Ամեն ինչ կանենք, որ այդ հավատը ոչ միայն չմեռնի, այլ նաև արթնանա անհավատների մեջ
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Ամեն ինչ կանենք, որ այդ հավատը ոչ միայն չմեռնի, այլ նաև արթնանա անհավատների մեջ

Ամեն ինչ կանենք, որ այդ հավատը ոչ միայն չմեռնի, այլ նաև արթնանա անհավատների մեջ

ՀՀ կառավարության ծրագրի հիմքում ընկած է ոչ թե այն, թե տվյալ պահին, ով է վարչապետը կամ ովքեր են կառավարության կոնկրետ անդամները, այլ այն, ինչը հստակ արձանագրված է ծրագրի սկզբում՝ ՀՀԿ, ՀՅԴ նախընտրական ծրագրերը, կոալիցիոն հռչակագիրը և հասարակությունում շրջանառվող առաջադեմ գաղափարները: Ավելին, այն օրգանական կապի մեջ է 2016 թվականի հոկտեմբերին ներկայացված նախորդ կառավարության ծրագրի հետ: Հետևաբար հարց չի կարող առաջանալ, թե ինչու է ծրագիրը վերաբերում 17-22թթ.:

Մեզ համար այս ծրագրի գլխավոր առանձնահատկությունը, ինչով այս ծրագիրը շահեկանորեն տարբերվում է մյուսներից, այն է, որ կառավարությունը իր տեսլականը պատկերում է՝ ըստ էության որդեգրելով Դաշնակցության կողմից բազմիցս հիշատակված «Զարգանալ չզիջելով» դժվարին, սակայն արժանապատիվ սկզբունքը:

Կառավարության այս ծրագիրը, ըստ էության, կառուցված է այն գաղափարախոսության վրա, ըստ որի՝ չնայած նրան, որ Հայաստանը դիմակայում է անվտանգության լրջագույն սպառնալիքներին և մարտահրավերներին, երկիրը պարտավոր է և կարող է զարգանալ առանց զիջելու մեր ազգային ռազմավարական շահերը: Կառավարությունը փաստացի ստանձնում է հենց այսպիսի հանձնառություն և հայտ է ներկայացնում ապացուցել առանց մեր սերունդների ձեռք բերածը կորցնելու երկրի առաջանցիկ զարգացումը ապահովող հայեցակարգի կենսունակությունը:

Մենք ազգովի առաքելություն ունենք ապացուցելու, որ աշխարհաքաղաքական այս բարդագույն իրավիճակում իսկապես կարող ենք մեր հույսը մեր վրա դնել: Այս վստահությունն ու լավատեսություն են ուզում հասարակությանը ներշնչել կառավարության ծրագրի հեղինակները: Սա է գլխավոր ուղերձը:

Այո՛, լինելով պատերազմական վիճակում, մենք կարող ենք ու պարտավոր ենք զարգանալ: Կառավարությունը, քաջ գիտակցելով երկրի դեպի ծով ելք չունենալու, շրջափակման մեջ լինելու ծանրագույն պայմանները, հանձնառություն է ստանձնում երաշխավորել Հայաստանի և Արցախի միասնական անվտանգությունը, անհրաժեշտ թափ հաղորդել մեր երկրի զարգացմանը՝ ձևավորելով դրա համար բավարար արտաքին և ներքին ռեսուրս:

Ողջունելի է, որ վարչապետը ծրագիրը ներկայացրեց համադրելով կատարվածն ու անելիքը, ինչը պատասխանատու և հաշվետու լինելու և ապագա ծրագրերի նկատմամբ վստահություն ունենալու դրսևորում է:

Մեր արտաքին ռեսուրսը հմուտ դիվանագիտություն իրականացնելու, սփյուռքի մեր ներուժը զորաշարժի բերելու միջոցով մեր արտաքին բազմակողմանի քաղաքական և տնտեսական կապերը ամրապնդելու և դաշնակից ու բարեկամ երկրների շրջանակը հետևողականորեն ընդլայնելու մեջ է: Ներքին ռեսուրսը բազմապատկելու գրավականը հայ մարդու իրավունքների և ազատությունների երաշխավորումն է, ներազգային համերաշխության ու արդարության ապահովումը: Դրան հասնելու համար բարենպաստ միջավայր ձևավորելուն են կոչված ծրագրային այնպիսի առաջնահերթություններ, ինչպիսիք են հատկապես՝

– միջազգային խորհրդարանական համակարգերի առաջադեմ փորձի տեղայնացումը՝ ապահովելով պետական կառավարման, տարածքային և տեղական ինքնակառավարման արդիականացումն ու արդյունավետությունը, մասնավորապես կառավարություն-վարչապետ-նախարար սահմանադրությամբ նախատեսված կարգավիճակներին համապատասխան լիազորությունների և պարտականությունների պատշաճ օրենսդրական կարգավորում

– խոշորացված համայնքներում համայնքի ղեկավարի անուղղակի ընտրության մոդելի և համայնքների ավագանիների համամասնական ընտրական համակարգի ներդրում Ինչը նախորդ ծրագրում կար, այստեղ կարծում եմ բաց է թողնվել, առաջարկում ենք վերականգնել – արդարադատությունը երաշխավորող նոր անկախ և անաչառ դատական համակարգի ձևավորում

– հասարակության լայն վստահությունը վայելող կոռուպցիայի դեմ պայքարի անկախ ինստիտուցիոնալ համակարգի հիմնում, ինչի համար անհրաժեշտ օրենսդրական կարգավորումներն արդեն կատարված են

– բարձր որակավորում ունեցող, մրցունակ, արժանավայել ու վստահելի մարդկային կապիտալ ձևավորելուն կոչված արդար ու թափանցիկ կադրային քաղաքականություն

– Հայաստանի, Արցախի և սփյուռքի՝ որպես մեկ միասնական հայության ամբողջացում, հայության ճակատագրում բոլոր հայերի մասնակցությունն ապահովող համապատասխան իրավաքաղաքական միջավայրի ստեղծում: Ի դեպ թե՛ մեր, թե՛ հանրապետական կուսակցության նախընտրական ծրագրերում Հայոց ցեղասպանության ճանաչումից ու դատապարտումից բացի կարևորվել է նաև ցեղասպանության հետևանքների վերացման խնդիրը, ինչ բացակայում է ծրագրում: Առաջարկում ենք համապատասխան տեղում լրացնել այս բացը:

Հարգելի գործընկերներ,

Գործ անելու որևէ մոտիվացիա ունի միայն լավատեսը, ոչ երբեք հոռետեսը: Վատատեսի մոտիվացիան, վատը գուշակելով, սեփական վատատեսությունը արդարացնելն է: Սա լավատեսությամբ ներշնչված գործնական ծրագիր է: Մենք հավատում ենք այս լավատեսությանը: Միաժամանակ քաջ գիտակցում ենք, որ հավատն առանց գործի մեռած է, և ուրեմն ամեն ինչ կանենք, որ այդ հավատը ոչ միայն չմեռնի, այլ նաև արթնանա անհավատների մեջ:

1