Ամենամեծ ակնկալիքը խաղաղության պահպանումն է. Արմեն Սարգսյան
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » Ամենամեծ ակնկալիքը խաղաղության պահպանումն է. Արմեն Սարգսյան

Ամենամեծ ակնկալիքը խաղաղության պահպանումն է. Արմեն Սարգսյան

— Պարոն Սարգսյան, ինչպե՞ս կբնորոշեք 2017թ. Արցախի Հանրապետության Ազգային ժողովի և, մասնավորապես, «Դաշնակցություն» խմբակցության համար:

— 2017թ. մենք հանպատրաստից աշխատանքներ չենք կատարել, այլ հենց տարվա սկզբի նիստերի ընթացքում ընդհանուր 5 տարվա ծրագրի շրջանակներում ճշգրտեցինք 2017թ. մեր անելիքները: «Դաշնակցություն» խմբակցությունն, իմ կարծիքով, ամենաաշխույժ խմբակցություններից մեկն է ԱՀ ԱԺ-ում: Անցնող տարվա ընթացքում խմբակցությունը 40-ից ավելի նիստ է գումարել և այդ նիստերում մանրամասն քննարկել տարբեր հարցեր՝ քաղաքական, խորհրդարանական բնույթի և այլն: Այդ նիստերի ընթացքում բանավիճել ենք, փորձել ենք գտնել այն հիմնական ճիշտ ճանապարհը, որով պիտի խմբակցությունն առաջնորդվի:

Բացի դրանից, խմբակցությունը չի սահմանափակվում զուտ Արցախյան աշխատանքներով: ՙՄեր խմբակցության անդամները մեկնել են արտերկիր և տարբեր լուրջ քաղաքական հանդիպումներ ունեցել, որոնք միտված են Ղարաբաղի քաղաքական ճանաչմանը և տարբեր հարցերի լուծմանը: Մենք խորհրդարանում ընդունել ենք արտասահմանյան տարբեր պատվիրակությունների, պատգամավորների, որոնց մի մասը կազմակերպել է ՀՅԴ համաշխարհային կառույցը: Դրանցից ես կառանձնացնեի Սոցինտերնի երիտասարդական թևի հանդիպումը, որը շատ կարևոր էր: Մենք փորձում ենք օգտագործել ՀՅԴ համահայկական կառույցը, որպեսզի Ղարաբաղի ճանաչման գործընթացը հասնցնենք նոր աստիճանի:

Միաժամանակ, կուզենայի ընդգծել մեր և ՀՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության սերտ կապը: Մենք ծրագիր ունենք, որի համաձայն տարեկան առնվազն երկու անգամ հանդիպում ենք Ստեփանակերտում և Երևանում, միասին քննարկում երկուստեք մտահոգող հարցեր, փոխօգնության հնարավորությունները` առանձնապես փորձագիտական մակարդակով:

— 2017թ. ընդունվել է նոր Սահմանադրություն, պետական կառավարման համակարգում կատարվել են արմատական փոփոխություններ: Ձեր կարծիքով՝ կարելի՞ է այս տարին շրջադարձային համարել Արցախի հետագա քաղաքական կյանքի համար:

— Սահմանադրությունը փոխել է կառավարման համակարգը, դա փաստ է: Կյանքը ցույց կտա, թե ինչքանով է արդարացնում նոր Սահմանադրությունը: ՀՅ Դաշնակցությունը դեմ է եղել այդ Սահմանադրությանը` բերելով երկու հիմնական պատճառներ: Առաջին, մենք գտնում ենք, որ Հայաստանում գործող մեխանիզմը պետք է գործի նաև Արցախում: Եվ երկրորդ, խորհրդարանական կառավարման համակարգում առավելագույնս են դրսևորվում տարբեր կարծիքներ, ժողովրդավարական համակարգը: Իսկ ինչ վերաբերում է այն թեզին, որ իբր պատերազմի ժամանակ պետք չէ դա, ապա՝ կան օրենքներ, որոնք գործում են պատերազմի ժամանակ և փոխում գործող համակարգը: Մենք դեմ ենք եղել Սահմանադրության նախագծին և բացատրել ենք պատճառները: Բայց ժողովուրդը ձայն է տվել այդ Սահմանադրությանը և մենք պարտավոր ենք շարժվել այդ ուղղությամբ:

— Ձեր կարծիքով՝ 2017թ. քննարկված օրենքներից ո՞րն է ավելի կարևոր և ինչպիսի՞ն էր դրա նկատմամբ խմբակցության դիրքորոշումը:

