Ապրիլյան պատերազմը քաղաքական առեւտուր էր. Վլադիկ Դանիելյան
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Ապրիլյան պատերազմը քաղաքական առեւտուր էր. Վլադիկ Դանիելյան

Ապրիլյան պատերազմը քաղաքական առեւտուր էր. Վլադիկ Դանիելյան

— Որտե՞ղ է գյուղապետարանը,- հարցնում եմ Մեծ Թաղերի գյուղամիջում հավաքված մարդկանց:

— Ես էլ կոնկրետ չգիտեմ,- հարցիս կես կատակ կես լուրջ պատասխանում է 1998-ից գյուղապետի պարտականությունները ստանձնած, «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանակիր, ՀՅԴ Արցախի ԿԿ անդամ Վլադիկ Դանիելյանը, այնուհետեւ թաքցնում ձեռքերը տաբատի գրպաններում եւ բարձրանում գյուղի՝ թերեւս միակ անմխիթար վիճակում գտնվող շենքի՝ գյուղապետարանի ճռճռուն աստիճաններով:

Սենյակում 1975 թվականի շունչն  է (վերջին անգամ այդ թվին է շենքը վերանորոգվել)՝ տեղ-տեղ գունաթափված ալ կարմիր հատակ, վերեւը՝ նույներանգ մաշած գորգ, հին սպասքապահարան՝ կոկիկ շարված թուղթ-գրքերով, եռագույն դրոշ, սենյակի անկյունում գանձապահարան՝ դատարկ՝ ինչպես կասեր գյուղապետը: Վլադիկը նստում է «Т»-աձեւ հին սեղանի գլխին, ես՝  հակառակ կողմում:

Երկու տասնյակ, ինը տարի համայնքի ղեկավար Վլադիկ Դանիելյանը

Վլադիկ Դանիելյանը Մեծ Թաղերում հայտնի Աղաբեկյան տոհմի կարկառուն ներկայացուցիչն է. եւ իր մայրն էր Աղաբեկյան, եւ հոր մայրը, իսկ Դանիելյան ազգանունը ժառանգել է հորից: Ասում է՝ 75%-ով Աղաբեկյան եմ, 25%-ով` Դանիելյան:

Ուսումը հարգող գերդաստանում մեծացած Վլադիկը Մեծ Թաղերի դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Երեւանի պետական համալսարանի մեխանիկա-մաթեմատիկական ֆակուլտետ: Ավարտելուն պես վերադարձել է գյուղ եւ աշխատանքի անցել Մեծ Թաղերի միջնակարգ դպրոցում՝ միաժամանակ դասավանդելով աշխարհագրություն, մաթեմատիկա, ինֆորմատիկա եւ ֆիզկուլտուրա առարկաները:

Երիտասարդ տարիքից իր վրա է վերցրել ընտանիքի հոգսը, պատերազմի տարիներին՝ գյուղը պաշտպանելու, իսկ հրադադարի պայմանագիր ստորագրվելուց հետո՝ գյուղը զարգացնելու եւ շենացնելու պարտականությունը:

Արցախյան պատերազմի տարիներին նախ գործել է՝ որպես գումարտակի շտաբի պետի տեղակալ, ապա՝ որպես Հադրութի գնդի շտաբի պետի տեղակալ, իսկ 1995 թվականից՝ Հադրութի գնդի անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով փոխհրամանատար:

1998թ. սեպտեմբերի  26-ին տեղի ունեցած Մեծ Թաղերի տեղական ինքնակառավարման առաջին ընտրություններում ընտրվել է գյուղապետ եւ մինչ օրս վայելում է գյուղացիների մեծամասնության վստահության քվեն: «Տեռալում Ստալինը»՝ կատակում է Վլադիկ Դանիելյանը:

