Այսօր Պետոյի ծննդյան օրն է. "Զինվոր դարձավ, զինվոր էլ գնաց..."
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Գաղափարական » Այսօր Պետոյի ծննդյան օրն է. "Զինվոր դարձավ, զինվոր էլ գնաց..."

Այսօր Պետոյի ծննդյան օրն է. “Զինվոր դարձավ, զինվոր էլ գնաց…”

“Մտածում էր զինվորական դառնալու մասին, զինվոր դարձավ, զինվոր էլ գնաց”,- ասում է Պետոյի հայրն՝ Արշալույս Ղեւոնդյանը:

 

 

Պետոյի զինվորական ուղին սկսվեց 1990-ի աշնանը, երբ կամավորական խմբերի հետ հասավ Հյուսիսային Արցախ: Այստեղ ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետի ուսանող, պռոշյանցի Պետոն շատ արագ դարձավ մայոր Պետրոս Ղեւոնդյան՝ իր ոգով, ռազմական փորձով ինքնաբերաբար դարձավ Շուշիի առանձնակի գումարտակի փոխհրամանատար:
 
 
 
 
Առաջին անգամ զենքը ձեռքը վերցնող երիտասարդին, ականապատ ու ազատագրման սպասող ճանապարհները կամավոր բռնած զինվորին ուժ տվող, հավատ ու ոգի ներշնչող էր պետք: Շուշիի առանձնակի գումարտակի տղաներն այս իմաստով բախտավոր էին` Պետրոս Ղեւոնդյանն էր նրանց կողքին:
 
 
 
 
“Պետոն էն անձնավորությունն է եղել, որ եթե կողքիս նստած էր, ինչ արկ էլ պայթեր, տեղիցս չեմ շարժվել, որովհետեւ տեսել եմ՝ Պետոն դիրքում նստած է, ոնց որ Աստված. քեզ ոչ մի բան չի լինի, եթե կողքիդ է: Ամեն զինվորի հետ հասարակ էր, լավ ընկեր, լավ հրամանատար”,-  հիշում է Պետոյի մարտական ընկերը՝ Ռաֆիկ Համբարձումյանը:
 
 
 
 
Պետոյի հերոսական ճանապարհն անցավ մարտագծի գրեթե բոլոր վտանգավոր հատվածներով: Նա ոչ միայն մշակում է Օմարի լեռնանցքի ազատագրման դժվարին ծրագիրը, այլեւ իր գումարտակով՝ առանց զոհ տալու, իրականացնում այն: Մարտակերտի ազատագրումից հետո Պետոյի շնորհիվ սահմանագիծը հասավ Աղդամի շրջան: 56 մարտիկների հետ կյանքի գնով պահեցին Սրխավենդի բարձունքը:
 
 
 
 
Շահումյանը ձեռքից բաց թողեցին: Միտքը Պետոյին հանգիստ չէր տալիս. “Մեր հողերն են, իրենք էդ հողերի վրա հանգիստ չեն ապրի”:
 
 
 
 
Պետոն երկու ճակատներով էր կռվում `թշնամու եւ ժամանակի: Ժամանակը երբեք չէր հերիքում. Պետոն այնքան բան էր ուզում հասցնել: Դպրոցում աչքի էր ընկնում գերազանց առաջադիմությամբ, առաջին շարքերում էր նաեւ ըմբշամարտի մրցումներին, բայց սրանով նրա հետաքրքրությունները չէին սահմանափակվում:
 
 
 
 
“Պարապ ժամանակ, երբ տանն էր, սիրում էր զբաղվել էլեկտրատեխնիկայով, ուներ իր համար հատուկ առանձնացված սենյակ, որտեղ զբաղվում էր մագնիտոֆոն վերանորոգելով, հեռուստացույց նորոգելով, սիրում էր այդ մասնագիտությունը: Եվ սիրելով այդ մասնագիտությունը՝ նա ընդունվեց ԵՊՀ-ի ռադիոֆիզիկայի ֆակուլտետը եւ ավարտեց այն”,-  ասաց նրա զարմիկը՝ Վարդան Ղեւոնդյանը։ 
 
 
 
 
Կորուստներն ու հաղթանակները գալիս էին միասին:
 
 
 
 
“Ձեռքերս դողում են, երբ նայում եմ զոհվածների ու վիրավորների ցուցակներին”,- ասում էր Պետոն:
 
 
 
 
Օմարի լեռներում զինվորներին զենք ու սնուդ էր պետք: Հրամանատարը գնաց: Շտապօգնության մեքենան կանգնել էր ու չէր համարձակվում ականապատ ճանապարհով առաջ շարժվել` վիրավոր զինվորին մոտենալու համար: Առանց մտածելու` Պետոն նստեց մեքենան ու շարժվեց: Մինչեւ այսօր շարունակում են դողալ նաեւ Պետոյի մարտական ընկերների ձեռքերը, երբ նույն այդ ցուցակում տեսնում են նրա անունը: Տղաները ասում են` իրենց համար Պետոն միշտ ներկա է:
 
 
 
 
Այսօր ուխտատեղի է Սրխավենդի ազատագրված բարձունքը, նաեւ Պռոշյան ավանում կանգնեցված հուշարձանը, որտեղ ամփոփված է Պետոն: Իրենք էլ տոնական տրամադրությամբ են իրենց հրամանատարին այցելում հունվարի երեսունին` նրա ծննդյան օրը եւ փետրվարի 14-ին, երբ խորհրդանշական այդ օրն իրենց հրամանատարը ժամանակավոր զինադադար կնքեց թշնամու հետ:
 
 
 

1