«ԱՊԱՌԱԺ» ԹԵՐԹԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ ԱՐԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՀԵՏ
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » հարցազրույց » «ԱՊԱՌԱԺ» ԹԵՐԹԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ ԱՐԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՀԵՏ

«ԱՊԱՌԱԺ» ԹԵՐԹԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ ԱՐԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՀԵՏ

-Պարոն վարչապետ, վերջին տարիներին մեր երկրի առանձնահատկություններից է, որ այն  քաղաքական ուժերը, որոնք ընդգրկվում են օրենսդիր իշխանության մեջ, պարտադիր չէ, որ որպես քաղաքական ուժ ընդգրկվեն նաեւ  գործադիրում: Այս դեպքում ո՞րն է քաղաքական ուժերի դերը  գործադիր իշխանության մեջ:

 

-Կառավարական ցանկացած ծրագիր հաստատելուց և իրականացնելուց առաջ քննարկում ենք քաղաքական ուժերի հետ, լսում նրանց տեսակետները և, անհրաժեշտության դեպքում, շտկումներ մտցնում այդ ծրագրերում: Բացի դրանից, պետական նշանակության բոլոր կարևորագույն փաստաթղթերը` պետբյուջե, կառավարության գործունեության ծրագիր և այլն, արժանանում են Ազգային ժողովի շահագրգիռ քննարկմանն ու գնահատականին: Ասել է թե` քաղաքական ուժերը ակտիվորեն ներգրավված են գործադիրի աշխատանքում: Ուղղակի այլ հարց է, թե այդ ներգրավվածությունը իրավական ինչ ձևավակերպում ունի:

 

-Պարոն Հարությունյան, մեզ հետաքրքրում է, թե <<Ազատ  հայրենիք>> կուսակցության ղեկավարի` այս եւ անցած անգամ վարչապետի  պաշտոնում  նշանակումը նախագահի կողմից,  պայմանավորվա՞ծ է   խորհրդարանում  <<Ազատ  հայրենիք>> կուսակցության ունեցած կշռի  հետ: 

 

-Կարելի է պատասխանել և’ այո, և’ ոչ:

 

-Պարոն վարչապետ, համեմատելով կառավարության  գործունեության անցած եւ ներկա ծրագրերը, նկատում ենք, որ բարեփոխումների մի շարք է զետեղված, որի գոնե կիսով  չափ իրականացումն արդեն  խոստումնալից է: Որո՞նք են այն նախադրյալները, որոնք  հնարավորություն են տալիս իրականացնելու այն, ինչը կառավարության  անցած շրջանում, փաստոորն հնարավոր չէր:

 

-Կառավարության գործունեության ամենակարևոր ցուցանիշը տնտեսական աճն է, ՀՆԱ-ն` իր բոլոր բաղադրիչներով: Մեր հանրապետության մակրոտնտեսական ցուցանիշները նախորդ տարիներին ունեցել են միայն շեշտված դրական միտումներ: Մենք լուրջ հաջողություններ ենք արձանագրել մի շարք ճյուղերում, մասնավորապես, հանքարդյունաբերությունում, էներգետիկայում, գյուղատնտեսությունում, շինարարությունում և այլն: Այդ ամենը հենց այն նախադրյալներն են, որոնք մեզ հնարավորություն են տալու իրականացնել պետական նոր ու նշանակալից ծրագրեր:

 

-Օգտվելով առիթից ուզում եմ պարզաբանեք նաեւ հասարակության մեջ անհանգստություն առաջացրած երկրում նոր զարգացող հանքաարդյունաբերության  կազմակերպման հետ առնչվող  որոշ հարցեր: Մարտակերտի շրջանի Վարդաձոր համայնքում նոր հանքի շահագործումը բնակչությանն առաջացրած նյութական եւ հոգեբանական  վնասի, ինչպես նաեւ մի քանի ընտանիքների տեղահանման հետ կապված,  առկա են   շահագործող կազմակերպության փոխհատուցման պայմանների անբավարարության եւ բողոքի դրսեւորումներ: Ինչպե՞ս  եւ ինչ ժամկետներում է կազմակերպվելու բնակչության փոխհատուցումը:

 

— Նախ, նշեմ, որ հանքարդյունաբերությունում նախատեսված  նոր ծրագրերի իրականացման ժամանակ մենք հետևողական ենք լինելու շրջակա միջավայրի պահպանության գործում: Նպաստելու ենք, որ հանրային ուժեղ վերահսկողություն լինի այդ բնագավառում: Ինչ վերաբերում է փոխհատուցումներին, հավաստում եմ, որ դրանք լինելու են ժամանակին և համարժեք: Տեղի բնակիչներին փոխհատուցումը տրվելու է հանքը շահագործող ընկերության, այսինքն` «Բեյզ Մեթըլս»-ի կողմից: Իսկ պետությունը լուրջ վերահսկողություն է սահմանելու, որ ընկերությունը պատշաճ մակարդակով կատարի իր պարտականությունները:

 

 

Սեւակ ԽԱՉԱՏՐՅԱՆ

1