Ամեն մի հայ հոգու մի անկյունում դաշնակցական է.Ալյոնա Դադամյան
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » Ամեն մի հայ հոգու մի անկյունում դաշնակցական է.Ալյոնա Դադամյան

Ամեն մի հայ հոգու մի անկյունում դաշնակցական է.Ալյոնա Դադամյան

«Ապառաժ»-ը զրուցել է Ստեփանակերտի թիվ 2 ընտրատարածքում ԱՀ Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավորի լրացուցիչ ընտրություններում առաջադրված պատգամավորի թեկնածու, ՀՅԴ անդամ, պատմաբան Ալյոնա Դադամյանի հետ։

— Ձեր կենսագրության վիթխարի բաժինը կապված է ՀՅ Դաշնակցության հետ: Ինչո՞ւ ընտրեցիք Դաշնակցությանը եւ ի՞նչ ճանապարհ եք անցել այդ կուսակցությունում:

— Ասում են՝ կյանքում պատահականություններ չեն լինում։ Իմ կյանքում ճակատագրական դեր խաղացած որոշումները կարծես թե պատահականության հետևանք են:

2005 թվականին իմ դասախոս Նարինե Հովհաննիսյանի կողմից ստացա  Նիկոլ Դումանի տուն թանգարանում կազմակերպվելիք միջոցառմանը մասնակցելու հրավեր։ Պատկերացում անգամ չունեի, թե որտեղ եմ գնում: Հայտնվեցի մի միջավայրում, որտեղ երիտասարդները խարույկի շուրջ երգում են ազգային երգեր, պարում ազգային պարեր, եւ իրար դիմում ընկերով: Ես զգացի, որ այդ մթնոլորտը այդ երիտասարդների համար ապրելակերպ է: Այդ օրից հետո ես 100-ավոր նման միջոցառումների եմ մասնակցել՝ գուցե այդ մեկից ավելի լավ կազմակերպված, բայց հիշողություններիս մեջ այդ օրն առանձնահատուկ տեղ ունի:

Այդ տարիներին մենք ծարավ ունեինք նման մթնոլորտի: Չկար համացանց, բազմաֆունկցիոնալ հեռախոս, դպրոցներում չէին դասավանդվում ազգային երգն ու պարը. ազգայինը տեսնում էինք միայն բեմերում կամ հեռուստացույցով։ Ծնողներիցս ինձ փոխանցված ազգայինի փոքր չափաբաժինը լրացնելու կարողություն ուներ հենց Դաշնակցությունը։ Առանց վարանելու ես իմ դասախոսից խնդրեցի, որ ինձ ընդգրկեն ՀՅԴ երիտասարդական միության շարքերը:

Մինչև 2007 թ. ՀՅԴ երիտասարդական միության անդամ էի: 2007 թ. տեղի ունեցավ իմ կյանքի հերթական ճակատագրական իրադարձությունը՝ երդումով համալրեցի ՀՅԴ կուսակցության շարքերը:

Այդ օրը նույնքան տպավորիչ էր, որքան ՀՅԴ-ի հետ հանդիպումը: Ես այդ տարիներին երազել անգամ չէի կարող ՀՅԴ-ին անդամակցելու մասին՝ կարծելով, որ դեռեւս գաղափարապես հասունացած չեմ և գոռոզություն կլինի իմ կողմից շարքերը համալրելու դիմում գրելը։ Երբ ՀՅԴ երիտասարդական միության վարչությունը հանդիպեց մի խումբ երիտասարդների հետ, որի կազմում նաև ես էի՝ առաջարկելով փոխանցվել կուսակցության շարքերը, ուրախությունից չգիտեի ինչ անել: Առաջին անգամ, պետք է խոստովանել, ես բոլորից թաքուն արտասվեցի: Դա իմ կյանքի առաջին որոշումն էր, որ առանց ծնողներիս հետ քննարկելու ընդունեցի՝ մտավախություն ունենալով, որ կարող է չթույլատրեն:

2005-ից առ այսօր կառույցի հանդեպ իմ նվիրումն ու հարգանքը չեն փոխվել: Դաշնակցությունը ես երբեք չեմ դիտարկել միայն որպես քաղաքական մարմին։ Դաշնակցությունն իմ էությունն է, իմ ընտանիքը՝ իր բոլոր առավելություններով ու թերություններով:

Ինչ-որ տեղ ես վստահ եմ, որ ամեն մի հայ, ով գիտակցում է իր տեսակի առավելությունը, հոգու մի անկյունում դաշնակցական է:

Հիմնադրման օրից ի վեր ՀՅ Դաշնակցության նպատակը իշխանության հասնելը չէ։ Դաշնակցության համար իշխանությունը հայրենիքին ծառայելու լծակ է։ Եվ որպես դաշնակցական՝ իմ միակ նպատակը ազգիս ու հայրենիքիս ծառայելն է։

— Դաշնակցությունը կանոնագրով եւ որոշումներով առաջնորդվող կուսակցություն է: Դաշնակցության կարգապահությունը ինչպե՞ս կարող է նպաստել պատգամավորական գործունեությանը:

— Պատգամավորը քաղաքականացված անձ է, որին ժողովուրդն ընտրում է իրեն ծառայելու համար: Եվ միայն քաղաքականապես հասունացած անձը կարող է ճիշտ ծառայել ժողովրդին: Պատգամավորը պետք է ունենա 3 շատ կարևոր հատկանիշ՝ պետական մտածողություն, ազգային մտածողություն և, ամենակարևորը, պետք է լինի բարոյական կերպար՝ ժողովրդի խտացված տեսակ: Իսկ Դաշնակցության կանոնագրի ու ծրագրի հիմքում այդ արժեքներն են։

