Ամեն հայ պարտավոր է երկաթե շերեփ ուղարկել Հայաստան. Հրանտ Մարգարյան
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » Ամեն հայ պարտավոր է երկաթե շերեփ ուղարկել Հայաստան. Հրանտ Մարգարյան

Ամեն հայ պարտավոր է երկաթե շերեփ ուղարկել Հայաստան. Հրանտ Մարգարյան

Հուլիսի 29-ին Ստեփանակերտի Մշակույթի եւ երիտասարդության պալատի փոքր դահլիճում տեղի է ունեցել ամերիկահայ բեմադրիչ, թատերագիր, դերասան եւ հռետոր Հրանտ Մարգարյանի «Խրիմյան հայրիկ» մոնոներկայացումը։

Միջոցառումը կայացել է Համազգային հայ կրթական եւ մշակութային միության Արցախի գրասենյակի նախաձեռնությամբ եւ Ստեփանակերտի Վ.Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի համագործակցությամբ:

«Խրիմյան հայրիկ»-ը լոկ ներկայացում չէր, այն զրույց էր հանդիսատեսի հետ՝ հայոց պատմության, հայության գերագույն նպատակների, ուժի եւ միասնության կարեւորության մասին։

Արցախյան բեմում մենախոսող Խրիմյան Հայրիկը գիտնական, պրոֆեսոր, թատերագիր, բեմադրիչ, դերասան, հռետոր, 26 թատերախաղերի հեղինակ եւ 50-ից ավելի դերերի խաղացող Հրանտ Մարգարյանն էր։

Հրանտ Մարգարյանի հետ «Ապառաժ»-ի այս հարցազրույցը անցյալի ու ներկայի մասին է, պատմությունից դաս քաղելու, պատվիրաններին հետամուտ լինելու, միավորվելու եւ մեկ դար առաջ ծառացած մարտահրավերները նոր սերունդներին չժառանգելու մասին է։

Ինչպե՞ս առաջացավ «Խրիմյան Հայրիկ» մենաներկայացումը բեմադրելու գաղափարը:

-Բեմադրությունը գրվել է Խրիմյան Հայրիկի մահվան 80-ամյակի կապակցությամբ՝ 1987 թվականին: Այն հսկա բեմադրություն էր՝ 36 մասնակիցներով: 1997-ին, Համազգայինի Նյու-Յորքի մասնաճյուղի հիմնադրման 90-ամյակին տոնակատարության շրջանակներում որոշվել է ներկայացնել «Խրիմյան Հայրիկ»-ը մենախաղով։ Եվ հաջողվեց: Մենաներկայացումը ներկայացվեց աշխարհի մի շարք քաղաքներում:

-Հայոց պատմության ընթացքում բազմաթիվ  քաղաքական, հոգեւորական նշանավոր գործիչներ ենք ունեցել։ Ինչո՞ւ ընտրեցիք հենց  Խրիմյան Հայրիկին։

-Ինձ համար Խրիմյան Հայրիկը մեր պատմության ամենաեզակի դեմքն է:

Մեր ժողովուրդը չխաբվելու բնազդ ունի։ Սուրբ Գրիգոր Լուսավորչին հայրիկ չասացինք, Սահակին հայրիկ չասացինք, Ներսես Մեծին Մեծ ասացինք, հայրիկ չասացինք։ Չասացինք եւ ոչ մեկին, եւ հայ ժողովուրդը պատճառ ուներ։ Մյուսները եթե միայն խաչակնքել եւ օրհնել են, ապա Հայրիկը բացառապես ժողովրդի մարդ էր, ժողովրդի մարմնացում:

Նա հայ ժողովրդի ցանկությունների, մտահոգությունների, ցավերի հայելին է: Ինձ համար Խրիմյան Հայրիկը մեծագույն հոգեւորական է, բացառապես հայ եւ հայրենիքի գաղափարի կաղապարում։

Ի՞նչ եք զգում Խրիմյանին կերպարանավորելուց:

-Վախ: Բիծ, արատ չկա այդ մարդու մեջ: Նա այնքան մեծ է, որ ես չնչին եմ ինձ զգում եւ վախով եմ մոտենում իր տիպարին՝ արդյո՞ք կկարողանամ Խրիմյանին իր մաքրությամբ, իր սրբությամբ ներկայացնել: Եվ սա իմ մղձավանջն է։