«Հնարավոր չէ 1515 բնակիչ ունեցող գյուղում բոլորի համար լավ գյուղապետ լինել: Սպառման հոգեբանությունն արմատավորվել է ժողովրդի մեջ: Բավական է մեկի հարյուր հոգսերից մեկը չկարողանաս լուծել, վերջ՝ դու լավ մարդ չես,- համեստորեն նշում է Վլադիկ Դանիելյանը: Նրա գյուղապետության ընթացքում արված աշխատանքները «հիշեցնելուց» հետո /գյուղը գազաֆիկացված է, «ջրարփիացված»՝ ինչպես նա է ասում, հատակը՝ սալապատված, գյուղում գործում է թանգարան ու էթնոկենտրոն, «Կաժ» էթնոկոմպլեքս, դարբնոց, իսկ  բնակչության գրեթե 95%-ն ունի աշխատանք/ նա նշեց. «Գյուղի զարգացմանը, բարգավաճմանը միտված բոլոր գործողությունները ես ողջունում եմ եւ մեծ սիրով տեղս կզիջեմ, սակայն ի՞նչ պետք է անեն, որ մենք չենք արել: Համ էլ՝ մենք հո փափուկ բարձերի վրա չենք աշխատում: Այսօր խղճուկ բյուջեից բացի գյուղապետարանին ոչ մի բան չի հատկացվում»:

Դե մենք белый ворон (սպիտակ ագռավ) ենք, չէ՞

Վլադիկ Դանիելյանի համոզմամբ՝ Արցախի Սահմանադրության նոր նախագծում չկա զարգացման միտում:

«1988 թվականին մեր թիվ մեկ խնդիրը Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի վերամիավորումն էր Հայաստանին: Մինչեւ այսօր, սակայն, չգիտեմ ում կախարդական փայտիկի միջոցով ու շնորհիվ վերամիավորման հարցը անուշադրության է մատնվում:

Ենթադրենք, թե մի օր այդ կախարդական փայտիկի ազդեցությունը սպառվի, եւ մի հրաշագործությամբ խնդիր դրվի երկու հանրապետությունների վերամիավորման: Հայաստանի Հանրապետությունն արդեն իսկ ընդունել է Սահմանադրություն, որտեղ ընդունված պետական կառավարման ձեւը խորհրդարանականն է, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, չգիտեմ ինչի, նախագահականն է ընտրում … белый ворон /սպիտակ ագռավ/ ենք, չէ՞: Մենք ուզում ենք ամեն ինչով տարբերվենք, չէ՞: Հարյուր բան կարողանում եմ ընկալեմ, դա՝ ոչ,- ասում է նա եւ ավելացնում,- ես չեմ հավատում շինծու հեքիաթներին: Վախենամ՝ այս ամենը մնա որպես հեքիաթ… »:

Ապրիլյան պատերազմը քաղաքական առեւտուր էր

Ապրիլյան պատերազմի մեջ ես առեւտուր եմ տեսնում: Առեւտրի սուբյեկտը կար, մուշտարին կար, գինն էլ որոշված էր, ուղղակի հանձնողին չեն գտել: Քաղաքական առեւտրի կազմակերպիչները հույսները դրել էին տասնութ տարեկան տղաների վրա, սակայն, բարեբախտաբար, նրանց սպասումները չարդարացան: Նրանք չարաչար սխալվեցին: Նոր սերունդը մի քայլ առաջ է, քան նրանք. դրանում պետք է համոզված լինեն:

Ո՞ւմ հող տանք, որպես ի՞նչ տանք: Հող գրավողն ու հող տվողը նախագահները չեն: Ի՞նչ քառօրյա պատերազմ: Այդպիսի անուն տալը սրիկայություն է: Ապրիլի մի քանի օրվա գործունեությունն ենք պատերազմ որակում, ի՞նչ է՝ մինչեւ ապրիլը պատերա՞զմ չէր, հիմա պատերազմ չէ՞:

Դժբախտաբար, շատերն են ասում, որ Ղարաբաղը գտնվում է ոչ պատերազմ, ոչ խաղաղություն կարգավիճակում, բայց ես կոչ կանեի բոլորին՝ վերափոխել այդ արտահայտությունը, քանի որ մենք գտվում ենք ե՛ւ պատերազմ, ե՛ւ խաղաղություն  կարգավիճակում:

