Ապակայունացնող երևույթներով չի կարելի Իրանին ինչ-որ բան պարտադրել
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » Ապակայունացնող երևույթներով չի կարելի Իրանին ինչ-որ բան պարտադրել

Ապակայունացնող երևույթներով չի կարելի Իրանին ինչ-որ բան պարտադրել

Իրանի Մեջլիսի հայազգի պատգամավոր Կարեն Խանլարյանի խոսքով՝ Իրանում տեղի ունեցող դժգոհությունների հիմքում ընկած են և՛ սոցիալական դժգոհությունները, և՛ արտաքին ազդակները։ Նա Tert.am-ի հետ զրույցում մատնանշեց՝ նման բողոքի ալիքները Իրանում նախկինում էլ են եղել, այն իր բնույթով աննախադեպ չէր:

Իսկ այն, որ վերջին տարիների ընթացքում դժգոհություններ կային երկրի կառավարության վարած տնտեսական քաղաքականությունից, ակնհայտ էր: Դժգոհությունները, ըստ նրա, եղան Իրանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու արդյունքում:

«Վերջին բանակցություններն էլ միջուկային ծրագրի վերաբերյալ, ենթադրվում էր, որ կմեղմացնեին այդ պատժամիջոցները, աստիճանաբար կվերանային դրանք, սակայն այդպես չեղավ: Այդ պատժամիջոցները ոչ միայն չվերացան, այլ նաև ավելացան, որպեսզի Իրանին ինչ-որ բան պարտադրվեր»,- ասաց նա՝ նկատելով, որ իր ասածը պետք է դիտարկել տարածաշրջանային քաղաքականության մեջ:

Կարեն Խանլարյանի խոսքով՝ Իրանի հասարակության սոցիալական դժգոհությունների ալիքի վրա հիմնվեց նաև քաղաքական դժգոհությունը: Այստեղ իրենց դերն ունեն, ըստ նրա, ոչ միայն ԱՄՆ-ը, այլ վերջինիս՝ այս տարածաշրջանում ունեցած դաշնակիցները, մասնավորապես՝ Սաուդյան Արաբիան, Իսրայելը և Թուրքիան:

«Թուրքիան աներևույթ է գործում․ իբրև թե խնդիրներ չունի Իրանի հետ, դաշնակիցներ են, բայց ոչ բացահայտ կերպով Թուրքիան բարձրացավ այդ ալիքի վրա»,- նշեց նա:

Դժգոհությունները Իրանի նախագահ Հասան Ռոհանիի և նրա կառավարությանն են ուղղված: Նա հիշատակեց՝ որոշ ժամանակ առաջ Ռոհանին Իրանի մեջլիսին էր առաջարկել բենզինի գները բարձրացնել, բայց դեռ չբարձրացած լուրեր տարածվեցին, թե արդեն բարձրացել են:

«Բողոքը հենց կառավարության դեմ էր: Խորհրդարանը, կարծում եմ, այս առաջարկին դեմ կարտահայտվի ի վերջո: Բայց ապատեղեկատվություն է տարածվել գործադիր իշխանության, նախագահ Ռոհանիի տնտեսական քայլերի դեմ»,- ասաց նա:

Իրանահայ պատգամավորի խոսքով՝ վերջին տարիներին ընդհանրապես խորհրդարանի դիմաց հաճախ էին տարբեր խավեր բողոքի ակցիաներ անում: «Բողոքներ միշտ էլ լինում են, և դրանց ընթացքում ինչ-որ լուծումներ տրվում են: Բայց այս անգամ կարծես դուրս եկան նրանք իրենց բնական հունից, ինչը կարծում եմ՝ մի շարք քաղաքական շրջանակների կողմից կազմակերպված էր, նպատակն էլ, ինձ համար պարզ է՝ պարտադրել Իրանին, որ համակերպվի տարածաշրջանում ինչ-որ քաղաքականության»,- ասաց նա:

Դիտարկմանն ի պատասխան, թե ինչպիսի իրավիճակ է կանխատեսում Իրանի համար այն դեպքում, երբ ԱՄՆ-ն և նրան դաշնակցողներն օգտվում են իրավիճակից, Կարեն Խանրալյանը նկատեց, որ ԱՄՆ-ում արդեն լավ հասկացել են, որ չի կարելի Իրանին այդ ոճով պատասխան տալ:

«ԱՄՆ-ի քաղաքականության մեջ արդեն նահանջ, հետքայլ նկատվում է այս համատեքստում: Չեմ հասկանում, թե ինչու են ամերիկացիներն անընդհատ փորձում նույն բանը: Պետք է հասկանան, որ ներքին խժդժություններ ստեղծելով, ապակայունացնող երևույթներով չի կարելի Իրանին ինչ-որ բան պարտադրել,- ասաց նա՝ հավելելով, որ Իրանում նման իրավիճակները ժողովրդավարական բոլոր ձևերով հանդարտեցնել գիտեն,- եթե ԱՄՆ-ն Իրանի հետ բանակցությունների միջոցով հարցերը պարզեր, ապա ավելի առաջ կգնար, արդյունքի կհասներ, քան այսպիսի ձևերով»:

Հայաստան-Իրան հարաբերությունների վրա, ըստ Կարեն Խանլարյանի, Իրանում տեղի ունեցողն իր ազդեցությունը չի ունենա: «Բայց մեկ բան չպետք է մոռանանք․ Իրանը Հայաստանի և հայության համար ռազմավարական գործընկեր է: Կարծում եմ՝ հզոր Իրանն է, որ կարող է գործընկեր լինել հարևանների, այս դեպքում, Հայաստանի համար: Ապակայունացած վիճակում Իրանը կարող է նույնիսկ աղետաբեր լինել տարածաշրջանի համար, Իրանի այս ստատուս քվոն է, որ խաղաղության կամ հանդարտության հեռանկար է պարզում այս տարածաշրջանում: Եթե Իրանն իր այս ռազմավարական հզորությունը կորցնի, կարծում եմ, այս տարածաշրջանն էլ ավելի կմխրճվի աղետալի իրավիճակների մեջ, որոնք անվերադարձ կլինեն բոլորի համար»:

Հարցին, թե ինչ է կարծում՝ արդյո՞ք Հայաստանը պետք է իր դիրքորոշումը հայտնի Իրանում տեղի ունեցողի վերաբերյալ, որպես հարևան երկիր, Կարեն Խանլարյանը պատասխանեց․ «Ես, որպես Իրանի քաղաքացի, միշտ ակնկալում եմ Հայաստանից, որպես Իրանին առնչակից երկիր և ամենամոտ երկրներից մեկը, որ իրանաֆոբիային, որը տարածում են արևմտյան որոշ երկրներ, վերջ դնի․ Հայաստանն ու հայությունը Իրանի և՛ քաղաքակրթությանը, և՛ անցյալին, և՛ ներկային լավ ծանոթ են, գիտեն, որ Իրանն այն դեմքը չունի, որ փորձ է արվում ներկայացնել աշխարհին: Շատերը փորձում են Իրանին ներկայացնել որպես ահաբեկիչ պետություն, բայց մենք գիտենք, որ այդպես չէ, գիտենք, որ Իրանն այս տարածաշրջանի անկայունության մեջ եղել է կայունության կղզյակը, իսկ դա բխում է Իրանի անցյալից, քաղաքական փորձից: Մենք պետք է, որպես այս ամենին գիտակ, աշխարհին դա ներկայացնենք, այս հարցում Հայաստանի դիվանագիտական կորպուսը կարող է ունենալ շատ դրական դերակատարություն: Այդ ամրագրումները հիմա պետք են, քանի որ տարածաշրջանը գտնվում է նոր ձևավորումների փուլում»,- ասաց նա:

1