«Առաջիկա հեռուստամարաթոնը հպարտանալու հերթական առիթ կդառնա մեր ժողովրդի համար». Աշոտ ՂՈՒԼՅԱՆ
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Սփյուռք » «Առաջիկա հեռուստամարաթոնը հպարտանալու հերթական առիթ կդառնա մեր ժողովրդի համար». Աշոտ ՂՈՒԼՅԱՆ

«Առաջիկա հեռուստամարաթոնը հպարտանալու հերթական առիթ կդառնա մեր ժողովրդի համար». Աշոտ ՂՈՒԼՅԱՆ

 

ԼՂՀ Ազգային ժողովի նախագահի ելույթը Լոս Անջելեսում նոյեմբերի 18-ին կայացած հանդիսավոր միջոցառմանը՝  նվիրված “Հայաստան” համահայկական հիմնադրամի 20-ամյակին և «Հեռուստամարաթոն-2012»-ին

 

Գերաշնորհ սրբազան հայրեր

Հայաստանի Հանրապետության

հարգարժան պարոն հյուպատոս

Թանկագին բարեկամներ

Տիկնայք եւ պարոնայք

 

 

Պատիվ ունեմ «Հայաստան» հիմնադրամի այս հանդեսին ողջունել և Արցախի իշխանությունների ու ժողովրդի բարեմաղթանքները հաղորդել Ձեզ: 

 

Ամեն տարի, նոյեմբերին` Գոհաբանության օրվա նախօրեին, համախմբվելով  «Հայաստան» համահայկական հիմնադրամի  նախաձեռնության շուրջ, մենք հավաստում ենք մեր պատրաստակամությունը` զորավիգ լինելու Հայրենիքին` Հայաստանին ու Արցախին:

 

 

 Ավանդական հանդիսավոր միջոցառումն  այս տարի յուրահատուկ է նրանով, որ ամփոփում է  հայ ժողովրդի պատմության մեջ կարևոր, իսկ նորագույն պատմության մեջ` ամենափառահեղ 20-ամյակը: Հոբելյան, որ հայերիս համար  խորհրդանշում է Հաղթանակ և Վերածնունդ:

 

Այս տարվա մայիսին մենք ազգովի տոնեցինք Շուշիի հաղթանակի 20-ամյակը և  տոնն այդ նշանավորեցինք  ոչ միայն նոր ձեռքբերումներով ու շքեղ տոնախմբությամբ, այլև  մեր բազկի, մեր զինվորի անհաղթ ոգու և հզորության ցուցադրությամբ:

 

Մայիսի 9-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կայացած զորահանդեսը մեր բոլորիս հպարտության արտահայտությունն էր, նաև սաստող  պատասխանը Ադրբեջանին և բոլոր նրանց, ովքեր փորձում են մեզ հետ խոսել   ուժի լեզվով:

 

 Մենք միասին ենք կռել այդ հաղթանակը, միասին ենք ապահովել մայր հայրենիքի և Արցախի վերածնունդը: «Հայաստան» համահայկական հիմնադրամի 20-ամյակը, որի առիթով այսօր հավաքվել ենք, լավագույն ապացույցն է այն իրողության, որ հայոց անկախ պետականության վերականգնումից ի վեր մենք միասնական ենք եղել ազգային խնդիրների լուծման և ժամանակի մարտահրավերներին դիմակայելու հարցում:

 

Աշխարհասփյուռ հայության աջակցությամբ  արդեն երկու տասնամյակ է` <Հայաստան> հիմնադրամը Արցախում ամենատարբեր ծրագրեր է իրականացնում. կառուցվել են հարյուրավոր կիլոմետրերով ձգվող ճանապարհներ, ջրագծեր ու գազատարներ, տասնյակ հազարավոր փոքրիկ արցախցիներ կրթվում և դաստիարակվում են լուսավոր ու վերանորոգված մանկապարտեզներում և դպրոցներում, հարյուրավոր կարիքավոր մարդիկ ապահովվել են բնակարաններով ու տներով, արցախցիները հնարավորություն են ստացել բուժվել ժամանակակից և բարեկարգ հիվանդանոցներում, իրականացվել են բազմաթիվ սոցիալական, կրթական, գիտական ու մշակութային ծրագրեր:

 

Համախմբման և  ջանքերի միավորման շնորհիվ հնարավոր եղավ բազմապատկել մեր հաղթանակներն ու նվաճումները:

 

Այսօր Արցախ այցելող յուրաքանչյուր ոք զարմանքով է  նկատում այն փոփոխությունները, որ տեսնում է  պատերազմ ապրած   երկրում:

 