25 տարվա արվածչարվածը

Ապրիլյան պատերազմն ինձ համար ե՛ւ հաղթանակ էր, ե՛ւ պարտություն: Պատերազմը, որպես այդպիսին, միակողմանի դիտարկել հնարավոր չէ: Այս տարիների ընթացքում մենք ինքներս մեզ համոզել ենք, որ ունենք անպարտելի բանակ: Այնինչ՝ ապրիլյան դեպքերն ապացուցեցին, որ ահռելի գործ կա անելու անկոտրուն բանակ ունենալու համար:

Մենք որեւէ միջազգային կառույցի չենք ապացուցել, որ այս հողերը մեր պատմական Հայաստանի տարածքներն են: Ոչ քաղաքական դաշտում է աշխատանք կատարվում, ոչ էլ գաղափարական. այդ դեպքում ո՞ւմից ենք նեղանում:

Ուրախանում ենք, որ ասենք թե Մոզամբիկը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Ընկեր, ենթադրենք՝ մի հրաշքով աշխարհի բոլոր պետությունները ճանաչեն Հայոց ցեղասպանությունը, հերթական քայլը ո՞րն է լինելու, ի՞նչ ենք անելու: Մինչ օրս մենք չունենք մշակված ռազմավարություն: Չկա հիմնավորված հայեցակարգ, կան ուղղակի պատեհ, տվյալ առիթին համապատասխան ինչ-որ նկրտումներ, որոնք ռազմավարություն անվանվելուց շատ հեռու են:

Պետք է ձեռնարկել ոչ թե Հայոց Ցեղասպանության ճանաչմանն ուղղված քայլեր, այլ հայ ժողովրդի անցյալը, ներկան ու ապագան պետք է ներկայացվի համաշխարհային հանրությանը: Մոզամբիկցին պետք է իմանա՝ հայն ով է, «վեր մեկալօրեն ծնված թորքը համարձակվեվեչ պերանը պեցանե»:

Մինչ օրս  չենք ուզում ազատվել պռոռուսական ճղճիմ  քաղաքականությունից: Ի՞նչ է արել ռուսը մեզ համար:

Черно-белый /սեւ-սպիտակ/ մարդ եմ դարձել. «սվսվենե, պատառ սիպտկվաեն, միխրեգ սիպտակ, միխրեգ սեւ մարդկանց ընդունում չում»: Մեր թշնամուն զենք մատակարարող պետության հետ ուզում ենք բարեկամանալ, հանուն ինչի՞ ենք նրան ռազմավարական գործընկեր անվանում, որ ի՞նչ: Այսօրվա հետխորհրդային տարածքի ոչ մի երկրի վրա ռուսը էնքան չի մատը թափ տալիս, ինչքան Հայաստանի Հանրապետության իշխանությունների վրա:

«Վեչինչ չէ, վեր ղաթումը հադրութա բարբառավում խուսես՞,- ասում է նա ու գլխիս համաձայնության նշանից հետո շարունակում,- մի կարեւոր կետ էլ կա. երկրի կայացման թիվ մեկ խնդիրը տեղական ինքնակառավարման մարմինների կայացումն է, որը, դժբախտաբար, վերջին տասնինը տարիների ընթացքում դոփեց նույն տեղում»:

Ապագայի տեսլականը

Ապագան միայն ԼՂՀ ՊԲ-ի ուժեղացման մեջ է, որպեսզի պատերազմի այս փուլում, XXI դարում մենք չգոռանք խաղաղություն, այլ պարտադրենք խաղաղություն:

Հայաստանի զինված ուժերն այնքան պետք է ուժեղանան, որ Բաքուն կապիտուլացիայի ակտ ստորագրի, այն էլ՝ Բաքվում: Դա է երազանքս:

Հ.Գ. Հարցերս վերջացան, ինչ-որ բան ունե՞ք ավելացնելու:

— Հա, օզումում քինինք մի կտոր հաց օտինք,- ասում է զրուցակիցս:

Լուսինե Թեւոսյան

 

1