Անունը կա, ամանում չկա
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Անունը կա, ամանում չկա

Անունը կա, ամանում չկա

Ժողովրդական իմաստության այս հակընդդեմ, բայց լայն տարածում ստացած արտահայտությունը, երևի համաձայնեք, դիպուկ բնորոշում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո ղարաբաղաադրբեջանական հակամարտության խաղաղ, բանակցային կարգավորման ներկայիս գործընթացը։ Ասել է թե՝ բուն բանակցային գործընթացը՝ անունը, շարունակաբար շրջանառվում է ամենատարբեր մակարդակների սեղանների շուրջ, բայց ահա այդ անվան բովանդակությունը՝ ամանը, դարձյալ շարունակաբար, մնում է դատարկ։ Եվ ամեն հանդիպման ստացվում է ապշելու աստիճան տարօրինակ հավաք-հյուրընկալություն, որը միանգամայն հակասում է ինչպես, ժողովրդական արտահայտությամբ ասած, <<մի կտոր աղ ու հացի>> կամ, դիվանագիտական եզրույթով, բանակցելու հրավիրված բարձրաստիճան հյուրերի՝ հակամարտ կողմերի, նույնպես և սեղանապետերի՝ միջազգային միջնորդների, անգամ հյուրընկալ տանտերերի ազգային ավանդույթներին։ Ընդ որում՝ հավաքում մթնոլորտի ջերմացման վրա ոչ մի կերպ չի ազդում ոչ սեղանապետերի և ոչ էլ հանդիպման վայրի փոփոխությունը։

Ի՞նչ է կատարվում՝ երևի հարցնեք։ Էհ, Աստված գիտե։ Սա կնճռապատ հարցերի ամենաընդունված պատասխանն է աշխարհում։ Առհասարակ և ի մասնավորի։ Մանավանդ, դիվանագիտական ձախողումների պարագայում, երբ կամ, ընդունված կարգով, ամենայն կերպ քողարկվում է իրեն չարդարացրած ՙմի բերան խոսք ու զրույցի՚ ընթացքը և կամ, պատասխանատվությունից խուսափելու համար ամեն ինչ բարդվում է երկնային Ամենակարողի առանց այն էլ չափից դուրս ծանրաբեռ ուսերին։

Ուստի, կարծում եմ, ամենևին անսպասելի չէր այդ էլ քանիերորդ բանակցային ձախողումը, որ հերթական անգամ արձանագրվեց վերջերս՝ դեկտեմբերի 9-ին, գերմանական Համբուրգ քաղաքում՝ Էդվարդ Նալբանդյան-Էլմար Մամեդյարով հանդիպման արդյունքում։ Այն, ինչպես հայտնի է, կազմակերպվել էր ԵԱՀԿ նախարարական հանդիպման շրջանակներում, Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (ՌԴ), Ջեյմս Ուորլիքի (ԱՄՆ) և Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա) մասնակցությամբ։ Ի դեպ, արձանագրենք, համբուրգյան հանդիպման արդյունքը Մինսկի խմբի համանախագահների կազմում Պիեռ Անդրիոյին այս տարվա հոկտեմբերին փոխարինած դեսպան Վիսկոնտիի առաջին միջնորդական ձախողումն էր, ինչի կապակցությամբ, զուտ մարդկայնորեն, չենք կարող հեռակա կարգով ափսոսանք չարտահայտել, ըստ լրահոսի տեղեկատվության, բավական փորձառու այդ ֆրանսիացի դիվանագետին։ Հուսանք, Համբուրգի հանդիպումից օրեր անց՝ դեկտեմբերի 12-ին, Բաքվում նրա ունեցած բարձր մակարդակի հանդիպումների ժամանակ հյուրընկալ կողմը գոնե մի բերան սփոփանքի խոսք հնչեցրած կլինի այդ կապակցությամբ։

Բայց բանը պարոն Վիսկոնտիի դիվանագիտական փորձառության կամ ղարաբաղյան կարգավորման գործընթացում նրա միջնորդական առաքելության անփորձության մեջ չէ բնավ։ Բանը, առհասարակ, Մինսկի խմբի համանախագահության՝ հիմնախնդրի կարգավորման սկզբունքների և մոտեցումների մեջ է, երբ, նախ, անտեսվում ու բացառվում է երևույթի առաջացման ու զարգացման պատմական ատաղձը՝ այդտեղից բխող բառիս բուն իմաստով անհեթեթ եզրահանգումներով և ուղղորդումներով (Մադրիդյան սկզբունքներ), ապա՝ երբ բացարձակ ակնհայտը դիտարկվում ու ներկայացվում է որպես անորոշ և անիմանալի (ադրբեջանական ագրեսիան` 1991-1994թթ. և 2016թ. ապրիլ), այնուհետև՝ երբ ներողամտությամբ է ընկալվում հակամարտ կողմերից մեկի լկտիութան աստիճանի հասնող հանդուգն պահվածքը (շփման գծում դիտարկման մեխանիզմների տեղադրման և հարակից հարցերում Ադրբեջանի կոշտ դիրքորոշումը, ուժի կիրառման մշտական սպառնալիքները Բաքվից և դրանք իրագործելու անընդհատ փորձերը) և, վերջապես, երբ, իսպառ բացառելով խաղաղության պարտադրանքը, հավասարութան նշան է դրվում բանակցող կողմերի (հերթական ագրեսիայի դիմելու Բաքվի եռանդուն նախապատրաստություն և տարածաշրջանում վերջնական խաղաղության ձգտող Երևան) միջև։