-Ի՞նչ եք զգում բեմի մուտքում:

-Մուտքը ինձ սարսափեցնում է: Հենց մուտքում եմ զգում հանդիսատեսին, եւ այդ պահից մտածում՝ ուր եմ, ով է դիմացինս՝ ժողովուրդն է, եկել է քեզ լսելու եւ դու ժողովրդի մեջն ես: Այս բոլոր մտքերը Խրիմյան են կազմում ներսումդ։ Այնքան Խրիմյան պետք է լինես, այնքան պետք է մարմնավորվես, միաձուլվես նրա հետ։

Մենաներկայացումը թատերարվեստի թերեւս ամենաբարդ ճյուղերից է: Ինչպե՞ս է հաջողվում շահել հանդիսատեսի ուշադրությունը:

-Շատ դժվարությամբ: Մենաթատրոնը խոսքի թատրոն է եւ ոչ թե աչքի: Մենաթատրոնի դժվարությունն այն է, որ պետք է կարողանաս երկխոսությունը պատկերային ձեւով մենախոսության վերածես։ Հանդիսատեսը պետք է տեսնի այդ տեսարանը, ե ես զգում եմ՝ տեսնում է արդյոք, թե՝ ոչ:

Արցախի հանդիսատեսը որքանո՞վ ընկալեց ներկայացումը:

-Ամեն հանդիսատես տարբերվում է մյուսից: Կարող եմ ասել, որ Արցախի հանդիսատեսը շատ ինքնուրույն հանդիսատես է: Սովորաբար երկխոսության մեջ եմ մտնում 6-7 հոգու հետ, Արցախի պարագայում սահմանափակվեցի միայն մեկ հոգով: Հանդիսատեսի լրջությունը թելադրեց լռել:

Առաջին վայրկյաններիս մինջեւ վերջ հանդիսատեսը կենտրոնացած էր: Այդ կենտրոնացումը բխում է մի շարք հանգամանքներից։ Ըստ երեւույթին՝ նյութին մանրամասնությամբ ծանոթ չէին, եւ ամեն մեկը ճիգ էր գործադրում՝ բառ անգամ բաց չթողնելու: Լռություն կար դահլիճում, որը ընկալելու լռություն էր։

Մեկ դար առաջ էր Խրիմյան Հայրիկը քարոզում հայերին վերադառնալ հայրենիք եւ գիտելիքներն ու կարողությունները ծառայեցնել ի նպաստ հայրենիքի: Այդ խնդիրն արդիական է նաեւ այսօր։ Ինչո՞ւ չենք վերադառնում հայրենիք:

-Տնտեսության ու կյանքի պայմանների հարցը թերեւս առաջնային խնդիրներն են: Նյութապես ապահով, խաղաղ ապրելու պայմաններ են պետք։ Այնպիսի պայմաններ, որ մարդ իր արվեստի կամ գիտության միջոցով կարողանա ընտանիք պահել: Արտասահմանում ծնված-մեծացածների համար այս ամենն անհրաժեշտ է:

Սակայն ամեն հայ պետք է մտածի նաեւ ազգի հարատեւման մասին։ Ծուռ նստած՝ շիտակ ենք խոսում, բայց պետք է հստակորեն ասենք, որ միակ տեղը, որ հայը պետք է ապրի, հայրենիքն է: Հայրենիքից դուրս հայը չի տոկում: Ես չեմ հավատում՝ Սփյուռքը զորավոր է պնդմանը: Մենք ասում էինք, որ հայերեն իմացողը հայ է, հիմա սփյուռքահայերն ասում են, որ անպայման չէ հայերեն իմանալ հայ լինելու համար: Այդ գաղափարն էլ տկարացել է։

Հայրենիքը պաշտում են, սիրում են, բայց երբ գալիս է գործնական քայլի ժամանակը… Չկա հայրենիքի իդեալական մղումը, սակայն եթե ուզում ես, որ զավակդ հայ լինի, հայ մնա, պետք է վերադառնաս։ Վերջակետ:

Բեռլինի վեհաժողովի իրողությունն ասես Հայաստանի ներկան լինի: Ինչու՞ չենք  դաս քաղում պատմությունից եւ մեր հույսը դնում հենց մեզ վրա:

