարհում: Կան բազմաթիվ հզոր դպրոցներ, որտեղ վինգչունը դասավանդվում է որպես արդյունավետ ինքնապաշտպանության միջոց: Վինգչունի հնարները տարբեր երկրներում օգտագործվում են ոստիկանության աշխատակիցների, հատուկջոկատայինների եւ բանակայինների նախապատրաստական զորավարժություններում: Արցախում եւս վինգչունը արդիական է: Արդեն յոթերորդ տարին է՝ այն դասավանդվում է հմուտ մարզիչ Սայաթ Բաղդասարյանի կողմից: Միավորվելով ֆեդերացիայում՝ նպատակ ունենք մարտարվեստի վինգչուն եւ թայչի ոճերը մասսայականացնել Արցախում, մարզչական կազմը ընդլայնել եւ ավելի շատ նախազորակոչային տարիքի մարզիկներ ներգրավել՝ հայրենիքի պաշտպանությանը ֆիզիկապես եւ հոգեպես նախապատրաստելու նպատակով, իսկ սիրողակ-մարզիկները այսուհետեւ հնարավորություն կունենան մասնագիտանալ մարտարվեստում: Մեր ֆեդերացիայում ընդունելության հետ կապված տարիքային սահմանափակումներ չկան: Ընդունում ենք հինգ տարեկանից՝ տղաներ եւ աղջիկներ: Պարզ է, որ հինգ կամ վեց տարեկան երեխան դեռեւս չի կարող յուրացնել մարտարվեստի բարդ տեխնիկան, բայց այդ հասակում ընդունելությունը հատկանշական է նրանով, որ երեխան վաղ հասակից ադապտացվում է կարգապահության, կոլեկտիվում իրեն դրսեւորելուն, մկանների աճի եւ զարգացման գործընթացում կարեւորագույն նշանակություն ունեցող ֆիզիկական վարժությունների որոշ էլեմենտներ է կատարում, փոխառում է մարզչի ունակությունները եւ ընտելանում է պարապմունքի մթնոլորտին: Յուրաքանչյուր մարզիկի հանդեպ ցուցաբերվում է անհատական մոտեցում՝ աստիճանաբար փոխանցելով հարվածային ու պաշտպանական տեխնիկան: Ընդունվում են նաեւ ավելի բարձր տարիքի մարզիկներ, եթե նույնիսկ ֆիզիկական պատրաստվածություն չունեն: Այդ դեպքում վինգչունի տեխնիկան, սանդա ոճի եւ այլ ոճերի հնարներ փոխանցվում են  ֆիզիկական ակտիվ կոփմանը զուգընթաց:

-Իսկ ի՞նչ կասեք թայչիի մասին, այդ երկու ոճերը լրացնո՞ւմ են միմյաց:

-Վինգչունն ու թայչին միանգամայն տարբեր ոճեր են, բայց մտնում են ուշուի ընդհանուր համակարգի մեջ: Եթե վինգչունը յուրացնելու համար պահանջվում է արագություն, կտրուկություն, շարժումների մեջ ճշգրտություն, ապա թայչիի համար անհրաժեշտ է կատարյալ հանգստություն, շարժումների սահունություն, խաղաղություն եւ ներդաշնակություն: Թայչիի առողջարար շնչառական վարժությունների համակարգը նպաստում է մարզիկի առողջությանը, շնչառական օրգանների լավ աշխատանքին: Թայչին հիմնականում փոխանցվում է հասուն տարիքի մարզիկներին, սակայն եթե վինգչուն պարապող մեր սաները ժամանակի տեսակետից հասցնեն նաեւ թայչի պարապել, ապա նրանք կրկնակի կշահեն: Լինել հոգեպես հանգիստ, ներդաշնակ, առողջ շնչառական համակարգ ունենալ. սրանք մարզիկի համար կարեւոր հատկություններ են:

-Ի՞նչ հատկություններ է զարգացնում վինգչունը մարզիկի մեջ:

-Նրանք, ովքեր պարապում են վինգչուն, դառնում են առողջ, եռանդուն, վստահ, ուժեղ: Վինգչունում մարտն ընթանում է հակառակորդից շատ մոտ հեռավորության վրա, նրան հպվելու միջոցով՝ զգալով եւ կանխատեսելով նրա շարժումները, պաշտպանությունից ակնթարթորեն հակահարձակման անցնելով եւ կասեցնելով նրա շարժումները: Վինգչունիստը սովորում է ոչ թե փախչել, այլ դեմառդեմ դուրս գալ վտանգի հետ եւ առաջին հայացքից անելանելի թվացող վիճակում պահպանել սառնասրտություն, հանգստություն եւ գտնել օպտիմալ ելք: Այդ մտածելակերպը գործում է նաեւ վինգչունիստի առօրյա կյանքում: Փամփուշտների, զենքի գործածման մեր օրերում դժվար թե մարտիկը հակառակորդի դեմ ձեռնամարտի դուրս գա, չնայած դա էլ չի բացառվում, այնուամենայնիվ վինգչունիստի հոգեբանական պատրաստվածությունը, որին մեծ ուշադրություն է դարձվում պարապմունքների ժամանակ, վեր է հանվում ամենուր, ցանկացած բախումնային իրավիճակում՝ մարտադաշտում, ռինգում, փողոցային անխուսափելի մարտում, մարդկային բոլոր գործառույթներում:

-Ինչքա՞ն ժամանակ է պահանջվում վինգչունը յուրացնելու համար:

