Ամերիկացիները երկխօսութեան ձեռք են մեկնում Իրանին...
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Միջազգային » Ամերիկացիները երկխօսութեան ձեռք են մեկնում Իրանին...

Ամերիկացիները երկխօսութեան ձեռք են մեկնում Իրանին…

Քաղաքական շաբաթւայ տեսութիւն

Ամերիկացիները երկխօսութեան ձեռք են մեկնում Իրանին

 

 

Թէպէտ դանդաղ, բայց նշմարելի կերպով իր հունաւորումն է գտնում Իրանի նախագահական ընտրութիւնների նախնական ընթացքը: Դեռ ամիսներից ի վեր տիրական էր այն միտքը, որ 11-րդ նախագահն նախ՝ լինելու է նոր դէմք (այն առումով, որ նախապէս չի զբաղեցրել նախագահի հանգամանք), ապա՝ հաստատօրէն ներկայացնելու է այն քաղաքական հոսանքին, որն ամենեւին էլ չի հովանաւորել անցած երկու շրջանի նախագահի՝ Ահմադինեժադի քաղաքական կուրսը: Այս հիմնաւորմամբ ու նոյն տիրող մտայնութեան համաձայն՝ 11-րդ շրջանի ԻԻՀ-ի նախագահի պաշտօնը պէտք է ստանձնի նոյն պահպանողական-սկզբունքային ճամբարի համեմատաբար աւելի ընդունելի ու չափաւոր դիրքերով մի դէմք, որն յատկապէս պէտք է հոգեւոր առաջնորդի հետ լիարժէք համընթաց ու նրա ընդհանրական սկզբունքներին համահունչ լինի: Ու այսպիսով՝ գրեթէ բոլորովին ի չիք դարձաւ գործող նախագահի աշխատակազմի ղեկավար սկանդալային Ռահիմ Մաշայիի նոյնիսկ հաւանական թեկնածութեան վարկածը, որին այնքան հաւատացած էր ինքը՝ Ահմադինեժադը՝ որպէս իրեն ու իր քաղաքական կուրսը շարունակող վստահելի յետնորդ: Սակայն, ո՛չ ներկայիս խորհրդարանը (որտեղ խիստ փոքրամասնութիւն են կազմում նախագահամէտները), ո՛չ էլ դատական ատեանը (որը, ի դէպ, ղեկավարւում է օրէնսդիր ատեանի նախագահի եղբօր միջոցով) եւ ո՛չ էլ առաւել եւս՝ իշխանութեան գերագոյն ղեկավար ու հոգեւոր առաջնորդ Խամենէին, նախկինի նման չեն հովանաւորում Ահմադինեժադի ու իր համախոհ շրջանակների քաղաքա-տնտեսական ուղղութիւնն ու գործունէութիւնը:

 

 

 

Ինչեւէ, վերոնշեալ ներհակ խմորումները մօտ օրերին փոխադրւելու են Օրէնսդիրի ամբիոն, որտեղից էլ նախագահը իրեն շուրջ հնգժամեայ յատկացւած շրջանակներում պէտք է պաշտպանւի՝ հարցապնդող եւ «իմփիջմենտի» հրաւիրած պատգամաւորների կողմից: Սպասենք ու տեսենենք, թէ Ահմադինեժադը իր ասութեամբ՝ ինչ «չասւած խօսքեր» է հրապարակելու խորհրդարանի երեւի «կիսադռնփակ» նիստի ժամանակ, որն  պէտք է կայանայ մինչեւ գալիք 15 օրերը:

 

 

 