Մինչդեռ, ինչպես պարզվում է, խնդիրը ԵԱՀԿ-ն չէ, այլ նրանք, ովքեր ապրիլին վերսկսեցին հակամարտությունը (թե ո՞վ կոնկրետ՝ ոչ մի խոսք): Այդ եզրահանգումը պատկանում է ԵԱՀԿ գործող նախագահ, Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին, որ նա Համբուրգում ներկայացրել է լրագրողների հետ հանդիպման ժամանակ` ի լրումն շեշտելով. ՙԼեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը միգուցե և փակուղում է, սակայն դրա մեղավորը ԵԱՀԿ-ն կամ ԵԱՀԿ նախագահությունը չէ՚:

Լավ, ասենք թե՝ պարոն Շտայնմայերին արդեն այնքան էլ հետաքրքիր չէ ղարաբաղյան հիմնախնդիրը, քանզի լրացել է ԵԱՀԿ գործող նախագահի նրա լիազորությունների մեկամյա ժամկետը և նա հեռանում է՝ մտաբերելով լատինական այն ասացվածքը, թե՝ ես արել եմ այնքան, ինչքան կարողացել եմ, թող գա նա, ով ավելին կանի։ Բայց ահա թե ինչ են ասում այն գործիչները, ովքեր դեռևս իրենց պաշտոններին են։ Խոսքս վերաբերում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ գերտերությունների՝ Ֆրանսիայի, Ռուսաստանի և Միացյալ Նահանգների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներին, ովքեր նույն Համբուրգում դեկտեմբերի 8-ին ընդունել են ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ համատեղ հայտարարություն։

Եվ այսպես, կողմերին հիշեցնելով, որ կարգավորումը պետք է հիմնվի Հելսինկիի եզրափակիչ ակտի սկզբունքների վրա, մասնավորապես՝ ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության, ժողովուրդների հավասար իրավունքների և ազատ ինքնորոշման վրա, փաստաթղթի հեղինակ նախարարները միաժամանակ, որպես համանախագահող երկրների նախագահների կողմից առաջարկված լրացուցիչ տարրեր, վերաշարադրում են, Մադրիդյան սկզբունքների այն դրույթները, համաձայն որոնց` Լեռնային Ղարաբաղին հարակից տարածքները պետք է վերադարձվեն Ադրբեջանի վերահսկողությանը, բոլոր տեղահանվածներին և փախստականներին (անկասկած, նկատի է առնվում բացառապես ադրբեջանական ազգության քաղաքացիներին) իրավունք վերապահել վերադառնալու իրենց բնակության նախկին վայրեր։ Ընդ որում՝ Լեռնային Ղարաբաղն օժտվում է ժամանակավոր կարգավիճակով, որը ՙնրան կտա անվտանգության և ինքնակառավարման երաշխիքներ՚, իսկ Լեռնային Ղարաբաղի ապագա իրավական կարգավիճակը կսահմանվի ՙպարտադիր իրավական ուժ ունեցող կամարտահայտությամբ՚։

Թե ինչ աստիճան անորոշ ու հեղհեղուկ են այդ տարրերը Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակի կապակցությամբ, կարծում եմ, անզեն աչքի համար անգամ հստակ տեսանելի է։ Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղին հարակից տարածքները Ադրբեջանի վերահսկողությանը վերադարձնելու խնդրի և բոլոր տեղահանվածների ու փախստականների (այստեղ՝ ադրբեջանցիների) իրենց բնակության նախկին վայրեր վերադառնալու իրավունքի ամրագրմանը, ապա այստեղ արդեն պարտադրանքի գործոնն է գերիշխող։ Երևի թե այստեղ են ասել՝ հոնքը շինելու տեղ աչքն են կուրացնում։

Այնուամենայնիվ, հետաքրքիր է իմանալ՝ այսպես ու՞ր ենք գնում։ Չէ, երևի թե սխալ ձևակերպեցի հարցս, քանզի մենք չենք գնում և այդպես մենք չենք ուզում գնալ, մեզ տանում են կամ փորձում են տանել, այսպես կոչված, ՙեվրոպական արդարադատության՚ եռաձի կառքով, աչքներս նախապես կապելով ինչ որ անթափանցիկ լաթով։ Ուստի, փոխում եմ հարցս՝ այսպես մեզ ու՞ր են տանում…

Միքայել ՀԱՋՅԱՆ

1