Ամեն հայ պետք է ապրի «Մահ կամ ազատություն» կարգախոսով
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » հարցազրույց » Ամեն հայ պետք է ապրի «Մահ կամ ազատություն» կարգախոսով

Ամեն հայ պետք է ապրի «Մահ կամ ազատություն» կարգախոսով

Ճեպազրույց ԼՂՀ փոխվարչապետ, ՀՅԴ Արցախի ԿԿ անդամ Արթուր Աղաբեկյանի հետ

 

— Վերջերս Արցախում մեծ շուքով տոնեցինք ՀՅԴ 123-ամյակը: Որպես Արցախյան շարժման առաջին օրերից  ՀՅԴ շարքեր անդամագրված, բազում իրադարձությունների մասնակից, դաշնակցական հրամանատար, այս ամենը հավանաբար ընկալելի էր: Իսկ ընկալելի էր արդյոք  ձեզ՝ որպես պետական պաշտոնյայի, այս տոնակատարության ձեւաչափը:

 

Եթե պիտի խոսեմ 1989-ի հեռավորությունից,  որոշ բաներ չէի հասկանում. երդվել զենքի վրա, պայքարել հակառակորդի դեմ՝ մնալով ընդհատակում: Ինձ  մոտ այնպիսի տպավորություն կար, որ յուրաքանչյուր արցախցի դաշնակցական է, որովհետեւ տեսնում էի, որ յուրաքանչյուր տղամարդ զենք է փնտրում՝ ոմանք  իրենց տունը պահելու, ոմանք՝  հայրենի գյուղը:

 

Անդամագրվելով ՀՅԴ շարքեր՝  հասկացա, որ պատասխանատվություն եմ կրում, գործելու եմ կոնկրետ հրամայականներով, մասնակիցն եմ լինելու քննարկումների, բայց պետք է մի կողմ թողեմ անձնական տեսակետներս եւ անվերապահորեն կատարեմ ցանկացած որոշում՝ լինի դա խմբի, կոմիտեի, թե շրջանի որոշումը: Ցանկանում էի, որ ամեն արցախցի երդվի դրոշի եւ զենքի վրա, միաժամանակ շարունակելով հավատալ, որ բոլորը դաշնակցական են: Այն առաքելությունը, որ դատապարտված էր ստանձնելու ՀՅԴ-ն 1989-ին, 1990-ին, 1991-ին, առաքելություն էր Արցախի լինելության,  պայքարի. պայքարի՝ մահ կամ ազատություն կարգախոսով: Այդ օրերին մեր մեջ մերժել էինք ամեն դժվարություն, հանել էինք մեր միջից ամեն տեսակի վիրավորանք, որ պատճառել էինք իրար նախկին հասարակարգում, նախկին իշխանության կողմից: Գիտակցում էինք, որ պիտի ապրենք մահ կամ ազատություն կարգախոսով՝ մահ պատճառելով հակառակորդին, ազատություն պարգեւելով մեր ժողովրդին:

 

Կցանկանայի՝ արցախցին, անկախ կուսակցական պատկանելությունից, ապրի մահ կամ ազատությամբ: Եթե ոչ՝ ազատություն, ապա՝ ինչ…

 

— Հասարակության մեջ, Դաշնակցության հետ կապված, գոյություն ունեն որոշակի կարծրատիպեր: Մասնավորապես, մահ կամ ազատություն լսելով, մարդիկ մտածում են, որ դա պատերազմի կոչ է: Ինչ կարծիք ունեք այս դիտարկման վերաբերյալ:

 

Կդադարենք որպես ժողովուրդ լինել, եթե չապրենք մահ կամ ազատությամբ: Այլապես՝ ստրուկը կլինենք ստրկատիրոջ, ճորտը՝ ճորտատիրոջ: Կցանկանամ՝ ամեն արցախցի իր մեջ կոտրի այդ կարծրատիպը եւ ապրի այս գաղափարախոսությամբ, այլապես չենք կերտի ամուր եւ հզոր երկիր: Իրականում՝ ռազմի դաշտում այլ կարգախոս չէր կարող փոխարինել  մահ կամ ազատությանը, քանի որ պարզ հասկանում էինք՝ մահը թշնամուն, ազատությունը մեզ, մահը մեզ, ազատությունը մեր ժողովրդին: Եթե կա դրա անհրաժեշտությունը, կարծում եմ՝ ինձ կհասկանա ցանկացած ոք, ով ծանոթ է ՀՅԴ շարքերն ընդունվելու երդման տեքստին:

 

Երդում, որը չի զիջում Զինված ուժերի ծառայությանն անցնող զինվորականների երդմանը: Երդման տեքստ, որը հավասար է նախագահների՝ իրենց ժողովրդին ծառայելու երդմանը: Հակառակորդը քնած չէ. մի օր նորից ստիպված ենք լինելու զենք վերցնել: Դրա համար՝ ամեն օր ցանկացած հայ պետք է ապրի մահ կամ ազատությամբ:

 

Հարցազրույցը՝ Արմինե Նարինյանի

1