Կարելի է առանձնացնել Տեղական ինքնակառավարման մարմինների մասին օրենքը: Մենք փորձում ենք այս օրենքի վերաբերյալ բազմակողմանի քննարկումներ անցկացնել, որպեսզի սխալ թույլ չտանք: ՏԻՄ ղեկավարման համակարգը արմատապես պետք է փոխվի, այն, ինչ որ հիմա կա, իրոք չի արդարացնում իրեն և պարզապես պետք է գտնել շատ ճիշտ ճանապարհը: Տարիներ շարունակ մենք բարձրացրել ենք այն հարցը, որ պետք է փոփոխություններ կատարենք և որ այս համակարգով հնարավոր չէ զարգացնել առանձնապես գյուղերը և ընդհանրապես ՏԻՄ ընդհանուր մարմինների գործունեությունը: Եթե մի տեղ կառավարման համակարգը ճիշտ չի կայացել, ապա բացառվում է, որ այնտեղ առաջընթաց լինի: Մենք աշխուժորեն լծված ենք այդ աշխատանքին: Տարվա ընթացքում բազմաթիվ կարևոր օրենքներ են քննարկվել և ընդունվել: Միայն զարմանալին այն է, որ խորհրդարանի աշխատանքը շատ քիչ է լուսաբանվում, նույնիսկ հանրային հեռուստատեսությամբ: Ամսվա ընթացքում Ազգային ժողովի աշխատանքների լուսաբանմանը հատկացված րոպեները չնչին են: Մեր կարծիքով՝ պետք է շատ ավելի խորությամբ լուսաբանվի խորհրդարանի գործունեությունը և ոչ թե միայն լուրերի տեսքով: Եթե նույնիսկ ՀՀ ԱԺ նիստերի ուղիղ հեռարձակման հնարավորությունը տեխնիկական պայմաններից ելնելով՝ չկա, ապա շատ մանրամասն պետք է վերլուծվի:

— Տարվա ընթացքում «Դաշնակցություն» խմբակցությունը բազմաթիվ հանդիպումներ է ունեցել բնակչության հետ: Ձեր կարծիքով անհրաժե՞շտ են այդ հանդիպումները և ի՞նչ արդյունք են տալիս, պատրաստվո՞ւմ եք շարունակել հաջորդ տարի:

— Նախ, միանշանակ ասեմ, որ՝ այո, պատրաստվում ենք շարունակել հանդիպումները: 2017թ. ամբողջ Արցախի տարածքում խմբակցությունը 60-ից ավելի հանդիպումներ է իրականացրել: Հանդիպումները շատ կարևոր են, քանի որ գյուղացիները, քաղաքի բնակիչները այնպիսի հարցեր են ուղղում, որոնք իրոք լուսաբանման կարիք ունեն: Այդ հանդիպումների ժամանակ լուսաբանական շատ մեծ հարցեր են լուծվում, բնակչությունը տեղեկանում է այս կամ այն օրենքի վիճակից, հետևանքներից, քաղաքականությունից: Քանի որ ԱԺ-ի գործունեությունը շատ քիչ է լուսաբանվում եթերում և ընդհանրապես ԶԼՄ-ներում, մենք կարողանում ենք ժողովրդին ներկայացնել ԱԺ-ի ընդհանուր գործունեությունը, մասնավորապես՝ մեր խմբակցության գործունեությունը:

Բնակչությունը բազմաթիվ հարցեր է բարձրացնում: Պատգամավորն այն կարգավիճակն ունի, որ միանգամից կարող է այդ հարցերը բարձրագույն օղակներին ներկայացնել և լուծել: Մենք գրանցում ենք այդ հարցերը և փորձում ենք համապատասխան նախարարների, իշխանության ներկայացուցչների միջոցով հնարավորինս լուծում տալ: Բայց, իմ սուբյեկտիվ կարծիքով, չափից շատ են տնտեսական, անձնական, կենցաղային բնույթի հարցերը:

Հանդիպումները կայանում են ոչ միայն տվյալ բնակավայրի բնակիչների, այլ կոնկրետ ուսուցչական կոլեկտիվների հետ, որտեղ տարբերվում է հանդիպման մակարդակը: Եվ ուրախալին այն է, որ դպրոցական կոլեկտիվների հետ հանդիպման ժամանակ միայն դպրոցի վերաբերյալ հարցեր չեն տալիս, այլ երկրի ապագայի, տարբեր բարեփոխումների վերաբերյալ: Երբ տվյալ բնագավառի մասին բնակիչների կողմից բարձրացված և մեզ հուզող հարցերը որոշակի ծավալ են կազմում, խմբակցությունն իր նիստերին հրավիրում է նախարարների, վարչական ղեկավարներին: Սա ավանդույթ է դառնում, և 2018թ. մենք շարունակելու ենք պետական բարձրաստիճան պաշտոնյաների հետ այս հանդիպումների գործընթացը:

— Ի՞նչ ակնկալիքներ ունենք 2018 թվականից:

— Ամենամեծ ակնկալիքը խաղաղության պահպանումն է, ինչպես նաև սահմաններին այնպիսի մեխանիզմի ներդրումը, որով հնարավոր կլինի ապահովել զինվորի անվտանգությունը: Երկրորդը Արցախի ճանաչման գործընթացն է: Ես չեմ ասում, որ 2018թ. կարողանալու ենք ճանաչել տալ Արցախի Հանրապետությունը, բայց ես հւոսով եմ, որ շատ ավելի կխորացնենք ճանաչման գործընթացը: Երրորդը տնտեսական զարգացումն է, նոր բարեփոխումների միջոցով կարողանանք հասնել բարձր մակարդակի, տնտեսական զարգացման: Մենք պետք է տնտեսապես շատ հզոր լինենք, որպեսզի թշնամին չփորձի հարձակվել մեզ վրա: Կարևոր եմ համարում նաև ժողովրդի կենսամակարդակի բարձրացումը: Եթե ամեն տարի ժողովրդի կենսամակարդակը նախորդ տարվա համեմատ բարձրանա, ապա բնական է, որ ապագան մեր ձեռքերում կլինի:

Հարցազրույցը՝ Տաթևիկ Աղաջանյանի

1