Այլեւս խնդիրն օրհասական է
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Վերլուծական » Այլեւս խնդիրն օրհասական է

Այլեւս խնդիրն օրհասական է

Հայկական իրականությանն ու հայոց պետականությանը սպառնացող ամենալուրջ սպառնալիքն այսօր, իրավամբ, կարելի է համարել արտագաղթը. արտագաղթը Հայաստանի Հանրապետությունից, եւ նրա ահագնացող տարածումը Արցախի Հանրապետությունում, որովհետեւ օրինաչափ հաջախականությամբ ՀՀ-ում տիրող մթնոլորտը թեւակոխում է ԼՂՀ:

Արտագաղթն, անշուշտ, ազգային արյունահոսություն է եւ անհապաղ պետք է կանխել այն, ամենատարրական տրամաբանությամբ` այն միայն կործանարար է մեր պետականության անվտանգության համար:
Հայաստանի Հանրապետությունում տարբեր սոցիոլոգիական կազմակերպություններ փաստում են, որ դարավերջին ՀՀ-ում բնակվելու է 1,5 մլն մարդ, եթե այս տեմպերով շարունակվի արտագաղթը: Իսկ ոչ ոք չի երաշխավորում, որ այդ 1,5 միլիոն բնակչությունը պարտադիր հայեր են լինելու. Սրանից ավելի սուր ահազանգ մենք չենք էլ պատկերացնում:

Էլ ինչ <<ապացույցներ>> են պետք, որպեսզի այս ազգի սերուցքը գիտակցի ճակատագրական պահը եւ կանխի մոտալուտ վտանգը:
Այն, ինչ սպասվում է մեզ, ուղղակի սարսափելի է: Սա պատերազմ չէ, սա սով ու համաճարակ չէ, սա արնաքամ եղող օրգանիզմի դանդաղ մահ է: Ոչ, ամենեւին էլ նպատակ չունենալով լարված կամ հուսահատ մթնոլորտ ստեղծել, կոչ ենք անում բոլորին անխտիր` սթափվել, թշնամին մեր մեջ է, մեր հոգիներում եւ պետք է սպանել այն:
Եթե որեւէ հայ գտնում է, որ իր երջանկությունը, ապագա կայնքը գտնելու է հայրենիքի սահմաններից դուրս, ապա չարաչար սխալվում է: Որովհետեւ կտրվելով կենսական տարածքից եւ հայրենի պետականությունից, անհատի երջանկությունը դառնում է սոսկ բառ եւ ուրիշ ոչինչ: Կիսատ ազգ չի լինում, չի լինում եւ կիսատ մարդ: Ուրեմն մեր ընտրությունը <<մեծ չէ>>: Մենք պարտադրված ենք կայանալու եւ հզորանալու:

Մենք արտագաղթի մասին` որպես ազգակործան երեւույթի, խոսում ենք օր առաջ, որպեսզի կանխվի այն եւս օր առաջ: Մենք դրա մասին բարձրաձայնելը առավել քան տեղին եւ ժամանակին ենք համարում եւ կոչ ենք անում հաշվի նստել իրականության հետ, քանզի ինչքան վաղաժամ ճանաչենք այն որպես հիվանդություն, այնքան ավելի հեշտ եւ արագ կլինի ապաքինումը:

Հաշվի նստել իրականության հետ` նշանակում է ամենայն լրջությամբ զբաղվել հարցի ուսումնասիրությամբ, արձանագրել խնդիրը եւ սկսել զբաղվել խնդրի լուծման ուղություններով:

ՀՅ Դաշնակցության Հայաստանի Գերագույն Մարմինը հանդես է եկել <<Մենք ապրելու ենք մեր երկրում>> ծրագորվ, որը նպատակ ունի կանխել արտագաղթը, կանխել այս հրեշավոր երեւույթի հունը` օգտագործելով համահայկական բոլոր հնարավոր ռեսուրսները:

Ծրագիրը ներառում է բարեփոխում գրեթե բոլոր ոլորտներում, իսկ անելիքները բոլորինն են` թե ընդդիմությանը, թե իշխանությանը, թե մտավորականությանը, երիտասարդությանը, Սփյուռքին, եկեղեցուն, բոլորինս:

Այլեւս պահն է, որ երկմտել չի կարելի, իսկ չընդունել մարտահրավերը` պատասխանատվությունից խուսափելու ակնկալիքով , նշանակում է համահավասար կրել նաեւ արհավիքի պատասխանատվությունը` << հանցագործությունը թաքցնողը եւս հանցագործ է>> սկզբունքով:

Դարավերջի սպառնացող աղետը կանխելու համար, պետք է գործել այսօր:

  

<<Ապառաժ>>-ի խմբագրական

1