Առաջ սրով էին մեզ ընդունում, հիմա ոչինչ. բարևում են
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Առաջ սրով էին մեզ ընդունում, հիմա ոչինչ. բարևում են

Առաջ սրով էին մեզ ընդունում, հիմա ոչինչ. բարևում են

Դեպի Հադրութ տանող ճանապարհի ամբողջ ընթացքում մի տեսակ անհանգիստ էի, որովհետև դժվար ու պարտավորեցնող է գրել այն մարդու մասին, ում ոչ մի անգամ չես տեսել, բայց ում մասին շատ ես լսել: Հեռախոսով աշխատավայրը ճշտելուց հետո` ահա Հադրութի շրջվարչակազմի շենքի մոտ եմ, աստիճաններով բարձրանում եմ դեպի «Դիզակ» թերթի խմբագրություն: Ներս մտնելուց հետո Երմոնյա Զաքարյանի բարեհամբույր ժպիտն ու սենյակում տիրող ջերմ մթնոլորտը ցրեցին բոլոր մտավախություններս: Ընթացավ անմիջական զրույց տիկին Երմոնյայի` ձեռբերումներով, վայրվերումներով լի կյանքի մասին:

Նախնիները Պարսկաստանի Ղարադաղ բնակավայրից տեղափոխվելով Արցախ` 3 գյուղերի՝ Արևշատի, Հին Թաղերի և Խծաբերդի հիմքն են դրել: Խծաբերդն էլ նրա հայրենի գյուղն է: Մասնագիտությամբ լեզվաբան է. ավարտել է Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի հայոց լեզվի և գրականության բաժինը: Աշխատանքային գործունեությունն սկսել է Խորհրդային Միության ժամանակաշրջանում, սկզբում` «Կոլտնտեսական» թերթում, որտեղ աշխատել է 1969-ից մինչև 1990թ.: Այնուհետև, ընտանեկան պայմաններից ելնելով, աշխատանքի է անցել շրջխորհրդի գործկոմում՝ սկզբում որպես որբ երեխաների խնամակալության գծով տեսուչ, իսկ հետո՝ կազմակերպական բաժնի վարիչ` մինչև 1996 թվականը: Այնուհետև, ինչպես ինքն է բնութագրում, «խառը ժամանակներ են սկսվում»: «Հիմնարկից 8 հոգու գրչի մի հարվածով հեռացրին աշխատանքից»,- հիշում է Երմոնյա Զաքարյանը: Որպես դաշնակցական` իրեն էլ են աշխատանքից ազատում, չնայած կուսակցական չէր: Բացատրություն է պահանջել, հիմնավորել են հաստիքի կրճատումով: Սակայն հաստիքը 2 ամսից հետո վերականգնել են, նոր աշխատող ընդունել: Երմոնյա Զաքարյանին էլ աշխատանք են առաջարկել Հադրութի շրջվարչակազմի մշակույթի բաժնում՝ որպես մասնագետ: Դրանից հետո Հադրութի միջնակարգ դպրոցում հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի է աշխատել:

1998թ. գործուղել են Ստեփանակերտ, մասնակցել է բելգիական «Բժիշկներ առանց սահմանի» կազմակերպության կազմակերպած հոգեբանների եռամյա դասընթացներին ու ստացել հոգեբանի որակավորում:

2000թ. նշանակվել է Հադրութի շրջվարչակազմի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետ, որտեղ աշխատել է մինչև 2013թ.: Քաղծառայության օրենքի համաձայն` տարիքը լրանալու հետ կապված` 2013թ. ազատվել է աշխատանքից և նույն թվականին էլ աշխատանքի անցել «Դիզակ» թերթում՝ որպես լրագրող:

Դաշնակցական չլինելով հանդերձ` որպես կուսակցության անդամ աշխատանքից ազատվելուց հետո 1998թ. դիմում է ՀՅԴ-ին` ընգդրկվելու շարքերում: «Ինձ համար մեծ պատիվ է. ոչ խուսափում եմ, ոչ խուսանավում, ընդհակառակը` կուսակցության անդամ լինելը միայն հպարտության տեղիք է տալիս»,- նշում է զրուցակիցս:

Այժմ Հադրութի շրջանի կոմիտեության անդամ է: «Առաջ սրով էին մեզ ընդունում, հիմա ոչինչ` բարևում են»,- կատակում է տիկին Երմոնյան:

Ազգային կուսակցությանն անդամագրվելը կապում է գեների հետ: Մորական կողմի պապիկը՝ Մանգասար Թամրազյանը, ով 1937թ. կուլակ անվան տակ Սիբիր է ուղարկվել, եղել է Թևան Ստեփանյանի նամակատարը. տեղեկությունները Խծաբերդից հասցնում էր Գորիս: Նամակները թաքցնում էր մահակի մեջ և գիշերները հասցնում դաշնակցական գործիչներին: Տիկին Երմոնյան չի տեսել պապիկին, բայց նրա խիզախության, գործերի մասին շատ է լսել: Հենց պապի նման մարդկանց շնորհիվ է, որ թուրքերը չեն կարողացել ոչ մի անգամ մտնել Խծաբերդ:

Ընտանիքի մասին խոսելիս տիկին Երմոնյայի աչքերն արցունքոտվում են. անժամանակ կորցրել է ամուսնուն և դստերը: Երկու աղջիկ ունի, աղջիկներից մեկը Երևանում էր ամուսնացած, մահացել է 2004թ.:

