ԱՀ առողջապահության նախարար Կարինե Աթայանը հանդես է եկել մամլո ասուլիսով  
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » ԱՀ առողջապահության նախարար Կարինե Աթայանը հանդես է եկել մամլո ասուլիսով  

ԱՀ առողջապահության նախարար Կարինե Աթայանը հանդես է եկել մամլո ասուլիսով  

Հունվարի 25-ին ԱՀ առողջապահության նախարար Կարինե Աթայանը հրավիրել է մամուլի ասուլիս՝ հանրությանը ներկայացնելու 2017 թվականին համակարգի կողմից կատարված աշխատանքները և 2018-ի նախատեսվող ծրագրերը:

Արցախի առողջապահության համակարգի 2017թ. կատարողականը կազմել է 5.897.195,474 հազար դրամ:

Շարունակվել են հետևողական աշխատանքները համակարգը բժշկական կադրերով համալրելու գործընթացում: Բուժհիմնարկները համալրվել են ինչպես Արցախի Հանրապետության, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունից հրավիրված  մասնագետներով:

«Հետևողական աշխատանքների շնորհիվ, համագործակցելով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության ու տարբեր բարեգործական կազմակերպությունների հետ, ինչպես պետական աջակցությամբ, այնպես էլ բարեգործական հիմունքներով, համակարգի բժիշկ-մասնագետները մասնագիտական որակը բարձրացնելու նպատակով պարբերաբար վերապատրաստվում են Հայաստանի Հանրապետության ու արտասահմանյան տարբեր երկրների կլինիկաներում»,- ասել է Կարինե Աթայանը՝ նշելով, որ 2017 թվականին Հայաստանի Հանրապետության տարբեր բուժհիմնարկներում վերապատրաստվել է համակարգի 53 բժիշկ և 5 բուժքույր: Բժիշկներից 3-ը վերապատրաստում անցել են արտասահմանյան երկրներում:

Խոսելուվ ձեռքբերումներից՝ նախարարն առանձնացրել է «Ուռուցքաբանական դիսպանսեր» փակ բաժնետիրական ընկերության նոր շենքի շինարարությունը, շահագործման հանձնված «Հակապալարախտային դիսպանսեր» պետական ոչ առևտրային կազմակերպության հիվանդանոցային մասնաշենքը,  «Քաշաթաղի շրջանային բուժմիավորում» պետական ոչ առևտրային կազմակերպության Իշխանաձորի գյուղական բժշկական ամբուլատորիայի շենքը:

2017 թվականին հանրապետության բուժհիմնարկներում արձանագրվել է մոտ 500,0 հազ. ամբուլատոր հաճախումներ, 2016 թվականի 450,0 հազ. դիմաց:

2017 թվականին հիվանդանոցային բուժօգնություն է ստացել 19.882 մարդ, 2016 թվականի 19.209 մարդու փոխարեն :

Բնակչության լիարժեք բուժսպասարկման համար 2017 թվականի տարեկան կտրվածքով կատարվել է 207.734 լաբորատոր-գործիքային հետազոտություններ և 24.013 դժվարամատչելի հետազոտություններ: Այն 2016 թվականին կազմել էր համապատասխանաբար 197 526 և    19 899 հետազոտություններ:

2017 թվականին արձանագրվել է 1150 մահվան դեպք: Հիվանդանոցային մահերը կազմել են 228 դեպք, որը 2016 թվականին կազմել է 246 դեպք:

«Հիվանդանոցային մահերից 19 դեպք կապված է վթարների և այլ պատահարների հետ, 114 դեպք արյան շրջանառության հիվանդություններն են, որոնցից 67-ը ինսուլտ ու 24-ը ինֆարկտ,- ասել է նախարարը,- Ընդհանուր մահացության դեպքերից 110 դեպք 76 տարեկանից բարձր են, 41 դեպք 66-70 տարեկան և 36 դեպք 56-65 տարեկան»:

2017 թվականին բուժման նպատակով Հայաստանի Հանրապետություն  են ուղեգրվել թվով 789 հիվանդ, որը կազմում է ընդհանուր բնակչության 0,5%-ը: 2016 թվականին ուղեգրվել էին 798 հիվանդներ: Ողեգրումները նվազել են 9 դեպքով:

«Ուղեգրվում են հիմնականում, մագնիտոռեզոնանսային տոմոգրաֆիա, ոսկրածուծի բիոփսիա, ինչպես նաև չարորակ նորագոյացություններով, էպելիպսիա, բրոնխիալ ասթմա, արյան ու միզասեռական համակարգի հիվանդություններով տառապող հիվանդները»,- ընդգծել է նախարարը:

2017 թվականին հանրապետության բուժհիմնարկներում ծնվել են 2222 նորածին, որից 1803-ը «Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն»  փակ բաժնետիրական ընկերությունում:

«Գրանցվել է 6 վաղ նեոնատալ մահացություն՝ որից 4-ը միչև 1 կգ քաշով, 1-ը 1220 գ. և   1-ը 1320գ. քաշով: Գրանցվել է նաև 17 մեռելածնություն, որոնց պատճառները ներարգանդային ինֆեկցիաներն են»,- պարզաբանել է Կ.Աթայանը:

Հաշվետու ժամանակահատվածում քաղաքացիներից նախարարության աշխատակազմում ընդունվել են 737 դիմումներ և տարբեր կազմակերպություններից ստացված 1402 գրություններ: Բոլորն էլ քննարկվել են նախարարությունում և ընթացքավորվել սահմանված կարգով: Նախարարի ընդունելության օրերին կատարվել է 282 անձանց ընդունելություն, և բոլոր բարձրացված հարցերին տրվել համապատասխան լուծումներ:

1