-Վինգչունի տեխնիկան բարդ է եւ ուսուցման տեսանկյունից՝ ժամանակատար: Եթե այն համեմատենք օրինակ բոքսի կամ թաեքվոնդոյի հետ, ապա կնկատենք, որ դրանք յուրացնելու եւ ռինգ դուրս գալու համար միջինում վեց ամսից մի տարին էլ է բավական, իսկ վինգչունը յուրացնելու համար եռակի, քառակի ժամանակ է պահանջվում: Վինգչունը լրիվությամբ ուսումնասիրելու եւ տիրապետելու համար  միջազգային ծրագրով սահմանված վեց կարգ կա, որը պահանջում է անդադար համառ աշխատանք: Նշեմ, որ մեր ֆեդերացիայի կանոնակարգը համապատասխանում է ՀՀ եւ միջազգային չափորոշիչներին, մենք համագործակցում ենք ՀՀ մարտարվեստների տարբեր ֆեդերացիաների հետ, այդպիսով հնարավորություն ստեղծելով մեր սաների համար՝ քննություն հանձնելու միջազգային ստանդարտներին համապատասխան, միջազգային կարգի որակավորում ստանալու եւ մասնակցելու վինգչունի զանազան մրցաշարերի ինչպես հայրենիքում, այնպես էլ արտերկրում՝ այդպիսով բարձր պահելով Արցախի պատիվը:

-Ի՞նչ ծրագրեր կան առաջիկայում:

-Ծրագրեր ու նպատակներ շատ կան, որոնք իրագործելու համար նորաստեղծ մեր ֆեդերացիան երկար ճանապարհ ունի անցնելու: Օրերս հրավեր ենք ստացել ՀՀ ավանդական ուշուի ֆեդերացիայից մայիսի 13-16-ը Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում կայանալիք Եվրոպայի Քունգ-ֆուի (Ավանդական ուշուի) 4-րդ եւ Վինգչունի 2-րդ առաջնությանը մասնակցելու համար: Արցախից կմեկնեն ֆեդերացիայի նախագահ եւ մարզիչ Սայաթ Բաղդասարյանը (18-40 տ.խ.) եւ ֆեդերացիայի մարզիկ Կարո Սարգսյանը (65-70 կգ ք.կ, մեծահասակների տարիքային խումբ), ովքեր ՀՀ կազմում հանդես կգան տարբեր ոճային կարգերում: Սա առաջին դեպքն է, երբ վինգչուն մարտարվեստից միջազգային մրցաշարի կմասնակցեն արցախցի մարզիկներ:

-Շահե´ն, արդեն յոթերորդ տարին է՝ ակտիվ պարապում եք վինգչուն, ավագ խմբի առաջին խանդավառ-մարզիկն եք եւ ֆեդերացիայի պատվավոր անդամ: Այս տարիները ինչո՞վ եք նշանավորում եւ միգուցե մտադրություն ունե՞ք մարտարվեստում Ձեր ունեցած սիրողական գիտելիքները վերածել մասնագիտականի:

-Կյանքում մի պահ եկավ, երբ պետք էր զբաղվեի իմ առողջությամբ եւ նպատակային համարեցի մարտարվեստով զբաղվել՝ համատեղելով օգտակարը հաճելիի հետ: Պարբերաբար հետաքրքրվում էի, թե ինչ մարզաձեւեր ու մարտարվեստի խմբակներ կան: Ինձ համար կարեւոր էր բանիմաց մարզիչ գտնել, քանի որ պարապմունքի արդյունավետության զգալի մասը մարզչից է կախված: Հանձին  Սայաթ Բաղդասարյանի գտա այն արհեստավարժ մարզչին, ում հետ հաճելի է պարապել, ում կարելի է վստահել, ումից կարելի է արժեքավոր խորհուրդներ ստանալ տարբեր հարցերով եւ ով լիովին համապատասխանում է իմ պահանջներին: Այս տարիները ապարդյուն չանցան եւ նշանավորվում են նրանով, որ վինգչունի մարզական համակարգը միանգամայն դրական ազդեցություն ունեցավ իմ ֆիզիկական եւ հոգեբանական պատրաստվածության վրա՝ դարձնելով առողջ, հուզակայուն, զարգացնելով իմ մեջ վստահություն, արագ ռեակցիա: Առաջարկ եւ ցանկություն կա մասնագիտանալու նախընտրածս մարտարվեստի մեջ եւ մարզչական գործունեությամբ զբաղվելու, սակայն իմ մոտ առկա ժամանակի խնդիրը լուրջ խոչընդոտ է եւ դեռեւս համապատասխան լուծում չի ստացել:

 Պետք է առանձնանշեմ, որ մեր ֆեդերացիայի ավագ խումբը համալրում են հասուն տարիքի կայացած մարդիկ, որոնց համար կարեւոր են առողջ կենսակերպը, մարտարվեստի միջոցով ինքնակատարելագործումը, ովքեր մեծ խանդավառությամբ են մոտենում հետաքրքիր ծրագրերի իրագործմանը՝ արշավներ, մտերմիկ հավաքույթներ, որոնք դրական են ազդում պարապմունքի  ընթացքի եւ ներխմբային փոխհարաբերությունների վրա: Արցախի Վինգչունի եւ թայչիի ֆեդերացիայում պարապմունքները բաց են բոլորի համար, իսկ անձնակազմը պատրաստ է աջակցել յուրաքանչյուր դիմորդի:

Հարցազրույցը՝

 Սոնյա Ավագյանի

1