«Ներպահպանողական տարաձայնութիւնները» այս վերջին ամիսներին միւս կողմից՝ տեղիք են տւել մրցակից՝ բարեկարգչական ճամբարի ի մի գալուն: Աւելին՝ լուսանցքայնացած քաղաքական սոյն հոսանքի ներկայացուցիչներն ու դէմքերը արդէն ամենօրեայ-բարձրաձայնում-հրապարակայնացնում են մինչեւ վերջերս «արգելւած» կողմնորոշումներ, որոնց համաձայն՝ անուղղակի յայտ է ներկայացւում 2013 թւականի գարնանը կայացող նախագահական ընտրութիւններին: Բարեկարգչական հոսանքի մի շարք դէմքեր արդէն խօսում են այն մասին թէ՝ «Եթէ Մ. Խաթամին թեկնածու դառնայ, մեծ հաւանականութեամբ կը յաղթի, քանզի հէնց այսօր իսկ նա 15 միլիոն պատրաստի քւէով է օժտւած…»: Բարեկարգչականները, սակայն, լոկ զգացմունքայնօրէն չեն առաջնորդւում. նրանք քաջ գիտակցելով մի շարք խոչընդոտներ՝ նաեւ հաւանական են համարում իրենց հովանաւորութիւնը՝ պահպանողական, բայց չափաւոր հակումներով թեկնածուի օգտին, անշուշտ այն դէպքում, երբ այդ խոչընդոտներն աշխատեն իրենց դէմ, այլապէս իրենք էլ հակւած են սեփական թեկնածուով հանդէս գալուն, որի նախապայմանը ոչ այլ ինչ է, եթէ ոչ՝ Սահմանադրական օրէնքի Պահապան խորհրդի թոյլտւութիւնը՝ տւեալ թեկնածուի «արժանաւորութեան» հաստատման վերաբերեալ:

 

 

 

Այսպէս թէ այնպէս՝ 2013 թ. գարնան ընտրութիւնների վերաբերեալ դիրքորոշումները  կարծես թէ գնալով աւելի տրամաբանական հունաւորմամբ են ընթանալու: Այսինքն՝ քաղաքական ու ճամբարային բոլոր հոսանքները փորձելով գիտակցել երկրի ու համակարգի առջեւ յայտնւած ներքին թէ՛ արտաքին ներուժ եւ ներգործուն մարտահրաւէրները, տեղ-տեղ բարձրաձայնում են «Ազգային համախոհութեան կառավարութեան ձեւաւորման» մասին, որում պէտք է ընդգրկւեն ատակ, մասնագէտ ու բանիմաց ուժեր, որոնք էլ երկիրը դուրս կը բերեն այսպէս ասած՝ փակուղային իրավիճակից: Այսպիսով՝ ինչ-որ տեղ 2-րդական նշանակութիւն է ստանում 11-րդ նախագահի ով կամ որ ճամբարից լինելու հարցը: Սպասենք ու տեսնենք, թէ ի վերջոյ պետայրերը, քաղաքական հոսանքներն ու ժողովրդական խաւերը դէպի որ ուղղութիւն կը տանեն 34-ամեայ Իսլ. համակարգը:

 

 

 

* * *

Արտաքին քաղաքական ասպարէզում, սակայն, Իրանի համապատասխան գերատեսչութիւնը ԱԳ նախարար Սալեհիի ղեկավարութեամբ գերակտիւութիւն ցուցաբերեց՝ իսրայէլա-պաղեստինեան հակամարտութեան նոր դրսեւորումների վերաբերեալ: Նախ, որպէս «Ոչ-յանձնառու» (Չմիաւորւած) երկրների շարժման նախագահ, Իրանը անդամ երկրներին կոչ ուղղեց՝ դատապարտելու պաղեստինեան Գազայի նկատմամբ սիոնիստական բանակի կողմից հրթիռակոծումներն ու մարդկային զոհեր պատճառելը. ապա՝ նոյնինքն Իրանի պատրաստակամութիւնն յայտնեց՝ մարդասիրական օգնութիւններով օժտելու Գազային: Ի պատասխան սոյն քայլերի՝ Իսրայէլը կրկին անգամ Իրանին ամբաստանեց, որ Գազայից պաղեստինցիների արձակած հրթիռները («Ֆաջր») Իրանի կողմից պաղեստինցի դիմադրողականներին նւիրւած հրթիռներն են, որոնք հասողութիւն ունեն մինչեւ Իսրայէլի մայրաքաղաք Թել Աւիւ: Իրանը, սակայն, դա քարոզչական ինքնարդարացում որակեց, որը միտւած է նսեմացնել պաղեստինեան մարտիկների զինւորական ունակութիւնները:

 

 

 

Իրանի արտաքին քաղաքականութեան գերատեսչութեան ղեկավար Սալեհին անցնող շաբաթւայ ընթացքում գերակտիւութիւն ցուցաբերեց նաեւ Սիրիական ճգնաժամի հարցով, երբ Թեհրանում հիւրընկալեց սիրիական իշխանական եւ ընդդիմադիր թեւերի ներկայացուցիչներին՝ միջնորդական կառուցողական նպատակադրութեամբ: Իրանը մէկօրեայ նիստի ընթացքում հասաւ նրան, որ կողմերը համաձայնեցին ի հաշիւ ապագայի՝ ձեւաւորել ազգային համախոհական կառավարութիւն՝ հեռու մնալով արտաքին պարտադրեալ ու դաւադիր միջամտութիւններից: Յատկանշական է, որ «Սիրիայի Ազգային երկխօսութիւն» անունը կրող նիստին իր ուղերձն էր յղել Ռուսաստանի ԱԳ նախարար Լաւրովը: Թեհրանում ՌԴ դեսպան հայազգի Լեւոն Ջագարեանի միջոցով ընթերցւած ուղերձում մասնաւորապէս ասւած էր. «Ռուսաստանը սիրիական տագնապի կարգաւորման խնդրում միեւնոյն դիրքորոշումներն ունի, ինչ Իրանը: Մենք եւս անհրաժեշտ ենք համարում քաղաքական երկխօսութեամբ Սիրիայի ճգնաժամը լուծելու, մի հարց, որի զինւորական տարբերակին է ձգտում Արեւմուտքը, որն էլ անցեալ շաբաթ ձեռնարկեց Դոհայում կրկին համախմբել սիրիական ընդդիմադիրներին, որոնց մէջ խոշոր տոկոսով ընդգրկւած են «Ալ Ղայիդա»-ի ծայրայեղական խմբաւորումներ…»:

 

 

 

Վերջին օրերին նաեւ հետաքրքիր առաջադրանքներով են հանդէս գալիս ԱՄՆ-ի նախկին եւ հեղինակաւոր դիւանագէտները: Այսպէս՝ նախկին ԱԳ նախարար Քիսինջերը եւ վերջին տարիներում Իրաքի ու Աֆղանստանի իրադարձութիւններում դերակատար դիւանագէտ Ռայան Կրուգերը խիստ կարեւորել են ԱՄՆ-Իրան դէմ առ դէմ բանակցութիւնները՝ թէ՛ Իրանի միջուկային թղթածրարի, եւ թէ՛ առհասարակ Միջին Արեւելքում ընթացող իրադարձութիւնների մասին: Ըստ երկու դիւանագէտների՝ ԱՄՆ-ն պէտք է գիտակցի Իրանի ազդեցիկ դերը, յատկապէս՝ Սիրիական տագնապի խնդրում, եւ որոնի  համագործակցութեան այնպիսի եզրեր, որոնք յօգուտ ԱՄՆ-ի շրջանային շահերի են աշխատելու:

Իրանի արձագանգը միանշանակ էր. «ԱՄՆ-Իրան ուղղակի երկխօսութեան-բանակցութեան թոյլտւութիւնը վերապահւած է լոկ հոգեւոր եւ գերագոյն առաջնորդ այաթօլլահ Խամենէիին»:

 

 

«ԱԼԻՔ» ՕՐԱԹԵՐԹԻ ԳԼԽԱՒՈՐ ԽՄԲԱԳԻՐ
ԴԵՐԵՆԻԿ ՄԵԼԻՔԵԱՆ

 

1