Ապրիլյան քառօրյա պատերազմը կողմերին ստիպել է որոշ շեշտադրումներ անել
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Քաղաքական » Ապրիլյան քառօրյա պատերազմը կողմերին ստիպել է որոշ շեշտադրումներ անել

Ապրիլյան քառօրյա պատերազմը կողմերին ստիպել է որոշ շեշտադրումներ անել

Որքան էլ հայկական կողմը պատրաստ է խելամիտ փոխզիջումների, այնուամենայնիվ, այս խնդրում ելակետային է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի՝ ազատ կամարտահայտությամբ իր ապագան որոշելու իրավունքը: Երեկ Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հետ զրույցում հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը՝ շեշտելով, որ այստեղ որևէ այլ մոտեցում չի կարող լինել։

«Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ոչ միայն հռչակված է միջազգային հիմնարար փաստաթղթերում, այլև վաղուց արդեն ճանաչված և ամրագրված է հակամարտությամբ զբաղվող միակ մասնագիտացված կառույցի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների բազմաթիվ հայտարարություններում: Ասել է թե՝ սա ոչ միայն Հայաստանի, այլև միջազգային հանրության հավաքական ընկալումն է հարցի շուրջ», – հայտարարել է Հայաստանի նախագահը և շնորհակալություն հայտնել Եվրամիությանը խաղաղ կարգավորման գործընթացի վերաբերյալ հավասարակշռված դիրքորոշման համար, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին վստահելու և աջակցելու համար։

Ղարաբաղյան հակամարտությունը նախօրեին Բրյուսելում Սարգսյան-Տուսկ քննարկման թեմաներից մեկն էր։

«Ստատուս քվոն անկայուն է: Հակամարտությունը պետք է վաղաժամ քաղաքական լուծում ստանա՝ միջազգային իրավունքին համահունչ: Այն ռազմական լուծում չունի», – իր հերթին հայտարարել է Եվրախորհրդի նախագահը՝ հավելելով, որ Բրյուսելը շարունակում է աջակցությունը եռանախագահների միջնորդական ջանքերին և առաջարկներին:

Սերժ Սարգսյանի ու Դոնալդ Տուսկի առանձնազրույցը հիմնականում նվիրված է եղել Հայաստան-Եվրամիություն նոր շրջանակային համաձայնագրին, որի շուրջ բանակցություններն ավարտվեցին։

Առայժմ հայտնի չէ, թե ինչպիսի մանրամասնությամբ է արտացոլվում ղարաբաղյան հարցը այս փաստաթղթում, սակայն հայտնի է, որ ապրիլյան քառօրյա պատերազմը կողմերին ստիպել է որոշ շեշտադրումներ անել, այս մասին «Ազատության» հետ զրույցում հայտնել է Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Բեդո Դեմիրճյանը։

«Որոշ տեղեկություններով, որոշ անձանց հետ խոսելով, զրուցելով հանդիպումների ընթացքից, կարող ենք ասել, որ, բնականաբար, ղարաբաղյան հակամարտությունը և հատկապես ապրիլից հետո շատ ավելի մեծ ձևով տեղ է գտել այս համաձայնագրի մեջ։ Այսինքն՝ չի կարելի նման համաձայնագիր ունենալ, բանակցել և չխոսել ղարաբաղյան հարցի շուրջ, նույնիսկ եթե Արցախի հարցը կամ Արցախի հիմնախնդիրը նշված չէ թղթի վրա՝ նոր համաձայնագրի մեջ եթե նույնիսկ չի նշված, բայց ամեն պարագայում՝ շատ ավելի ինտենսիվորեն բանակցություններում սեղանի վրա դրված է Արցախի հարցը», – ասաց Դեմիրճյանը։

azatutyun.am

1