Այսօր հայ ժողովուրդը տոնում է Տեառնընդառաջը
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Երիտասարդական » Այսօր հայ ժողովուրդը տոնում է Տեառնընդառաջը

Այսօր հայ ժողովուրդը տոնում է Տեառնընդառաջը

Տեառնընդառաջը Հայ առաքելական եկեղեցու անշարժ տոներից մեկն է եւ այն  նշվում  է Հիսուս Քրիստոսի Սբ. Ծննդյան եւ Աստվածահայտնության տոնից քառասուն օր հետո` փետրվարի 13-ին։ <<Տեառնընդառաջ>> բառը գրաբարյան  բարդ բառ է, որը կազմված է <<Տեր>>  եւ <<ընդառաջ>>  բառերից: Բառի ստուգաբանությունն է՝ Տիրոջն ընդառաջ ելնել կամ Տիրոջը դիմավորել: Ժողովրդի մեջ տոնը հայտնի է նաեւ Տերնդեզ կամ Տերընտես անուններով:

 

Հնում ծնողներն առաջնեկ տղա երեխային քառասուն օրականում տանում էին տաճար։ Սիմեոն անունով մի ազնիվ ու արդար մարդ, Հիսուսին տեսնելով, հասկանում է, որ նա փրկություն ու լույս կլինի մարդկանց համար եւ ընդառաջ է գալիս նրան։ Այստեղից էլ առաջացել է Տեառնընդառաջը եւ  նվիրված է քառասնօրյա Հիսուսին տաճար բերելուն։

 

Տոնը Հիսուսի մանկության շրջանից մեզ հասած եզակի եւ կարեւոր իրադարձություններից մեկն է, որի ընթացքում մեկ անգամ եւս բացահայտվում է Հիսուս Քրիստոսի՝ մարդկության փրկիչ լինելը:

 

Փետրվարի 13-ի երեկոյան հավատացյալները հրավիրվում են եկեղեցի՝ մասնակից լինելու Տեառնընդառաջի նախատոնական արարողությանը, փառաբանելու աշխարհի ճշմարիտ լույսը եւ եկեղեցու խորանի վրա վառվող մոմից կամ կանթեղից վառելու իրենց մոմերը, որոնցով էլ վառվում են տան բակերում պատրաստված Տեառնընդառաջի խարույկները: Իսկ վառվող մոմը, որպես Հիսուս Քրիստոսի կենդանի լույսի խորհրդանիշ, տարվում է տուն եւ մինչեւ լույս վառվում տան մեջ, որպեսզի լույսն ու իմաստությունը տիրական դառնան տան մեջ եւ փարատեն խավարն ու խռովությունները:

 

Շատ վայրերում խարույկ վառելու պատվավոր իրավունքը պատկանում է տոնին նախորդող մեկ տարվա ընթացքում ամուսնացած նորափեսաներին: Ժողովուրդը  հավաքվում է խարույկի շուրջ, իսկ նորապսակ զույգերը, երիտասարդ աղջիկներն ու տղաները ցատկում են խարույկի վրայով:

 

Դեռեւս նախաքրիստոնեական ժամանակներից մնացած՝ տարածված սովորություն է, որ մանավանդ նորապսակ հարսերը ցատկեն կրակի վրայով՝ մաքրագործվելու եւ սպասվելիք երեխայի ծնունդը նվիրագործելու համար: Իսկ ամուլ կանայք խարույկի կրակով այրում էին իրենց փեշերը, որպեսզի բուժվեն եւ մայրանան:
Հայ գյուղացիները խարույկի մոխրից տուն էին տանում եւ ցանում իրենց տանիքների վրա կամ գոմերի ու արտերի մեջ՝ հավատալով, որ այդ ձեւով չարիքը պետք է հեռանա իրենց տներից եւ արգասավոր ու առատ պիտի դառնա իրենց տքնաջան աշխատանքի արդյունքը:

 

Ժողովրդական սովորության համաձայն՝ Տեառնընդառաջի  առիթով այցելում են նորապսակներին: Ընդունված կարգի համաձայն՝ նորապսակների ընտանիքները խարույկի շուրջ հավաքված ժողովրդին տարբեր տեսակի աղանձ են բաժանում՝ ցորեն, ընկուզ, սիսեռ եւ այլն: Աղանձին խառնում են նաեւ չամիչ կամ ուրիշ մանր ուտեստներ: Եթե աղջիկն ու տղան նշանված են, ապա տոնակատարությունը տեղի է ունենում աղջկա տանը, իսկ եթե ամուսնացած են, ապա տղայի տանը:

 

Մի քանի տարի առաջ Նորին Սրբություն Տ. Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, հիմք ունենալով վերոհիշյալ գեղեցիկ սովորությունը, Տեառնընդառաջը հռչակել է որպես նորապսակների օրհնության օր:

 

Այսօր Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցու բակում, երեկոյան ժամը 17.30-ին կնշվի Տեառնընդառաջը: Այդ մասին կանդրադառնանք մեր առաջիկա հրապարակումներում:

1