Առաջին ընթերցմամբ ընդունվել է ԼՂՀ «ԱԺ կանոնակարգ» օրենքը
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Առաջին ընթերցմամբ ընդունվել է ԼՂՀ «ԱԺ կանոնակարգ» օրենքը

Առաջին ընթերցմամբ ընդունվել է ԼՂՀ «ԱԺ կանոնակարգ» օրենքը

ԼՂՀ Ազգային Ժողովի «Դաշնակցություն» խմբակցությունը ԱԺ հերթական նիստում քվեարկության դրված «Ազգային ժողովի կանոնակարգ» Արցախի Հանրապետության օրենքի նախագծին քվեարկել է ձեռնպահ:

Ըստ նախագծի համահեղինակ Հովիկ Ջիվանյանի՝ օրինագծով Ազգային ժողովի գործունեության կարգը համապատասխանեցվել է նոր Սահմանադրությամբ խորհրդարանին վերապահված գործառույթներին ու լիազորություններին:

Օրենքի նախագիծը խորհրդարանում բուռն քննարկումների տեղիք է տվել: Օրենքի նախագծի համահեղինակին բազմաթիվ հարցադրումներ են ուղղվել: «Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արմեն Սարգսյանի հարցը վերաբերում էր կանոնակարգ օրենքում խորհրդի մասին հիշատակությանը, որի մի ամբողջ գլուխ դուրս է մնացել նախագծից:

Հարցին ի պատասխան Հովիկ Ջիվանյանը նշել է, որ կողմ է առաջին ընթերցմամբ նախագծի ընդունմանը, որից հետո կարող են գրավոր ներկայացված առաջարկությունները քննարկել և ընդունել: Նախագծի համահեղինակի համար հասկանալի չեն այդ խորհրդի գործառույթներն ու նշանակությունը:

«Դաշնակցություն» խմբակցության անդամ Դավիթ Իշխանյանին հետաքրքում էր, թե ի՞նչն է հիմք ընդունվել այս փաստաթուղթը մշակելու ընթացքում՝ գործող կանոնակարգ օրենքը, թե ՀՀ նոր կանոնակարգ օրենքը: Պատգամավորը նաև հարցրեց աշխատանքային խումբ կյանքի չկոչելու մասին:

Պատգամավոր Հովիկ Ջիվանյանը ասել է, որ հիմք է ընդունվել այն, որ այն պատասխանի իր առջև դրված պահանջներին ու խնդիրներին: Իսկ աշխատանքային խումբ ձևավորելու մասին հարցին ի պատասխան նշել է, որ աշխատանքներն ավարտված չեն և ցանկացողները կարող են ներգրավվել:

Նախագծի վերաբերյալ ելույթ են ունեցել Հայկ Խանումյանը, Վահրամ Բալայանը, Էդուարդ Աղաբեկյանը և Աշոտ Ղուլյանը:

Պատգամավոր Հայկ Խանումյանը խոսել է ԱԺ խորհրդի ստեղծման անհրաժեշտության մասին: «12 տարի է Աշոտ Ղուլյանը ԱԺ նախագահ է, մինչև հիմա կանոնակարգով նախատեսված կարգեր հաստատված չեն»,- նշել է «Վերածնունդ» խմբակցության ղեկավարը և ավելացրել, որ այն անհրաժեշտ է, որպեսզի կարգերի հաստատման համար վերահսկողություն լինի:

ԱԺ փոխնախագահ Վահրամ Բալայանը նշել է, որ քննարկումների ընթացքում «Դաշնակցություն» խմբակցությունը ներկայացրել է 30 առաջարկություններ, որոնցից 11-ը համարյա լուծում են ստացել: «Մենք խմբակցությամբ տրամադրված ենք այս փոփոխությունները ներկայացնել զուտ մի նպատակով, որպեսզի ԱԺ պատգամավորի պատասխանատվությունը մեծանա, ավելի լիարժեք ներգրավվի օրենսդրական գործունեության, մեր երկրի ներքին, արտաքին քաղաքականության խնդիրների լուծմանը»,- նշել է Վահրամ Բալայանն ու ներկայացրել առաջարկներն ու հիմնավորումները:

«Շարժում-88» խմբակցության ղեկավար Էդուարդ Աղաբեկյանն իր ելույթում խոսել է ներկայացուցչական մարմնում «ընդդիմադիր» հասկացության և գործունեության երաշխիքների բացակայության մասին:

Իսկ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանն անդրադարձել է կանոնակարգ օրենքի նախագծի վերաբերյալ հնչած տեսակետներին ու պարզաբանումներին, ներկայացրեց դրա մշակման պատմությունը:

Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի նիստին գրանցված 31 պատգամավորներից նախագծին կողմ է քվեարկել 23 պատգամավոր, դեմ՝ 1, ձեռնպահ՝ 6, 1 պատգամավոր էլ չի քվեարկել: «Ազգային ժողովի կանոնակարգ» Արցախի Հանրապետության օրենքն ընդունվել է առաջին ընթերցմամբ:

1