ԱՀ Ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանը մամուլի ասուլիս է հրավիրել
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » ԱՀ Ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանը մամուլի ասուլիս է հրավիրել

ԱՀ Ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանը մամուլի ասուլիս է հրավիրել

Այսօր՝ հունվարի 12-ին ԱՀ Ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հրավիրել է մամուլի ասուլիս՝ նվիրված 2017 թվականի տնտեսական ցուցանիշներին, հարկային քաղաքականությանը, ֆինանսների նախարարության կողմից այլ ոլորտներում իրականացվելիք ծրագրերին եւ 2018 թվականի պետական բյուջեին:

Խոսելով 2017 թվականի մասին՝ նախարարը նշել է որ տարին եզրափակել ենք բարձր տնտեսական աճով, այն կազմում է շուրջ 15.0 տոկոս` 1.0 տոկոս դեֆլյատորի պայմաններում, որը վերջին 10 տարիների ընթացքում ամենաբարձր ցուցանիշն է:

«Նման բարձր աճի տեմպի համար հիմք է հանդիսացել նյութական արտադրության, մասնավորապես՝ հանքագործական արդյունաբերության, ճյուղերի ավելացված արժեքի աճը, որը, ապահովել է տնտեսական աճի մոտ 6.0 տոկոսային կետը»,- մասնավորապես ասել է Գ.Մարտիրոսյանը:

Նյութական արտադրության հիմնական ոլորտներում արձանագրվել են հետևյալ ցուցանիշները՝ արդյունաբերական արտադրանքի ծավալը՝ շուրջ 84.0 մլրդ դրամ` 2016 թվականի համեմատ իրական արտահայտությամբ աճելով ավելի քան 30.0 տոկոսով, շինարարության ծավալը՝ շուրջ 53.0 մլրդ դրամ` ապահովելով աճ ավելի քան 16.0 տոկոսի չափով իսկ գյուղատնտեսության արտադրանքի ծավալը՝ շուրջ 75.0 մլրդ դրամ` 2016 թվականի համեմատ աճելով շուրջ 10 տոկոսի չափով:

«2017 թվականի պետական բյուջեն հաջողվել է կատարել առանց ծախսերի գծով ընթացիկ պարտքերի կուտակման: ԱՀ 2017թ. պետական բյուջեի կատարման ընթացքում ամբողջ ծավալով ֆինանսավորվել են աշխատավարձը, թոշակները, նպաստները և սոցիալական բնույթի այլ ծախսերը»,- նշել է նախարարը:

Ֆինանսական վերահսկողության տեսչության կողմից 2017թ. լրիվ կամ մասնակի ստուգումներ է իրականացվել հանրապետության տարածքում գործող 142 կազմակերպություններում: Ստուգումների արդյունքներով հայտնաբերվել և լրացուցիչ հաշվարկվել է 299.7 մլն դրամի անօրեն ծախսումներ, ապրանքանյութական արժեքների և դրամական միջոցների պակասորդներ և ավելցուկներ:

«Լրացուցիչ հաշվարկված 299.7 մլն դրամի և նախորդ տարվա ստուգման արդյունքներով հայտնաբերված անօրինական ծախսերից, ապրանքանյութական արժեքների և դրամական միջոցների պակասորդներից ու ավելցուկներից վերականգնվել/վերաձևակերպվել է 42.0 մլն դրամի, որից պետական բյուջե է վերականգնվել 14.3 մլն դրամ, համայնքային բյուջե է վերականգնվել 3.7 մլն դրամ, ձեռնարկության հաշվին է վերականգնվել 1.2 մլն դրամ, ֆինանսավորումից պակասեցվել է 0.2 մլն դրամ և հաշվառումով վերաձևակերպվել է 22.6 մլն դրամ»,- նշել է Գ.Մարտիրոսյանը եւ նշել, որ  ստուգման արդյունքներով երկու հիմնարկ-ձեռնարկության նյութերը ներկայացվել են ԱՀ ոստիկանություն:

Խոսելով 2018 թվականի պետական բյուջեի մասին Գրիգորի Մարտիրոսյանը նշել է, որ 2018թ. պետական բյուջեի լրամշակված նախագծի համաձայն, պետական բյուջեի վերջնական ցուցանիշներն են՝ եկամուտներ՝ 96 մլրդ 428,2 մլն դրամ, ծախսեր՝ 101 մլրդ 538,8 մլն դրամ, դեֆիցիտ՝ 5 մլրդ 110,6 մլն դրամ:

«2018 թվականին ներդվել է Արցախի Հանրապետության շրջանների շինարարական, բարեկարգման և կոմունալ տնտեսության գծով կարողությունների զարգացման ծրագիրը, որի համար նախատեսվել է 2,2 մլրդ դրամ: Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերին ուղվող ծախսերն ավելացվել են 500.0 մլն դրամի չափով: Տնտեսական զարգացման ծրագրերի համար 2018 թվականի պետական բյուջեով նախատեսվել է 300.0 մլն դրամ` նախորդ տարվա 17.0 մլն դրամի դիմաց: Արդյունքում տնտեսական հարաբերությունների բնագավառի ծախսերի տեսակարար կշիռը պետական բյուջեի ծախսերում 2018 թվականին կավելանա 2.0 տոկոսային կետով` կազմելով  պետական բյուջեի ծախսերի 13.9 տոկոսը»,- ներկայացրել է նախարարը եւ նշել, որ Արցախի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով նախորդ տարիներից եկող բոլոր ստանձված սոցիալական պարտավորությունների և սոցիալական ծրագրերի կատարումը շարունակվելու է: Բացի գործող ծրագրերից 2018 թվականի պետական բյուջեով ծրագրվել են մի շարք նոր ծրագրեր՝ վերաբնակեցման նպատակով բնակարանաշինության նոր ծրագիրը, դժվարամատչելի հետազոտությունների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով ախտորոշման ժամանակակից եղանակ ապահովող ՄՌՏ սարքի ձեռքբերումը, աուտիզմով և մանկական ուղեղային կաթվածով տառապող երեխաների ցերեկային խնամքի ծառայությունների նոր ծրագիրը և այլն:

Ընդհանուր առմամբ, սոցիալական ոլորտի 2018 թ. պետական բյուջեով ծրագրավորված ծախսերը նախորդ տարվա համեմատ կավելանան 3.8 տոկոսով:

1