Հպարտանում ու ապրում է թոռների հաջողություններով: Ունի 5 թոռ, որոնցից երկուսը ծառայել են Արցախյան բանակում: Թոռներից մեկը՝ Վալերի Ղազարյանը, Արցախի Հանրապետության նախագահի կողմից պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով` ռազմական կարևոր առաջադրանքի մասնակցելու և խիզախություն ցուցաբերելու համար:

Տիկին Երմոնյան 1969 թվականին է տեղափոխվել Հադրութ: Իսկ հայտնի է, որ Արցախյան շարժման ակտիվ շրջանը 1988թ. Հադրութից է սկսվել: Եվ, բնականաբար, ազգի ապագայով մտահոգված` նա չէր կարող անմասն մնալ պայքարին հնարավորության սահմաններում մասնակցելուց: Ակտիվորեն մասնակցել է ստորագրահավաքի, ժողովրդին ոգևորելու աշխատանքներին:

Արցախյան պատերազմի ընթացքում բժիշկներ էին եկել Ռուսաստանից, որպեսզի վիրավորներին վիրահատեն: Բայց տեսնելով, որ օգնող ձեռք համարյա չկա, որոշել էին հեռանալ: Տիկին Երմոնյան հարևանուհու՝ Նինայի հետ մեծ դժվարությամբ կարողացավ համոզել բժիշկներին` մնալ: Նրանց սննդի հարցն էլ կազմակերպեցին, լվացքն էլ արեցին: Նույնիսկ սեփական բաժինն էին հյուրասիրում վիրավոր տղաներին ու բուժողներին: Հոսպիտալը տեղակայված էր շենքի նկուղային հարկում: Մինչև հիմա չի մոռանում դեղերի հոտը, վիրավորների տնքոցները, զոհվածների դիակները: Վիրավորների կողքին, սավանով առանձնացված մասում նույնիսկ երեխայի ծնունդ են ընդունել: Ինչպես տիկին Երմոնյան է ասում՝ կյանքն ու մահը մի տեղում էին:

Տիկին Երմոնյան աշխատել էր Արթուր Մկրտչյանի հետ: Ինքն այդ ժամանակ «Կոլտնտեսական» թերթում էր աշխատում: Թերթի մի համարում հոդված էր լույս տեսել. աշխատողներից մեկը գրել էր՝ «առաջ, բայց ու՞մ հետ»: «Ում հետ» ասելով` նկատի ուներ դաշնակցականներին, այսինքն` ինչու՞ է ժողովուրդը Դաշնակցության հետևից գնում: Դրանից խիստ վիրավորվել էր Արթուր Մկրտչյանը. Հադրութի մշակույթի տանը մեծ հանդիպում էր կազմակերպել ժողովրդի հետ և բացատրական աշխատանք տարել:

ԼՂՀ Գերագույն Խորհրդի առաջին նախագահը նրա հիշողության մեջ մնացել է ռետինե կոշիկներով, մեծ գրպաններով հին բաճկոնով. այդ գրպաններում էր գաղտնի թղթերը, բլյուտենները տեղափոխում: Մկրտչյանն այն ժամանակ Հադրութի թանգարանում էր աշխատում: Թանգարանը դարձել էր  գործիչների հիմնական հավաքակայանը:

«Չնայած պատերազմը ոչ մի արցախցու մոտով անտարբեր չի անցել, բայց մեր տան երեք սյուներն էլ 1990-1993թթ. ընկել են: Երեք տղամարդ կար, երեքն էլ մահացել են»,- ցավով նշում է տիկին Երմոնյան: Ամուսինը՝ Անդրանիկ Բաբայանը, մահացել է 1990թ.: Մահվան պատճառը սրտի հիվանդությունն էր. պարզապես դժվար ժամանակներ էին, հնարավորություն չկար դրսում բուժման տանելու: 1992թ. զոհվել է տեգրոջ՝ Ռոբերտ Բաբայանի մինուճար որդի Սերգեյը: Նրա ինքնաձիգը վերցրել է հայրը՝ Ռոբերտը, ով նաև զինագործ էր. առաջին ինքնաշեն գրադ կայանը ինքն է պատրաստել Հադրութում:

Ապրիլյան ռազմական գործողությունների ժամանակ էլ այստեղ էր. «Իմ ճակատը շան ճակատ է, ես չեմ վախենում,- ասում է տիկին Երմոնյան ու եզրակացնում,- 4 օրը 4 տարվա տևողություն ունեցավ մեր երկրի համար»: Հաստատ գիտեր, որ «տղաները երբեք չեն թողնի, որ թշնամու պիղծ ոտքը նորից Ղարաբաղի հողին դիպչի»: Ինչպես Մոնթեն էր ասում` եթե նայելու լինենք քարտեզին, մենք ուրիշի հողեր չենք վերցրել, մեր հողերն ենք պահում և պիտի պահենք:

«Բոլոր հայերն էլ արդեն հասկացել են, որ հայը միայն իր վրա պիտի հույսը դնի, որևէ մեկի օգնությունը չաղերսի. ինքն ունակ է իր ցավը տանելու, իր խնդիրները լուծելու: Պարզապես, պետք է միահամուռ, միակամ լինենք: Իսկ եթե միաբան լինենք, մի մուրճի զարկին ուժ տանք, մեր հաջողություններն ավելի ակնառու կլինեն: Մենք կունենանք մեր ծովից ծով Հայաստանը»,- եզրակացնում է Երմոնյա Զաքարյանը:

Տաթևիկ Աղաջանյան

1