Անմահության բանաձևը
Ապրիլի 29-ի լույս 30-ի գիշերը, երբ Սարգիսի հորը հայտնեցին, որ որդին ոտքից վիրավոր է և գտնվում է Մարտակերտի զինվորական հոսպիտալում, հայրն անհապաղ մեկնում է Մարտակերտ: Ու երբ հայրն հոսպիտալի բժիշկներին ասում է ՝ ինձ ասել են ,որ իմ տղան թեթև վիրավորված է, իսկ այդ զինվորի ի՞նչն է վիրավոր, որ ամբողջ հոսպիտալի բժիշկները հավաքվել են ՝ բժիշկներից մեկը չճանաչելով Սարգիսի հայրիկին ասում է՝ դու ասա, այս տղայի ի՞նչը չի վիրավոր, բոլոր ներքին օրգանները վնասված են ու այդ պահին մի սպա ասում է՝ ծանոթացեք բժիշկներ, հերոսի հայրն է…
Երիտասարդն ում մասին կփորձեմ գրել, կապույտ, երբեմն էլ՝ մոխրագույն աչքերով Սարգիսն է, Սարգիս Արթուրի Գասպարյան: Հարազատներն ու ընկերները նրան Սաք էին անվանում: Հայրենիքի հանդեպ նրա սերը դեռ փոքրուց էր տեսանելի: Այն ամենը, ինչ բանակին էր վերաբերվում, նա առանձնակի հետաքրքրություն և ուշադրություն էր ցուցաբերում: Փոքր ժամանակ հաճախ էր իր հայրիկի հետ պարապում՝ իբրև արդեն հայրենիքի զինվոր ու հետևում էր հրամանատարի՝ այսինքն՝ հայրիկի աջ, ձախ, զգաստ հրամաններին: Փոքր քրոջ՝ Իննայի խոսքով Սարգիսը դեռ մանկությունից էր միայնակ բոլոր տեսակի դժվարությունները հաղթահարում: Շատ էր սիրում քարեր, ժայռեր, կիրճեր բարձրանալ, անտառներում զբոսնել, սիրում էր մեքենաներ վերանորոգել: Սարգիսն ու Ինգան իրար հետ շատ էին կապված, նրանց տարիքային տարբերությունը մեկ տարի տաս ամիս էր: Նա շատ ուշադիր էր իր երկու քույրերի՝ Ինգայի և Իննայի նկատմամբ:
20-ամյա հերոսն ավարտել էր Երևանի Տնտեսագիտական քոլեջը, այնուհետև՝ ընդունվել Ստեփանակերտի «Մեսրոպ Մաշտոց» համալսարան: 2-րդ կուրսում զորակոչվել է բանակ, իսկ վերադարձից հետո՝ մտադիր է եղել փոխել մասնագիտությունը: Նա ընտրել էր ռադիոֆիզիկայի բաժինը: Մեծ սեր է ունեցել այդ մասնագիտության հանդեպ: Սարգիսը նաև ստեղծագործում էր, բանաստեղծություններ էր գրում, ցավոք, հարազատները նրա ստեղծագործական տաղանդը բացահայտել են զոհվելուց հետո: Սարգիսը մեծ նպատակներ ուներ ապագայի հետ կապված: Նա մտադիր էր ավարտել համալսարանը, ինչպես ինքն էր ասում՝ ոտքի կանգներ, կայանար, և իհարկե, ընտանիք կազմեր իր սիրելի աղջկա հետ:
Սարգիսը 2016թ. փետրվարի 5-ին զորացրվել էր, սակայն, երբ սկսվեց ապրիլյան պատերազմը, Սարգիսն այն քաջորդիներից էր, ով նետվեց մարտի դաշտ առանց վարանելու, քանզի հայրենիքի հանդեպ սերն ուժեղ էր, որովհետև գեներում արցախյան ազատամարտին մասնակցած հոր ոգին էր: Երբ քույրը նրա հետ վերջին անգամ խոսել է, խնդրել է, որ զգույշ լինի, սակայն Սարգիսը հանգստացրել է քրոջն ու պատասխանել. «Մի անհանգստացի՛ր, իմ պահապան հրեշտակն ինձ հետ է»: