«Ակօս». 1915-ի նորվեգացի մոռացված հերոսը
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » «Ակօս». 1915-ի նորվեգացի մոռացված հերոսը

«Ակօս». 1915-ի նորվեգացի մոռացված հերոսը

«Ակօս» շաբաթաթերթն անդրադարձել է Նորվեգիայի վարչապետ Էռնա Սոլբերգի որոշմանը` ապրիլի 24-ին չայցելել Երևան` հարգելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Հայկական լրատվամիջոցը բերել է Բոդիլ Կատարինե Բյորնի օրինակը, որը Ցեղասպանության ականատեսներից է և հայտնի իր հայապաշտպան գործունեությամբ:

 

«1915-ի նորվեգացի մոռացված հերոսը» հոդվածում ներկայացվում է նորվեգացի կնոջ կյանքը, որը Ցեղասպանության տարիներին ապրել է Արևմտյան Հայաստանում, տարիներ շարունակ օգնել հայերին:

 

«Բյորնը ծնվել է 1871 թվականին Նորվեգիայում: 1905 թվականին անդամագրվել է «Կին միսիոներների կազմակերպությանը», որից հետո ուղարկվել է Օսմանյան կայսրություն: Սկզբում աշխատել է Խարբերդում, ապա Մուշում: 1915-ին Մուշում ականատես է եղել, թե ինչպես են սպանում հոգևորականների, ուսուցիչների, երեխաների: Մինչ ամբողջ աշխարհը դիտորդի կարգավիճակում էր, Բյորնը փրկել է անտուն մնացած հարյուրավոր կանանց ու երեխաների: 1917 թվականին Բյորնը որդեգրել է Ցեղասպանության ժամանակ որբ մնացած 2-ամյա Ռաֆայելին: Վերադառնալով Նորվեգիա` նրան մկրտել է և տվել Ֆրիտյոֆ Նանսեն անունը: Բյորնի օրագրերն ու արած լուսանկարները կարևոր տեղ ունեն Ցեղասպանության պատմության մեջ: Ամենահայտնի լուսանկարներից է 20-ականներին օսմանյան մեջլիսի նախկին ներկայացուցիչ Փափազյանի` Դեր Զոր անապատում հայերին պատկանող ոսկորները դիտելու պատկերը»,-«Առաջին լրատվական»-ի  փոխանցմամբ՝ գրում է «Ակօսը»:

 

Ինչպես նշում է «Ակօս»-ը, Սիրիայի, Լիբանանի և Ստամբուլի տարբեր մանկատներում աշխատող Բյորնը 1922 թվականին 7-ամյա Ֆրիտյոֆին Բեյրութի ֆրանսիական դպրոցում թողնելուց հետո անցնում է Խորհրդային Հայաստան և Ալեքսանդրապոլում (Գյումրիում) «Լուսաղբյուր» անունով մանկատուն հիմնում: 33 որբի համար «Կատարինե մայրիկ» անունով հայտնի կինը 2 տարի անց խորհրդային կառավարության դրդմամբ թողնում է մանկատունն ու Սիրիա տեղափոխվում: Մինչև 1935 թվականն օգնում է Ցեղասպանությունը վերապրածներին: Նա կյանքից հեռանում է 1960 թվականին Նորվեգիայում:

 

«Մինչ Բոդիլ Կատարինե Բյորնը Ցեղասպանության կարևորագույն ականատեսներից է, Նորվեգիայի վարչապետ Էռնա Սոլբերգը հայտարարում է, թե Նորվեգիան ոչ վարչապետի, ոչ արտգործնախարարի մակարդակով Երևանում ներկա չի լինելու…»,- գրում է պարբերականը:

 

Հիշեցնենք՝ օրերս հայտնի դարձավ, որ Էռնա Սոլբերգը հրաժարվել է ապրիլի 24-ին այցելել Երևան` հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Սոլբերգը կարևորել է Թուրքիայի հետ հարաբերությունները, ինչի պատճառով էլ որոշել է հրաժարվել Ցեղասպանության 100-ամյակի միջոցառումներին մասնակցելուց:

1