Այսօր Ասկերանի Վերածննդի օրն է
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » Այսօր Ասկերանի Վերածննդի օրն է

Այսօր Ասկերանի Վերածննդի օրն է

1988 թվականի փետրվարին մարզխորհրդի կողմից բախտորոշ որոշման ընդունումից ընդամենը երկու օր անց՝ փետրվարի 22-ին Բաքուն հարցը տեղափոխեց ուժի հարթություն՝ քարերով եւ ձողերով զինված հարձակվելով Ասկերանի վրա: Արցախահայության արժանի դիմադրությունը եւ հակահարվածը կանխեց  այն, ինչը օրեր հետո տեղի ունեցավ Սումգայիթում: Այդ հարձակումն ազդարարեց ադրբեջանա-ղարաբաղյան զինված պայքարի սկիզբը, իսկ առաջին հաջողությունը դարձավ Արցախյան պատերազմի տարիների բոլոր հաղթանակների հիմքը:

2001 թվականից սկսած՝ ամեն տարի այդ օրը Ասկերանում նշում են որպես մեծ տոն, որպես Վերածննդի օր: Այս տարին եւս բացառություն չէր:

Ասկերանի Վերածննդի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառմանը մասնակցել են ԱՀ բարձրաստիճան պաշտոնյաներ, Ազգային ժողովի «Դաշնակցություն» խմբակցության պատգամավորներ, շրջվարչակազմի ղեկավարությունը, ՀՕՄ-ի Արցախի մեկուսի մասնաճյուղի անդամները,  բոլոր ժամանակներում Ասկերանում պաշտոնավարած Ասկերան քաղաքի քաղաքապետեր, դպրոցականներ, զինվորներ եւ ասկերանցիներ:

Միջոցառման մասնակիցները ծաղիկներ են խոնարհել Արցախյան ազատամարտում զոհված ասկերանցիների հուշատախտակի առաջ:

Ողջույնի խոսքով ելույթ է ունեցել Ասկերանի քաղաքապետ Սամվել Աղաջանյանը՝ շնորհավորելով ներկաններին Ասկերանի համար բախտորոշ օրվա կապակցությամբ:

«Փետրվարի 22-ին ասկերանցիները թուրքազերիների բազմահազարանոց ավազակախմբերին ետ շպրտեցին Ասկերանի մատույցներից եւ Ասկերանը դարձավ ողջ Արցախը պաշտպանող անառիկ դարպասը: Փետրվարի 22-ին մեկ անգամ եւս համոզվեցինք, որ հաղթանակը այնտեղ է, որտեղ կա միաբանություն: Փառք ու պատիվ բոլոր նրանց, ովքեր ապահովեցին մեր այսօրվա Ազատ ու Անկախ Արցախը»,- իր խոսքում նշել է Ասկերանի քաղաքապետը:

30 տարի առաջ տեղի ունեցածի հուշերով է կիսվել նաեւ Արցախյան շարժման ակտիվիստ, ՀՀ եւ ԼՂՀ Գերագույն խորհուրդների պատգամավոր Սլավիկ Առուշանյանը:

«Թուրքերի հարձակման լուրը ստանալուն պես որոշվեց փակել Ասկերանի մուտքը եւ օգնության կանչել  հարևան գյուղերից:

Հակառակորդի շարքերն անընդհատ համալրվում էին: Շրջակա գյուղերից մենք էլ համալրում ստացանք:

Լարվածությունը մեծանում էր, բայց վախի զգացում չկար, որովհետև հարմար դիրքում էինք. ձորը հնարավորություն չէր տալիս, որ հակառակորդն օգտագործի իր քանակական բազմապատիկ առավելությունը, քանի որ հավանական բախման գիծը 25 մետր էր:

Հակառակորդի առջեւի շարքերը խտանալով՝ պրկվում էին: Հանկարծ ճանապարհի ամբողջ լայնությամբ միանգամից վազելով նրանք հարձակման անցան. մնում էր 30 մետր, 25 մետր, ընդհարումը թվում էր անխուսափելի: Հրամանի կարիք ու ժամանակ չկար: Հնչեցին որսորդական հրացանները, եւ կարծես ինչ-որ գերբնական ուժ թուրքերի ոտքերը մեխեց գետնին, այլևս ոչ մի սանտիմետր չառաջացան: Երեք ժամ հետո եկան խորհրդային օմօնականները եւ աստիճանաբար սկսեցին ետ շպրտել թուրք բարբարոսներին»,- պատմել է Սլավիկ Առուշանյանը եւ նշել, որ Ասկերանում անհաջողության մատնվելով` թուրքերը ոստիկանական մեքենայի ուղեկցությամբ շարժվեցին դեպի Խնապատ, բայց այնտեղ էլ լավ հակահարված ստացան:

Միջոցառման մշակութային մասն ապահովել է «Բերդ» համույթը:

1