Այնտեղ, որտեղից երևում է արծվի մեջքը
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » Այնտեղ, որտեղից երևում է արծվի մեջքը

Այնտեղ, որտեղից երևում է արծվի մեջքը

Աչքի ընկնելով իր տոկունությամբ, ազատասիրությամբ, հայրենի հողին նվիրվածությամբ, ապրելով լեռների ծերպերին, կարևորելով իր հավատքը, պահպանելով ու պաշտպանելով իր սրբությունները`արցախցին մշտապես բարձր է պահում իր ազգային նկարագիրը: Իսկ ամպերի մեջ ծվարած Կատարո վանքը Դիզափայտ լեռան գագաթին (ավելի քան 2400 մ) դարեր շարունակ ապացուցում է, որ մեր բնությունն ու նրա մասնիկ մարդը հրաշքներ են գործում միասին:

Չնայած Կատարո վանք տանող դժվարամատչելի արահետին` այն երբեք այցելուների պակաս չի ունեցել՝ թեկուզ եկեղեցին վերանորոգման, պատմական տեսքը վերականգնելու կարիք ուներ: Այդ աշխատանքին ձեռնամուխ եղան երկու տարի առաջ: Ստեղծվեց նախաձեռնող խումբ (Նարվիկ Առաքելյան, Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյան, Վահան Բադասյան, Գնել Համբարձումյան): Պետության նախագծով ու խանձաձորցի, այժմ ՌԴ Կազան քաղաքում բնակվող Նարվիկ Առաքելյանի միջոցներով սկսվեց եկեղեցու վերանորոգումը: Ճարտարապետական աշխատանքներն ստանձնեց Սամվել Այվազյանը, ով պատմաճարտարապետական կոթողների վերականգնման մեծ փորձ ունի: Եկեղեցու աշխարհագրական դիրքը նկատի ունենալով՝ մտադրություն կար անհրաժեշտ շինանյութը ուղղաթիռով հասցնել լեռան գագաթը, բայց հետո որոշեցին դա անել ձիերով ու ջորիներով: Եվ անմիջապես շրջակա գյուղերի մի խումբ երիտասարդներ պատրաստակամություն հայտնեցին օգնելու վերականգնողական աշխատանքերին:

Մեզ միշտ զարմացրել է մեր նախնիների կամքն ու տոկունությունը. ո՜նց են կարողացել նման անմատչելի վայրերում կառուցել եկեղեցիներ, վանքեր ու բերդեր: Բայց այդ, երիտասարդներն ապացուցեցին, որ մենք այսօր էլ ունենք կամքի այդ հզոր ուժը: Նրանցից յուրաքանչյուրը 200-300 անգամ բարձրացել է լեռան գագաթը՝ ուղեկցելով շինանյութ տեղափոխող ձիերին: Իսկ գիշերում էին նրանք Քոչի աղբյուրի շրջակայքում տեղակայված վրաններում: Գտնվելով Դիզափայտ լեռան հյուսիսահայաց լանջին անգամ` այդ տարածքում կեսօրին արևը անտանելի կիզիչ է, մինչդեռ երեկոյան կողմ ու գիշերը բավականին ցուրտ է: Աղբյուրը 400 մետր է ցածր եկեղեցուց, մինչդեռ վանք բարձրացող արահետը, որը տեղ-տեղ նույնիսկ խիստ վտանգավոր է, ձգվում է 1600 մետր: Շինարարական աշխատանքների ողջ ընթացքում քարտաշ վարպետ Մարտիրոս Չալումյանը, ով ի դեպ պատմական Գարդմանաց աշխարհի Բանանց գյուղից է ու բնակվում է Քարվաճառում, չի իջել լեռան գագաթից ու գիշերել է եկեղեցու մոտ՝ վրանում:

Ճարտարապետի ու վարպետի պահանջով եկեղեցու վերանորոգման համար օգտագործվել է լավագույն շինանյութը, բայց այնպես, որ պահպանվի եկեղեցու պատմական տեսքը: Աշխատանքի նախապատրաստական շրջանում պարզվել է, որ շինությունը ներսից ծեփապատ էր, բայց քանի որ կիրը որպես շինանյութ օգտագործելու հմտությունը ժամանակի ընթացքում կորել է, ներսի պատերի համար օգտագործվեց ժամանակակից շինանյութ, իսկ կիրն օգտագործվեց արտաքին պատերի համար՝ որպես շաղախ: Տանիքի կղմինդրից մնացած փշրանքերը նույնպես ուսումնասիրելով (11-12-րդ դդ.)՝ պարզվեց, որ այն հնարավոր չէ վերականգնել, ու օգտագործվեց այլ պրոֆիլի կղմինդր՝ դարձյալ բնական հումքից՝ կավից: Եկեղեցու դուռը պատրաստել է տեղացի վարպետ Սասուն Համբարձումյանը: Այն կաղնու փայտից է: Իսկ դռան մետաղական մասերը կոփվել են դարձյալ տեղացի դարբինների ձեռքով:

Ըստ ավանդության՝ եկեղեցին կառուցելու համար ջրի փոխարեն այծի կաթ էին օգտագործում: Վերականգնողական աշխատանքների ժամանակ օրական 200-300 լիտր ջուր էին հասցնում մինչև լեռան գագաթը: Ու թեև, դարձյալ ըստ ավանդության, Կատարո վանք ուխտագնացության օր է համարվում Նավասարդի 9-ը (օգոստոսի 19), այնուամենայնիվ, մայիսի կեսերից մինչև հոկտեմբեր չի դադարում այցելուների հոսքը: Այնտեղ գնում են ոչ միայն տեղացիները: Վերանորոգման աշխատանքները ղեկավարող Գնել Համբարձումյանի խոսքերով` ինքն այցելուների է հանդիպել Կանադայից, Ավստրալիայից, Ֆինլանդիայից, Չեխիայից, Իսրայելից, Ռուսաստանից և այլ երկրներից: Բոլորին գրավում է չնաշխարհիկ այս գեղեցկությունը. ծիածանի բոլոր գույներով ծաղիկներ ու բուժական հատկություն ունեցող զանազան բույսեր լեռան լանջերին,  կենարար օդ, արև`ափերիդ մեջ, ամպեր` իրար փաթաթված, ու մեծ հավատ ներշնչող Կատարո վանք, որտեղից տեսնում ես բարձունքում ճախրող արծվի մեջքը…Աստվածային այս գեղեցկությունը լուծվում, ներծծվում է քո մեջ, երբ խմում ես Քոչի աղբյուրի սառնորակ ջրից:

Իրենց կատարած աշխատանքի համար պետական պարգևների են արժանացել աշխատանքները նախաձեռնողներն ու իրականացնողները, բայց ամենամեծ պարգևը՝ շնորհակալությունը, նրանք կստանան գալիք սերունդներից, որոնց կփոխանցվի պատմական այս հուշարձանը` որպես անանց ազգային դիմագիծ:

Աննա Հարությունյան

Հադրութ, Այգեստան

1