Մայիսի 1-ին պիտի գար տուն, հարազատները սպասում էին անհամբեր… Սակայն ապրիլի 29-ի լույս 30-ի գիշերը, երեկոյան ժամին թշնամին նորից կրակ էր բացել: Ընկերների պատմելով Սարգիսը հերթապահությունը հանձնել է և գնացել հանգստանալու: Հենց այդ պահին էլ սկսվել է կրակահերթը: Սարգիսը օգնության է նետվել կամավորական Վազգեն Հենրիխի Հարությունյանին: Վերջինս մահացու վիրավորվել էր ու նրա կյանքը ևս չէր հաջողվել փրկել: Վազգենը նույնպես Շուշի քաղաքից էր: Հենց այդ պահին թշնամու գնդակը վիրավորել է Սարգսին՝ ոտքի հատվածում, իսկ այնուհետև՝ որովայնի շրջանում, վնասվել էին նրա գրեթե բոլոր ներքին օրգանները: Ինչպես պատմում են նրան փրկած Սասուն Ղազարյանը և Սասուն Սահակյանը, Սարգիսը չի էլ հասկացել, որ որովայնի մասում վիրավորում է ստացել: Նրան թվացել է, թե ոտքի վիրավորումից ու ցավից է թուլության զգացողությունը: Սասունը հարցրել է. «Սաք, ո՞նց ես, վախենու՞մ ես»: Սարգիսը պատասխանել է. «Չէ, լավ եմ, ուղղակի փորիս մասում ինչ-որ տաքություն եմ զգում: Ինձ մի քիչ թույլ եմ զգում»: Բայց Սասունը հասկացել է, թե ինչո՞ւ է Սարգիսը փորի մասում տաքություն զգում»:
Սարգիս Գասպարյանին տեղափոխել էին հիվանդանոց: Մարտակերտում նրան վիրահատելուց հետո միայն, երբ վիճակը մի փոքր կայունացել էր՝ տեղափոխել էին Ստեփանակերտի զիվորական հոսպիտալ։ Սակայն Սարգսի վիճակը շարունակում էր մնալ ծանր: 36 ժամյա պայքարից հետո բժիշկներին չհաջողվեց փրկել մեր հերոս տղայի՝ Սարգիս Գասպարյանի կյանքը… Ավաղ, հերոս Սարգիս Գասպարյանը մահացավ մայիսի 1-ի լույս 2-ի գիշերը: Սասունն ասում է՝ չենք հավատում, որ Սաքին էլ չենք տեսնի, չէ՞ որ նա մեզ ասել է, որ ինքը յոթ կյանք ունի: Ընկերների պատմելով Սարգիսն արծվի պես ճախրում էր կրակահերթի տակ գտնվող ընկերներին փրկելու համար: Սարգիս Գասպարյանը միացել է իր նահատակ եղբայրներին… Փա՜ռք քեզ, հերո՛ս, քո սխրանքն անմահ է, քո անունը՝ մեր սրտերում…
Քրոջ խոսքով՝ Սարգիսը դեռ շատ նպատակներ ուներ, որոնք մնացին անկատար, իսկ Սարգիսն ընտանիքի միակ որդին էր, տան հույսն ու հավատը, ապավենը: Քույրը ևս շատ խոսքեր ուներ նրան ասելու, որոնք, սակայն չհասցրեց ասել ու այդ խոսքերը հիմա կուտակվել են. «Կուզեի նրան ասել, որ կյանքիցս շատ եմ սիրում, կուզեի ներողություն խնդրել՝ մեր անտեղի վեճերի համար, կուզեի ներողություն խնդրել, որ հեռու էի, որ չկարողացա, չհասցրի ասել, որ նրա նման եղբայր ունենալը պատիվ է ու հպարտություն…»:
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար Սարգիս Արթուրի Գասպարյանը հետմահու պարգևատրվել է Արիության համար եւ, «Մարտական ծառայություն» մեդալներով, ՀՀ մարտական ծառայության մեդալով:
Նարինե Հայրապետյան