Ապահովենք հասարակության մասնակցությունը
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » «Ապառաժ»-ի խմբագրական » Ապահովենք հասարակության մասնակցությունը

Ապահովենք հասարակության մասնակցությունը

Ժողովրդավարական կառավարման համակարգը կիրառած երկրները երբեմն կանգնում են հենց ժողովրդավարությունից բխած դժվարությունների առաջ: Հարցը նրանում է, որ ժողովուրդն ինքնին ինչքանով է պատրաստ կիրառել իրեն տրված լիազորությունները և, բնականաբար, պատասխանատվությունը կառավարման համակարգում մասնակից դառնալու և իր ճակատագիրը տնօրինելու համար: Ժողովրդավարական սկզբունքից ելնելով՝ այդ լիազորությունից օգտվելը ժողովրդի բացարձակ իրավունքն է:

Ժողովրդավարության համակարգի կիրառումը չպետք է միայն սահմանափակել ընտրություններին մասնակցությամբ և ձայն տալու արարողակարգով: Հատկապես Եվրոպական երկրներում առավել ուշադրության առարկա է մասնակցային ժողովրդավարության մոդելը, որտեղ ենթադրվում է գործիքակազմ ստեղծել, որպեսզի հասարակության զանազան շերտեր առավել դերակատարություն ապահովեն կառավարման համակարգում՝ այսպիսով լուծելով ժողովրդի թե լիազորությունից օգտվելու և թե պատասխանատվության ընդլայման խնդիրները: Բնական է, որ այս մասնակցության ապահովումը կնպաստի առավել հզոր պետության ունենալուն:

Մասնակցային ժողովրդավարություն ունենալու համար, ինչպես ասվեց, զանազան կառույցներ և համակարգեր կարելի է կիրառել, այդ թվում՝ կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների աշխատանքային ուղղվածությունից սկսած մինչև օրենսդրական միջամտություններ: Որպես օրինակ, փաստ է, որ խորհրդարանական համակարգով առաջնորդվող երկրներում ավելի են ընդլայնվում պատասխանատվության մակարդակները, և, բնականաբար, կառավարման համակարգում հասարակության  մասնակցությունն ավելի շոշափելի է դառնում: Ինչևէ, Արցախի Սահմանադրությունը մեզ թույլ չի տալիս երկրի կառավարման վերին օղակներում բարձրացնել պատասխանատվության և իրավասությունների, ինչպես նաև վերահսկողության լծակների համատարածությունը: Սակայն դրանով ամեն ինչ կորած չպետք է համարել:

Եվրոպական փորձը ցույց է տալիս, որ տեղական ինքնակառավարման համակարգը կարող է լուծել նշված խնդիրների  զգալի մասը:

Արցախում հետաձգված են ավելի քան 80 համայնքների ընտրություններ: Հասկանալի է, որ նախ՝ հետաձգման պատճառը 2016 թվական ապրիլյան պատերազմն էր, և հետո՝ Սահմանադրության ընդունմամբ ՏԻՄ նոր օրենքի մշակման անհրաժեշտությունը: Երկրի համայնքների ավելի քան մեկ չորրորդի ընտրությունների հետաձգվելը անկախ պատճառից՝ վկայում է մի բանի մասին՝ ՏԻՄ համակարգի  չկայացվածության: Եվ դեռ հարց է՝ ընտրությունների կայանալու պարագային ինչպիսի ակտիվություն կարելի է ակնկալել թե քաղաքական կուսակցությունների և թե հասարակության մասնակցության հարցում:

Դաշնակցության համար, որպես սկզբունք, միշտ կարևորվել է հասարակության և իշխանությունների անմիջական շփումն ու խնդիրների վերհանումը: Պահն է ահազանգ հնչեցնելու՝ ՏԻՄ համակարգի անգործության շարունակությունը  հասարակություն-իշխանություն տարանջատման հիմնական պատճառներից է, և այդ տարանջատումն օր օրի ավելի է խորանում: Ի դեպ, այս երևույթը ցայտուն է դառնում Դաշնակցության խմբակցության անդամների՝ համայնքներ կատարած այցելությունների ընթացքում:

ՏԻՄ համակարգի կայացումն ու այդ համակարգի լիազորություններով օժտելու գործընթացը վերջերս կարևորվում է նաև Հայաստանի Հանրապետությունում և դարձել է ՀՀ կառավարության ուշադրության առացքային թեմաներից մեկը: Պետք է օգտվել ՀՀ փորձից և օր առաջ կարգավորել Արցախի կառավարման համակարգի այդ ոլորտը:

«Ապառաժ»-ի խմբագրական, 17 նոյեմբերի, 2017թ.

1