Շատերը դժվարանում են հավատալ, որ ընդամենը երկու տասնամյակ առաջ Ստեփանակերտը, Շուշին, Արցախի մյուս բնակավայրերը հիմնովին ավերված են եղել: Եվ այն, որ արցախցին կարողացել է պատմության համար այս կարճ ժամանակահատվածում վերականգնել ավերվածը,  նոր շենքեր ու շինություններ կառուցել, կենսական բազմաթիվ խնդիրներ լուծել և անցնել ստեղծագործ աշխատանքի` Սփյուռքի մեր եղբայրների ու քույրերի աջակցության, «Հայաստան» համահայկական հիմնադրամի, Հայաստանի և Արցախի իշխանությունների հետևողական համատեղ աշխատանքի արդյունքն է:

 

Աշխարհասփյուռ հայության թե բարոյական և թե նյութական  աջակցության շնորհիվ արցախահայությունն  այսօր ամուր է կանգնած իր հողի վրա, այն հողի, որ ազատագրվել ու սրբագործվել է հազարավոր նվիրյալների արյամբ:

 

Սիրելի հայրենակիցներ

Հեռուստամարաթոն-2012-ի համար ընտրվել է «Մեր գյուղը» խորագիրը, և դա պատահական չէ. գյուղը` Արցախի ողնաշարն է ու չնայած գյուղական համայնքներում վերջին տարիներին կատարված՝ և բարեգործական, և կառավարական ներդրումներին, իրավիճակը դեռեւս լիովին շտկված չէ:

 

Մենք մտադիր ենք թելեթոնի ընթացքում հանգանակվելիք գումարներն ուղղել գյուղերում համայնքային կենտրոնների կառուցմանը: Եվ դրանով մենք նպատակ ունենք  զարգացնել  գյուղը, որտեղից էլ սկսվում է Արցախի սահմանը: Եվ դա ռազմավարական խնդիր է: 

 

Կյանքն ամեն օր նոր անակընկալներ ու մարտահրավերներ է մատուցում մեզ. Ճակատագրի բերումով սփռված լինելով աշխարհով մեկ, մենք անմիջականորեն կրում ենք բոլոր այն արհավիրքների ու աղետների հետևանքները, որ գրեթե ամեն օր տեղի են ունենում աշխարհի տարբեր անկյուններում: 

 

Ընդամենն օրեր առաջ տեղի ունեցած Սենդի փոթորիկը, որը մարդկային կյանքեր խլեց ու հսկայական  վնաս պատճառեց Միացյալ Նահանգներին ու ԱՄՆ ժողովրդին, անշուշտ, բազմաթիվ խնդիրներ ստեղծեց նաև  այս երկրում ապրող հայերի համար: 

 

Հայ ժողովրդի, այդ թվում նաև արցախահայության համար ևս մեկ  մարտահրավեր է` Սիրիայում սկսված պատերազմի հետևանքով տուժած հայերի անվտանգության և կենսապահովման խնդիրը:

 

Մեր ժողովրդի անվտանգության ապահովման երաշխավորը` կայացած, ուժեղ  հայկական  պետությունն է:  Եվ  համախմբվելով համազգային խնդիրների շուրջ, մենք փաստորեն ստեղծում ենք նախ և առաջ մեր անվտանգության երաշխիքները:

 

Օգտվելով առիթից, ուզում եմ պարզապես հավաստիացնել, որ Արցախի ժողովուրդը  պատրաստակամ է` իր հնարավորությունների առավելագույնը ծառայեցնել սիրիահայության անվտանգության ապահովման և նրա կարիքները հոգալու գործին: Սիրիահայ որոշ ընտանիքներ արդեն բնակություն են հաստատել Բերձորում եւ Կովսականում: Մենք պատրաստ ենք մեր օգնության ձեռքը պարզելու մեր եղբայրներին և քույրերին, ովքեր կցանկանան նույնպես բնակություն հաստատել Արցախում:

 

Այս դահլիճում ներկա են մարդիկ, ովքեր ներկայացնում են Սփյուռքը` իր ավանդական կառույցներով: Դուք կանգնած եք Սփյուռքի, Հայաստանի ու Արցախի միջև նոր ժամանակներում հարաբերությունների ձևավորման ակունքներում: Մենք թանկ ենք գնահատում այդ ներդրումը: Ես չեմ փորձի այլ գնահատական հնչեցնել, բացի` որ Արցախը ձերն է, մեր բոլորիս հայրենիքն է, ազգային հպարտությունը, որ պետք է փայփայվի և զորացվի հավաքական ուժերով:

 

Ու թերևս հենց այս պահի համար է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը շեշտել. «Արցախի ապագան ողջ հայ ժողովրդի խնդիրն է, և միայն համախմբվելով ու միավորվելով կարող ենք հասնել մեր համազգային նպատակների իրականացմանը»:

 

Խոսքիս ավարտին ուզում եմ շնորհավորել բոլորիդ՝ Գոհաբանության գալիք տոնի կապակցությամբ և վստահություն հայտնել, որ առաջիկա հեռուստամարաթոնը` որպես համախմբվածության և հայրենասիրության դրսեւորում, հպարտանալու հերթական առիթը կդառնա մեր ժողովրդի համար:

Շնորհակալություն:

1