Այսօր Վարդավառի տոնն է
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Երիտասարդական » Այսօր Վարդավառի տոնն է

Այսօր Վարդավառի տոնն է

Վարդավառը` Պայծառակերպություն հայոց ամենասիրված, ամենաուրախ և հիշարժան տոներից մեկն է: Վարդավառը կամ Քրիստոսի Պայծառակերպությունը Հայ Առաքելական Եկեղեցու հինգ տաղավար տոներից է: Այս տոնը նվիրված է Քրիստոսի այլակերպման նշանավոր իրադարձությանը, երբ նա Թաբոր լեռան վրա երևացել է իր աշակերտներին պայծառացած կերպարանքով:

 

Վարդավառը հայոց հնագույն տոներից է, այն տոնել են  հեթանես հայերը:  Հեթանոսական Հայաստանում Վարդավառի տոնը կապում էին  հայկական դիցարանի  ջրի, սիրո, պտղաբերության ու գեղեցկության աստվածուհի Աստղիկի և Վահագն աստծո սիրո պատմության հետ: Վարդավառի տոնը նշվում էր ժողովրդական մեծ հանդիսություններով: Վարդեր նվիրելով և ջուր լցնելով` Աստղիկը սեր էր տարածում ողջ Հայաստանով, իսկ Վահագնը, մշտապես պայքարելով չարի դեմ, պաշտպանում էր այդ սերը…

 

Տոնին միմյանց վրա ջուր լցնելու ժողովրդական սովորության վերաբերյալ կա ևս մի հին ավանդույթ, որը, թերևս սկզբնավորվել է ջրհեղեղը վերապրած մարդկության միջավայրում: Որոշ հետազոտողներ և աստվածաբաններ Վարդավառի տոնը կապում են Ջրհեղեղի և Նոյի տապանից իջնելու հետ, միմյանց վրա ջուր ցանելը, աղավնի բաց թողնելը` դիտելով իբրև Ջրհեղեղից ազատվելու արարողություն: Ըստ ավանդության, երբ Նոյը ջրհեղեղի ժամանակ հանգրվանում է Արարատ լեռան վրա և հետո իջնում է գագաթից, այդ օրվանից սկսվում է հայոց Նավասարդ ամիսը: Նոյը պատվիրում է իր որդիներին, ի հիշատակ ջրհեղեղի, իրար վրա ջուր լցնել:

 

Քրիստոնեության ընդունումից հետո տոնը արտաքին փոփոխության է ենթարկվում` պահպանելով, սակայն, իր էությունը: Եկեղեցին այն փոխարինում է Քրիստոսի այլակերպության կամ Պայծառակերպության տոնով: Պայծառակերպություն նշանակում է պայծառ կերպարանք, պայծառ տեսք ունենալ, իսկ ժողովրդական լեզվով անվանում էին Վարդավառ` Տիրոջը վարդի հետ համեմատելու պատճառով: Քրիստոսի պայծառակերպության մասին վկայում են Մատթևոս, Մարկոս, Ղուկաս ավետարանիչները. «Եվ նրա դեմքը փայլեց ինչպես արեգակը և նրա զգեստները դարձան սպիտակ ինչպես լույսը…Ինչպես վարդն է ծածկված լինում որպես կոկոն, այդպես էլ Տերը նախքան իր պայծառակերպվելը պահում է իր մեջ Աստվածության պայծառությունը: Եվ ինչպես վարդը բացվելով հայտնապես երևում է, այնպես էլ Տերն  այսօր պայծառակերպվելով հայտնում է իր Աստվածությունը»,- գրում է Գրիգոր Տաթևացին:

 

Վարդավառը տոնում էին ուխտագնացություններով դեպի նշանավոր լեռների սրբավայրերը և ջրերը: Հատկապես նշանավոր է Մշո սուրբ Կարապետ վանք կատարվող ուխտագնացությունը, որը ոչ միայն քրիստոնեական հավատքի, այլև ազգային նվիրումի վկայությունն էր:

 

Հնում Վարդավառը, թերևս միակ տոնն էր, որն ընտանիքի անդամներին, նույնիսկ ամբողջ ազգատոհմը հավաքելու կարևոր խորհուրդն ուներ, և նույնիսկ որոշ շրջաններում այդ օրը` հեռավոր քաղաքներում ապրող զավակներն ու հարազատները պարտադիր գալիս էին: Նրանք հանդիպում էին հայրական հարկի տակ, նվերներ փոխանակում, առնում միմյանց կարոտը, արտահայտում փոխադարձ սեր ու նվիրվածություն: Փաստորեն, դա նաև միակ տոնն էր, որը տարվա մեջ մեկ անգամ ազգակիցներին համախմբելու, նրանց կապը մշտապես պահպանելու դեր ուներ: Վարդավառը նաև իր մեջ պտղաբերության խորհուրդն էր կրում: Հնում տոնի առթիվ կազմակերպում էին խնջույքներ և մեծ շուքով տոնում էին այն:

 

Պայծառակերպության տոնը նախապես տոնվում էր Հայոց տոմարի տարեգլխին` Նավասարդ ամսի առաջին օրը` օգոստոսի 11-ին: Հետագայում, երբ 551թ Մովսես Բ Եղիվարդեցի կաթողիկոսի կողմից փոփոխություններ կատարվեց հայոց տոմարում` փոփոխվեց և տոմարի կատարման ժամանակը: Պայծառակերպության տոնը փոխադրվեց Զատիկից 14 շաբաթ հետո եկող կիրակին: Մտնելով զատկական շրջանի մեջ` Վարդավառը անցավ շարժական տոների շարքը և կարող է նշվել 35 օրերի ընթացքում` Սուրբ Զատիկից  98 օր հետո` հունիսի 28-ից օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում:  

 

Քանի որ Վարդավառը տոնում են հատկապես հուլիս ամսին, որոշ հեղինակներ կարծում են, որ այն նշանակում է «կրակավառ», «հրավառ»: Եվ իսկապես, հուլիսին, այսինքն` հրոտից ամսին, երբ արևը հասնում է իր կիզակետին` գալիս է Վարդավառի տոնը` թարմություն պարգևում բնությանն ու մարդկանց:

 

Վարդավառ տոնի համն ու հոտը կազմում են համատարած ջրացանությունները: Դեռևս հնից, ըստ ավանդության, վաղ առավոտից իրար վրա ջուր էին ցանում բոլորը` ով ինչով կարող էր` հաշվի չառնելով ո’չ տարիքը, ո’չ սեռը, ո’չ հասարակական դիրքը: Եվ ոչ ոք չէր դժգոհում կամ վիրավորվում, որովհետև այդ օրը ջուրը համարվում էր ամենազորեղ, ամենաբուժիչ: Այս ամենն ուղեկցվում էր երգ  ու պարով, խաղերով:

 

Վարդավառի տոնի ամենատարածված և հանդիսավոր սովորույթը միմյանց վրա ջուր լցնելը` պահպանվել է մինչև մեր օրերը: Հայաստանում առավոտից ահել թե ջահել, կին թե տղամարդ, ծանոթ թե անծանոթ դույլերով և տարբեր տարաներով ջրում են միմյանց: Ոչ ոք չի նեղանում մյուսից: Այդ օրը մարդիկ ուրախ են, բարյացակամ: Տոնը հատկապես սիրված է երեխաների շրջանում, բայց մեծերը նույնպես անտարբեր չեն:

 

Ստեփանակերտում ամեն տարի նույնպես տոնվում է Վարդավառի տոնը: Վարդավառը եզակի տոն է, երբ բոլորը մանկանում են: Ամեն տարի այս օրը անցնելով Ստեփանակերտի փողոցներով` կարելի է տեսնել երեխաներին` երջանիկ դեմքերով և ջրով լեցուն տարաներ, որոնցից մեկը անպայման բաժին կհասնի կողքով անցնողին: Վարդավառի օրը կարելի է տեսնել երեխաներին նույնիսկ ոտաբոբիկ, որոնց ծնողները  բարկանում, բայց հետո ժպտում են իհարկե հասկանալով, որ տոնը տարվա մեջ լինում է մեկ անգամ և, որ  այն երեխաների ամենասիրված ու սպասված տոնն է: Ինչու չէ, այսօր ներելի են բոլոր խենթությունները: Այսօր առավոտից Ստեփանակերտում անձրև էր տեղում: Կարծես երկինքն էլ է տոնում այս պայծառ տոնը և հիշեցնում, որ պետք է միշտ հիշել, պահպանել ու շարունակել տոնել մեր պապերի ավանդական  տոնը:

 

Վարդավառի տոնը որքան էլ հին, որքան էլ ձիգ դարերով անցած տոն է` միևնույն է, այսօր էլ չի կորցնում իր արժեքն և դեռ ավելին` տարեցտարի ավելի է սիրվում ու մեծ սիրով սպասված տոն դառնում: Թո’ղ ամենազոր Աստծո աջը այս օրը հովանի և պահապան լինի համայն հայությանը: Հիսուսի պայծառակերպության լույսի ներքո զանազանենք լավը` վատից, չարը` բարուց, արդարը` անարդարից, թշնամին` բարեկամից, որպեսզի Աստծո կողմից նախասահմանված մեր կենսատարածքում կարողանանք հայավայել ապրել ու գործել: Շնորհավոր բոլորի Վարդավառի տոնը:

                   

           

Արմինե Բաղդասարյան

 ԱրՊՀ  Լրագրություն 2-րդ կուրս

1