«Աշխարհը Լոռվա ձորերում»՝ առաջնախաղ արցախյան բեմում
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » «Աշխարհը Լոռվա ձորերում»՝ առաջնախաղ արցախյան բեմում

«Աշխարհը Լոռվա ձորերում»՝ առաջնախաղ արցախյան բեմում

Ապրիլի 27-ին Ստեփանակերտի Մշակույթի և երիտասարդության պալատում կայացավ Վ. Օվյանի «Աշխարհը Լոռվա ձորերում» թատերախաղի բեմադրությունը:

«Հիմա թատրոնը լուրջ խաղացանկ ստեղծելու խնդիր ունի,  խաղացանկի մեջ պետք է ընդգրկված լինեն տարբեր ոճերի ստեղծագործություններ՝ մանկականից մինչև դրամատիկական բարձր ստեղծագործություններ, և  դրանց կողքին պետք է իր ուրույն տեղն ունենա հայկական դրամատուրգիան»,- կարծում է Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուզաննա Խաչատրյանը և ավելացնում, որ հայկական արժեքավոր գործերը պետք է տեղ գտնեն թատրոնի խաղացանկում:

Նրա խոսքով՝ թատրոնը ծառայում էր ազգայինը պահելու լուրջ առաքելությանը և այսօր փորձում են նորից վերականգնել դա, մեր հանդիսատեսին ներկայացնել մեր լավագույն ստեղծագործությունները, նորից շունչ տալ ազգայինին:

Պիեսը 1969թ. թատրոնում բեմադրվել է (հեղինակ՝ Վազգեն Օվյան), Թումանյանի դերում խաղացել է Բենիկ Օվչյանը: Այն մեծ հաջողություն է ունեցել, շատերն այսօր էլ հիշում են այդ փառահեղ ներկայացումը: «Եվ այդ առումով ռիսկային էր նորից պիեսին ադրադառնալը, մանավանդ, որ շենքային նորմալ պայմաններ չունենք, բեմ չունենք, որտեղ կարող ենք լիարժեք անցկացնել փորձերը և լիարժեք ներկայացում ստեղծել: Նկարչի հետ հսկայական աշխատանք ենք արել, բեմական միջավայր ստեղծելու համար»,- նշում է թատրոնի գեղարվեստական ղեկավարը:

Չնայած բեմական համապատասխան պայմանների բացակայությանը, թատրոնի անձնակազմին հաջողվել էր դերասանական հիանալի խաղի, հետաքրքիր անցումների միջոցով հանդիսատեսին փոխանցել թումանյանական շունչը, տեղափոխել դեպի Լոռվա ձորերի աշխարհը:

1