— ԱՀ Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավորի լրացուցիչ ընտրություններին թիվ 2 ընտրատարածքից առաջադրվել է պատգամավորի 9 թեկնածու որոնց գերակշիռ մասը երիտասարդներ են: Կարծում եք՝ հասունացե՞լ է նոր սերնդի ժամանակը:

— Թերևս այս ընտրությունների ամենաոգևորող բաժինն ինձ համար այն է, որ ես քաղաքական մրցապայքարի մեջ եմ իմ սերնդակիցների հետ: Շատ ավելի դժվար կլիներ մրցակցել քաղաքականապես ավելի փորձառուների հետ:

Մեր սերունդը հասունացել է դեռևս 1991-94թթ., իսկ երկրի կառավարման գործում՝ գուցե սխալվելու վախից է, որ ուշացել ենք պատասխանատվություն վերցնելուց: Իսկ քաղաքական գործչի սխալի համար պատասխանատվություն է կրում ողջ ժողովուրդը:

— Առաջադրված թեկնածուներից ո՞ւմ եք համարում Ձեզ մրցակից:

— Ես բոլորին եմ համարում ինձ մրցակից. անհամեստություն կլինի՝ թերագնահատել որևէ մեկին: Ամեն մեկս ներկայացնում ենք երկրին ծառայելու մեր տեսլականը, եւ այստեղ ավելի շատ պայքարի մեջ ենք ոչ թե թեկնածուներս, այլ երկրին ծառայելու մեր մոտեցումները: Այդ մոտեցումներից  ժողովուրդն  ընտրելու է մեկին, եւ այստեղ ընտրությունների հանդեպ ընտրողները պետք է ցուցաբերեն զգոնություն և աչալրջություն։

— Որպես երիտասարդ՝ չե՞ք վախենում Ձեր ուսերին ընկնող պատասխանատվությունից:

— Իմ առջեւ դրված բոլոր առաջադրանքներին ես մեծ պատասխանատվությամբ եմ մոտեցել: Այնպես չէ, որ ես չեմ պատկերացնում իմ անելիքը ընտրություններից հետո: Ես շատ լավ պատկերացնում եմ ընտրվելուց հետո իմ հաջորդ քայլը, և դրա համար է, որ դրել եմ թեկնածությունս: Մտավախությունս միայն այն է, որ կարող է իմ պատկերացրածի չափով չիրականացնեմ, կամ չհասցնեմ:

— Համատեղելի՞ են արդյոք երիտասարդ մայրն ու ԱԺ մանդատը:

— Ազգի պատկերը արտահայտվում է տվյալ երկրում ապրող քաղաքացիներով, որոնցից ամեն մեկը մի ընտանիքի անդամ է: Իսկ ընտանիքը մեր երկրի ամենաուժեղ զենքն է և ամենաապահով վահանը:

Իմ մեծագույն հաջողությունն իմ ընտանիքն է: Ես ունեմ այն ընտանիքը, որը միշտ երազել եմ,  և իմ դրական էներգիայի աղբյուրը հիմնականում գալիս է իմ ընտանիքից:

2005 թվականից ի վեր իմ կատարած բոլոր աշխատանքները եղել են հասարակական կամ քաղաքական: Այստեղ փոխվում է միայն աշխատելու դաշտը: Ես մի այնպիսի ընտանիքի կին եմ, որի անդամները հասարակական դաշտում են աշխատում: Ուղղակի՝ աշխատելու բնագավառներն են տարբեր:

— Ի՞նչ նոր մոտեցումներ եւ ծրագրեր Դուք ունեք առաջարկելու:

— Ես միշտ էլ կարևորել եմ հայեցի, ազգային արժեքների վրա հիմնված դաստիարակությունը: Ընտրվելու պարագայում պատգամավորի պարտականությունները կատարելուց զատ էլ ավելի եմ լծվելու հայեցի դաստիարակության քարոզչությանը: Այդ ուղղությամբ առաջին աշխատանքս լինելու է երիտասարդ մայրերի համար քննարկումների լսարան ստեղծելը։

— ԱՀ ԱԺ-ի պատգամավորներից ու՞մ գործունեության նման եք պատկերացնում Ձերը:

— Աշխատելով խորհրդարանում՝ ճանաչում եմ գրեթե բոլոր պատգամավորներին: Բոլորին  հարգում եմ, բայց թող ներեն ինձ բոլոր պատգամավորները՝ նրանցից եւ ոչ մեկն ինձ համար իդեալ չէ:

— Մասնագիտությամբ պատմաբան եք: Պատմությունից ի՞նչ դաս եք քաղել Ձեզ համար:

— Ամենամեծ դասն ինձ համար այն է, որ պետք է հենվել սեփական ուժերիդ վրա և կարողանալ ինքդ քեզ ճիշտ գնահատական տալ:

— Ստեփանակերտի քաղաքացիները ինչո՞ւ պետք է ընտրեն հենց Ձեզ։

Ստեփանակերտի քաղաքացիներն ընտրելու են անձերի կողմից ներկայացված ծրագիրը: Ընտրելու են ոչ թե ինձ, այլ իմ ընտրած քաղաքական կուրսը: Եթե սեղանին դրված լիներ անձերի ընտրության պահը, ես երբեք չէի դնի թեկնածությունս:

— ԱԺ պատգամավոր ընտրվելուց հետո ի՞նչ հարց եք բարձրացնելու առաջին հերթին:

— Թող դա անակնկալ լինի բոլորի համար:

Հարցազրույցը՝ Լուսինե Թեւոսյանի

1