Առաջիններից մեկը, որ մտել է Շուշի
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Առաջիններից մեկը, որ մտել է Շուշի

Առաջիններից մեկը, որ մտել է Շուշի

Այս օրերին ամբողջ հայությունը տոնում է Շուշիի ազատագրման և Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի կազմավորման 25-ամյակը: Հաղթանակների մասին խոսելիս` շատ դեպքերում հիշվում ու մեծարվում են միայն անվանի դեմքերը, հրամանատարները, և մոռացության տրվում շարքային զինվորները, կամավորականները, ովքեր անտրտունջ տարել են պատերազմի ողջ դառնությունները, դժվարությունները, պատերազմից հետո էլ շարունակում են ապրել ու արարել իրենց ազատագրած հողում և չեն հավակնում ճանաչման ու մեծարման, որովհետև գիտակցում են իրենց արածի կարևորությունն ու անհրաժեշտությունը: Հենց այսպիսի նվիրյալների շնորհիվ է հայրենիքը պաշտպանվում ու շենանում:

17 տարեկանից Արցախյան ազատամարտի ռազմական գործողություններին ակտիվորեն մասնակցած, Շուշիի ազատարարներից` Էդուարդ Աղաջանյանը ծնվել է 1971թ. Ստեփանակերտ քաղաքում, ավարտել Ստեփանակերտի 3-րդ դպրոցը, հետո ընդունվել Սայաթ- Նովայի անվան երաժշտական քոլեջը: Ուսումնարանի սան էր, երբ սկսվեց Արցախյան շարժումը, և 6 ընկերներով տարբեր ձեռնարկներ էին իրականացնում՝ հայկական գյուղերի պաշտպանությունից մինչև տրանսպորտի, ուտելիքի ու զենքի հայթայթում:

Սովորել է Երևանի Բաբաջանյանի անվան ուսումնարանում.  ակորդեոն էր նվագում: Իսկ երաժշտական ուսումը շարունակելու համար 1989թ. Երևան տեղափոխվել խորհուրդ էր տվել Սայաթ-Նովայի անվան քոլեջի տնօրենը, որովհետև շարժման ակտիվ մասնակիցներին ռուսները հետապնդում էին:

Մի տարի սովորելուց հետո պիտի շարունակեր ուսումը, բայց համապատասխան մասնագետներ չկային: Ուղեգիր են տրամադրում Մոսկվայում ուսումը շարունակելու համար, բայց չի գնում Արցախյան շարժման ծավալման պատճառով: Ասում էր՝ ավելի լավ է այստեղ մնամ:

Հայաստանյայց առաքելական եկեղեցու Արցախի թեմի կազմավորումից հետո, երբ Գանձասարում եկեղեցական երգչախումբ պետք է ստեղծվեր (այդ ժամանակ Սայաթ-Նովայի անվան երաժշտական ուսումնարանում էր) ընդգրկվում է առաջին երգչախմբում:

Ընկերներով միացել էին ցեղակրոնների խմբին, հետո մտել են Դաշնակցության ջոկատը: Դաշնակցության շարքերն է անցել 1989թ.: 2 ընկերներով, որպես խմբի «ներկայացուցիչներ», երդում են տվել, իսկ մնացածներն էլ Էդուարդի խոսքերով՝ «միշտ Դաշնակցության հետ ենք»: Երդման արարողությանը կուսակցությունից ներկա էին Ժաննա Գալստյանը, Վալերի Բալայանը, Վալերի Ղազարյանը, Արկադի Կարապետյանը, Աշոտ Սարգսյանը: Խոսելով ՀՅԴ-ին անդամակցության մասին`  նշում է, որ կուսակցության մեջ շատ ընկերներ է ունեցել, որոնց մեծ մասը զոհվել կամ մահացել է: «Եթե կուսակցությունից հեռանամ, ինքս ինձ չեմ հարգի: Շատերն են եղել մեզ հետ, բայց ինչ-ինչ պատճառներով հեռացել են»,- նշում է Ստեփանակերտի «Արթուր Մկրտչյան» կոմիտեության խմբերից մեկի խմբապետը:

Արցախյան շարժման ծավալումից հետո Էդուարդ Աղաջանյանն ընկերների հետ միացել է Ղարաբաղում Աֆղանստանի վետերանների միության անդամներին:

Որոշ ժամանակ ընկերների հետ Արկադի Կարապետյանի ղեկավարությամբ Դահրազ գյուղում ռազմական պատրաստություն են ստացել:

Սկզբում մասնակցել է Փառուխի, Նախիջևանիկի, Տողի  ազատագրմանը, այնուհետև Մալիբեյլիի, Խոջալուի համար մղված մարտերին, Քարին տակի հերոսամարտին, իսկ Կրկժանի ազատագրման ժամանակ ոտքից վիրավորվել է: Այնուհետև միավորվել են Բեկորի ջոկատին: Շատերը կամաց-կամաց, ճանաչելով Բեկորին, միացել են, կազմել առաջին վաշտը: «Այն ժամանակ միակ փրկությունը զենքն էր: ՕՄՕՆ-ի, ռուսների դեմ էինք կռվում»,- ասում է Էդուարդը: Խաղաղ ցույցերի, միտինգների ժամանակ էլ հայկական բնակավայրերի մոտ զինված հսկողություն էին սահմանել, որպեսզի հայերին գերի չտանեն, չթալանեն: «Այն տարիներին միս գտնելը դժվար էր, և ընկերներով մտնում էինք թուրքական գյուղեր` ոչխարներ, այլ անասուններ բերում ժողովրդի համար»,- ասում է ազատամարտիկը:

Սեփական նախաձեռնությամբ մտածված և հաջողությամբ իրագործված դեպքերն անհամար են: Զենքը միշտ քչություն էր անում, և մի քանի հոգով որոշում են Ստեփանակերտի Ռուսական ոստիկանական գնդից վերցնել: Շրջապատում են շենքը, մտնում ներս: Հարցին, թե արդյո՞ք հաջողությամբ  ավարտվեց մտահղացումը, ազատամարտիկը ինքնագոհ ժպիտով պատասխանում է՝ շատ մեծ հաջողությամբ. ամբողջ զենքը վերցրել ենք:

Ավտոմեքենա էր պետք, որն այն ժամանակներում հատուկենտ մարդիկ ունեին, և ահա միտք է հղանում վերցնել ադրբեջանցի դատախազի «Ուազ» մակնիշի ավտոմեքենան: «Հանգիստ նստել և տարել ենք մեքենան, իսկ կողքին կանգնած թիկնապահներն էլ գիտեին, թե իրենց վարորդներից ենք»,- պատմում է Էդուարդը: Մեքենայի մեջ արժեքավոր փաստաթղթեր էլ կային: Ադրբեջանցիների խնդրանքով ավտոմեքենան օգտագործելուց հետո հետ են տալիս ՝ գերի գյուղացիներին ազատելու դիմաց:

Մարտերում թրծված մարտիկը չի կարողանում հուզմունքը թաքցնել, երբ պատմում է ընկերոջը կորցնելու մասին: Ջամիլուի մարտերում կորցրել է մոտիկ ընկերներից մեկին՝ Նելսոն Զաքարյանին: Նելսոնը օգնության էր շտապում՝ մարտի դաշտից դուրս բերելու վիրավոր ուղեկցողին: Նրան հանում է այնտեղից, փրկում, բայց ինքը զոհվում:

«Բեկորի հետ միասին ամենադժվար մասով ենք բարձրացել, Շոշի ուղղությամբ, Շուշիի բանտի տակով: Մայիսի 8-ին մարտեր էին ընթանում բանտի մոտ, իսկ երբ մտել ենք բանտը, այնտեղ արդեն մարդ չկար»,- Շուշիի ազատագրումն այսպես է նկարագրում մեր զրուցակիցը:

Առաջիններից մեկն է, որ մտել է Շուշի, իսկ «Շուշիի ազատագրման համար» մեդալը ազատագրումից 18 տարի հետո է ստացել: Ազատամարտիկի համար ցավալի է, որ Շուշիի ազատագրմանը մասնակցել են մի քանի 100 մարդ, բայց հիմա այդ մեդալից հազարավոր մարդիկ ունեն:

Պատերազմից հետո Շուշիում, հովանավորների աջակցությամբ, որոնք ցանկանում էին ազատագրված քաղաքում դպրոց կառուցել, հիմնվել է երաժշտական դպրոց: Շինարարության պատասխանատուն, այնուհետև նաև դպրոցի տնօրենը Էդուարդ Աղաջանյանն էր: 1995-2002թթ. և դպրոցի, և շինարարության ղեկավարն էր, որովհետև դպրոցի կեսը շահագործման հանձնվելուց հետո է կառուցվել:

Որոշ ժամանակ աշխատել է հայկական գյուղերում, բուժկետների վերանորոգմամբ զբաղվող հիմնադրամում, որի շինարարության գծով պատասխանատուն էր: Դրանից հետո, մեկ տարի Արցախի ազգային վիճակախաղի կողմից Իշխանաձորում կառուցվող տների շինարարության պետն էր:

Արցախյան ազատամարտի բովով անցած մարտիկն այժմ անգործ է:

Նախորդ տարի ակտիվ ռազմական գործողությունների ժամանակ էլ առաջին գծում էր: «Մեր հայրենիքում ապրում ենք, մեր հողերը պիտի պահենք, կռիվ կլինի՝ կկռվենք: Գնալու տեղ չունենք»,- կարծում է Էդուարդը: Որդիներից մեկը՝ Տիգրանը, անցած տարվա ապրիլին ժամկետային զինծառայող էր՝ նույնպես առաջին գծում, իսկ ինքը Թալիշում էր. ընկերներով որոշել էին ամենաթեժ մասը պահել:

Ամուսնացել է 1995թ., ունի երեք զավակ՝ երկու տղա և մեկ աղջիկ (Տիգրան, Արիս և Մարիա): Ինչպես ամեն ծնող, նա էլ իր երեխաների համար լավ ապագա է ցանկանում հայրենիքում՝ «գիտելիքներ ստանան, զարգանան ու ծառայեն հայրենիքին»: Իսկ արտասահմանում ապրող հայերի աջակցությունն Արցախին օգնություն չի համարում, այլ յուրաքանչյուր հայի պարտականություն:

Ի դեպ, Մայիսյան եռատոնի առթիվ Էդուարդ Աղաջանյանն Արցախի Հանրապետության նախագահի կողմից պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով:

Հ.Գ. Հարցազրույցի ամբողջ ընթացքում զրուցակիցս դեպքերին իր մասնակցության մասին չէր ուզում խոսել, անընդհատ շեշտում էր ընկերների անունները: Իր մասին չի սիրում խոսել. համոզված ենք` իր կատարածի մի փոքր մասն է մեզ հասու դարձրել: Իսկ ինչքա՜ն բան կա ասելու…

Տաթևիկ ԱՂԱՋԱՆՅԱՆ

1