-Ուժի հարցն է: Եթե մենք կարողանայինք ազատ, անկախ ապրել՝ հենվելով միայն մեր ուժի վրա, վստահ եղիր, որ Բեռլինի վեհաժողովի կարիքն անգամ չէինք ունենա։ Բայց, դժբախտաբար, կախված ենք Ռուսատսանից, Ամերիկայից, այլ երկրներից: Աշխարհի լեզուն այսօր էլ զենքն է։ Մենք մերը ստեղծելու կամքը եւ խելքը ունենք, բայց միջոցները պակասում են:

Միայն Մեծն Տիգրանի ժամանակ չէինք սպասում ուրիշի օգնությանը: Եթե միայն մենք մեր պատմության ընթացքում 4 Տիգրան ունենայինք։ Տիգրան է մեզ պետք՝ խրոխտ, հպարտ, աշխարհակալ։

Խրիմյան հայրիկը 4 պատվիրան է կտակել հայ ժողովրդին՝ հայրենիք, հավատք, մշակույթ, ընտանիք: Որքանո՞վ ենք այսօր առաջնորդվում այդ պատվիրաններով։

Հայրենիքի գաղափարը մեծամասնության մոտ կա՝ Արցախին օգնելու առաջնահերթությունը։ Սակայն հայրենիքի գաղափարի մեջ Արցախը պետք է հիմնախնդիր դառնա եւ հայության գերխնդիր:

Հավատքը մեր բնությունն է: Ստեփանակերտում այս օրերին ընթանում է եկեղեցու շինարարությունը. այդ հավատքի պետքը ունենք մենք՝ ոչ միայն որպես հավատք, այլ որպես եկեղեցի: Եկեղեցին մեծ դեր է խաղացել մեր պատմության ընթացքում՝ գրականության պահպանում, մշակույթ, գրերի ստեղծում, տարածում:

Մշակույթը մեր մեջքն է: Այսօր մեկ Նարեկացին բոլոր թագավորներին, իշխանավորներին նժարի մի կողմ է հրում: Մշակույթը ազգային դիմագիծ է։ Մշակույթ չունենաս՝ ազգ չես լինի:

Ընտանիքը ամենակարեւոր պատվիրանն է։ Այսօր սփյուռքի պայմաններում դեռեւս պահպանվում է «ընտանիք» գաղափարը։ Հայաստանում ու Արցախում ավելի շատ, եվրոպական երկներում, Ամերիկայում՝ տկարացած: Ընտանիքը ամենամեծ խարիսխն է: Եթե ընտանիքում երեխան չմշակվի, չզարգանա, մյուս երեքը չի պահպանի: Ընտանիքը դպրոց է եւ հնոց։ Ընտանիքի սյունն էլ հայ կինն է։ Նա է, որ ընտանիքը պահում եւ մշակում է: Նա է, որ հայրական սեր է սերմանում:

Ի՞նչ շերեփ ունի այսօր Հայաստանը:

-Շերեփը երկու կողմ ունի: Մեկը գաղափարն է, մյուսը՝ իրողությունը: Ֆիզիկական շերեփի հետեւում կա ոգեկան շերեփ: Ֆիզիկական շերեփ ունենալու համար պետք է հոգեպես պատրաստ լինենել, իսկ ոգեկանի կողքին պետք է գործնականը լինի՝ զորավորը: Արցախը՝ որպես գերխնդիր, ուրիշ ելք չունի: Ամեն հայ պարտավոր է երկաթե շերեփ ուղարկել Հայաստան՝ զենք:

Մենք այնքան զորավոր պետք է լինենք, որ եթե թշնամին հանդգնի ձեռք բարձրացնել մեր վրա, դատապարտված լինի ոչնչացման։ Այնքան պետք է չվախենանք, որ թշնամին վախենա մեր չվախենալուց: Իսկ թշնամին չի համարձակի հարձակվել մեր վրա, եթե իմանա, որ մենք պահպանում ենք մեր մեջ շերեփի երկու կողմերը։

Հարցազրույցը՝ Լուսինե Թեւոսյանի

Լուսանկարները՝ Դավիթ Ղահրամանյանի

1