Ամենալավ բանը եւ մանկության կորած հեքիաթը
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » Ամենալավ բանը եւ մանկության կորած հեքիաթը

Ամենալավ բանը եւ մանկության կորած հեքիաթը

«Պատերազմ…աչքեր…ծաղիկներ». երիտասարդ գրող, լրագրող Հերմինե Ավագյանը այսպես է վերնագրել հոր՝ Արցախյան շարժման եւ պատերազմի առաջամարտիկ, Աշանի ինքնապաշտպանական ջոկատի, այնուհետև վաշտի հրամանատար, ՀՅ Դաշնակցության գաղափարակիր, «Մարտական խաչ երկրորդ աստիճանի» շքանշանակիր Արմեն Ավագյանի 50-ամյակի նվերը:

Գրքում արծարծվող թեմաները եւ տողատակերը փորձեցինք բացահայտել հեղինակի հետ:

-Ի՞նչ հուշեր կուզեիք լինեին Ձեր կյանքում:

-Մանկության վարդագույն հուշերս կուզեի ունենալ ու հայրիկիս պատկերը կուզեի գտնել նրանցում…Չէ՞ որ լավ հուշերը հաճախ փրկում են…Եթե կիսատ ես հիշում մանկությունդ, ուրեմն կիսատ ես ապրել կյանքիդ այդ հատվածը: Դու ապրում ես՝ այդ կիսատը քո մեջ կրելով…Կան բաներ, որոնք եթե չես ունենում կյանքում, ապա դրանց տեղը միշտ մնում է դատարկ. այն ինչ-որ ուրիշ բանով լրացնել, ամբողջացնել հնարավոր չէ… Այդ դատարկ հուշերի տեղում հանգրվանում է կարոտը…

Մանկությանս կիսատ հեքիաթը կուզեի ապրել ու ավարտել ճիշտ ժամանակին…Կուզեի, որ ժամանակից շուտ մեծացած չլինեի…

28117639_1833689310261051_1002360513_n

Այսօր՝ չհայտարարված պատերազմի պայմաններում, հնարավո՞ր է արդյոք առաջնորդվել Ձեր հայրիկի բանաձեւով:

-Պատերազմը նույնն է մնացել, հակառակորդի գործելաոճն է փոխվել այսօր:

Ինչպես գրքի հերոսն է ասում՝ պատերազմը խաղ է, ագահների խաղ, որի արդյունքում տուժում են թույլերը: Պետք է կարողանալ դիմադրել խաղին, թելադրել քո կանոնները՝ միաժամանակ թույլ չտալով, որ տուժի ազնվությունդ ու մարդկային բարձր հատկանիշներդ: Կարծում եմ՝ հայրս այսօր էլ նույն բանաձեւով կառաջնորդվեր: Ամեն դեպքում՝ հմուտ ռազմական գործիչը նա է, ով անգամ թշնամուն խնայելով է նրան ծնկի բերում:

-Գրքում արծարծվող «ամենալավ բանը» ի՞նչն է:

-Գրքում ասված «ամենալավ բանը» այն է, ինչ հայրիկս ու իր ընկերներն էին երազում, այն, ինչ այդ օրերին իրար թեւ ու թիկունք կանգնած հայությունն էր երազում՝ բաղձալի հաղթանակ, ազատություն… Շուշիի հաղթանակով բացվեց հաղթանակի ճանապարհը, բայց, ցավոք, երազողներից ոմանք չտեսան անկախ Արցախը: Դա ամենալավ բանն էր նրանց համար:

Եթե բոլոր նրանք, ովքեր իրոք «ամենալավ բանն» էին երազում, այսօր լինեին մեր կողքին, ո՞վ գիտե՝ գուցե ունենայինք երազանքի մեր հայրենիքը…

Դեռեւս հիշու՞մ եք Ձեր մայրիկի սպասելու պատգամը:

-Սպասումը միշտ ինձ հետ է, այն ամեն օր ինձ հետ է «քնում» ու «զարթնում»… Ինձ հետ քայլում է փողոցով, զրուցում է լռության պահերին, աղոթում է ինձ հետ, տխրում է ինձ հետ, ուրախանում է, պարտվում է, հաղթում է… Գուցե դուք հիմա ձեր ներսում ծիծաղում եք այս խոսքերի վրա, բայց սա իմ իրականությունն է ու այն չի փոխվում տարիների հետ…

28053967_1833689300261052_1573182584_n

Ի՞նչ եք կարծում՝ կգա՞ արդյոք այն օրը, երբ հեռուստացույցից կդադարեն խոսել պատերազմի մասին:

-Հայտնի խոսքեր են՝ պատերազմները սկսվում են, բայց չեն ավարտվում: Չգիտեմ ով է առաջին անգամ մոգոնել պատերազմը, բայց հաստատ այն չարի ծնունդ է: Գու՞ցե մի օր իրոք հեռուստացույցը էլ չխոսի պատերազմից, գո՞ւցեեւ… բայց դա երևի կլինի այն ամենապայծառ օրը, երբ երկնքի լույսը վերջապես կթափանցի մարդկային հոգիները եւ կմաքրազերծվի այնտեղ տիրող աշխարհը:

Երբ մարդն ի զորու կլինի իր մեջ սպանելու բոլոր փառատենչ մոլուցքները, դիմացինի ունեցածին տիրելու տենչը, երբ որոշ ազգեր, որ դեռ չեն հասցրել «մարդանալ», ի վերջո կսպանեն իրենց մեջ բույն դրած գազանին, գուցեեւ այդ ժամանակ լռեն բոլոր պատերազմները… Դա կլինի ամենաերանելի ժամանակը, իսկ այն ապրողները կլինեն ամենաերջանիկները…

-Ի՞նչ գույներով եք պատկերացնում ապագան:

-Հազար ու մեկ իմաստուններից եւ ոչ մեկը չի կարող որոշել ապագայի գույները, բայց եթե բոլորս մեր այսօրն ապրենք սիրով, նվիրումով ու բարությամբ, ապա կլինենք այնքան երջանիկ, որքան երազում ենք, կունենանք այն ամենապայծառ գույնը, որը երբեք չի խամրում:

Ապագան իմ սիրելի գույների մեջ եմ միայն պատկերացնում:

Ի՞նչ կանեիք, եթե հայրիկը մի հրաշքով ողջ լիներ:

-Ես ընդհանրապես հրաշքների հավատող մարդ եմ: Հավատն իմ մեծագույն զենքն է, որով շատ բան եմ հաղթել. դա մայրիկիցս եմ ժառանգել: Գուցե այդ մեծ հրաշքը երբեք էլ չլինի, բայց դրան հավատալը հաճախ «փրկում է»…

28117085_1833689546927694_728240364_n

Գրքի տասնմեկերորդ «լուսամուտը» դեռեւս փակ է, ե՞րբ հանրությանը կներկայացնեք կիսատ մնացած պատմությունը

Գրքի յուրաքանչյուր պատում կոչել եմ «լուսամուտ», որովհետեւ ամեն մի գրվածք լուսամուտ է բացում դեպի իրական պատմությունը, թույլ տալիս, որ արևը ներս ընկնի, լույս սփռի:

Տասնմեկերորդ պատումը թողել եմ դատարկ էջի վրա, տասնմեկերորդ լուսամուտը դեռ չեմ գրել, դա այն է խորհրդանշում, որ պատմության բոլոր լուսամուտները դեռ բացված չեն եւ դեռ կան արևի կարոտ տողեր, որ մի օր, հաստատ, կծնվեն…

Հուսամ՝ այդ լուսամուտը երբ էլ բացվի, կբացվի լոկ խաղաղությամբ, կլինի խաղաղության լուսամուտ…

Գլխավոր նկարը՝ Լուսինե Թեւոսյանի, մատիտանկարները` Լիաննա Քոչարյանի

Հերմինե Ավագյանի հետ զրուցեց Լուսինե Թեւոսյանը

 

1