Ազգային Ժողովը հաստատել է 2013թ. պետական բյուջեն
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Քաղաքական » Ազգային Ժողովը հաստատել է 2013թ. պետական բյուջեն

Ազգային Ժողովը հաստատել է 2013թ. պետական բյուջեն

Դեկտեմբերի 26-ի Ազգային ժողովի օրակարգի հիմնական հարցը երկրի գլխավոր ֆինանսական փաստաթուղթն էր: Ֆինանսների նախարար Սպարտակ Թեւոսյանը տեղեկացրեց, որ ԱԺ վերջին նիստից հետո ԱԺ ՙԴաշնակցություն՚ խմբակցության եւ ՙԱրցախատուն՚ պատգամավորական խմբի կողմից կառավարություն է մուտք գործել 5 առաջարկություն. ՙԱյդ առաջարկությունները քննարկվել են կառավարությունում եւ տրվել են դրանց պատասխանները,-նշեց Ս. Թեւոսյանը՚: Նախարարի տված տեղեկությունների համաձայն` 2013թ. համախմբված բյուջեն եկամուտների մասով կազմում է 71 մլրդ 263,9 միլիոն դրամ, ծախսերի գծով` 72 մլրդ 36,1 մլն դրամ:

 

 

Դեֆիցիտը կազմում է 772,2 մլն դրամ: ԼՂՀ վարչապետը մինչ խորհրդարանական խմբակցությունների եզրակացությունների ներկայացումը հակիրճ ներկայացրեց բյուջեի հիմանական դրույթները. ՙԽորապես գիտակցելով մեր ժողովրդի սոցիալական խնդիրները եւ հասկանալով դրանց` հնարավորինս արագ ու արդյունավետ լուծումներ տալու մտահոգությունները եւ ցանկությունները` ուզում եմ նշել, որ կառավարությունն առաջիկա տարվա բյուջեի նախագծի մշակման ժամանակ առաջնորդվել է` պետության ծախսային պարտավորությունների աճը տնտեսության զարգացմանը համապատասխանեցնելու սկզբունքով եւ ներկայացրել հավասարակշռված եւ իրատեսական բյուջե: Պարտավորվում ենք իրականացնել բարեփոխումներ տնտեսության տարբեր ոլորտներում: Սա է 2013թ. պետական բյուջեի նախագծի առաքելությունը եւ այդ գաղափարի հիման վրա է մշակվել այն: Հուսով եմ, որ 2013թ. մեզ կհաջողվի վերակառուցել բյուջեի վարկային պարտավորությունները էժան եւ երկարաժամկետ ֆինանսական միջոցների ձեռքբերմամբ, ինչը թույլ կտա հաջորդող տարիներին ընդլայնել բյուջետային ֆինանսավորմամբ իրականացվող սոցիալ-տնտեսական ծրագրերի շրջանակները՚:

 

 

ՙԺողովրդավարություն՚ խմբակցությունը ԼՂՀ 2013թ. պետական բյուջեի օրենքի նախագծի վերաբերյալ ընդգծում է պետական բյուջեի մասին օրենքի նախագծի իրատեսական լինելը եկամուտների ու ծախսերի հարաբերակցության կտրվածքով:

 

 

 

Խմբակցությունը կարեւորում է նաեւ բյուջեի մասին օրենքի նախագծով կառավարության ներկայացրած սոցիալական ծրագրերի արդիականությունը եւ հասցեականությունը: Խմբակցությունը հատկապես ընդգծում է հանքարդյունաբերության ոլորտի հանդեպ կառավարության նոր վերաբերմունքը, որ դրսեւորվել է տնտեսության այդ ճյուղում շահութահարկի չափի բարձրացման մասին օրենսդրական փոփոխությամբ: Խմբակցության պատկերացմամբ` ԼՂՀ գյուղատնտեսությունը պետք է հասնի մի մակարդակի, երբ այն մեծապես կախված չի լինի բնական պայմաններից: Խմբակցությունը լիովին արդարացված է համարում կառավարության քաղաքականությունը տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման բնագավառում: Խմբակցությունը կիսում է կապիտալ շինարարության բնագավառում կառավարության մոտեցումները: ՙԺողովրդավարություն՚ խմբակցությունը կողմ է քվեարկել 2013թ. պետական բյուջեի մասին ԼՂՀ օրենքի նախագծին:

 

 

 

ԱԺ ՙՀայրենիք՚ խմբակցությունը գտնում է, որ 2013թ-ի ԼՂՀ Պետական բյուջեն ծախսերի առումով առանձնապես չի տարբերվում անցած տարվա պետբյուջեի ծավալներից, բայց անցած տարիների համեմատ նախատեսված դեֆիցիտը նկատելի կերպով նվազել է:
Խմբակցությունը ողջունում է կառավարության քաղաքականությունը միտված տնտեսության զարգացման և մակրոտնտեսական ցուցանիշների աճի կայուն տեմպերի ապահովմանն ուղղված ծրագրերի իրականացմանը:
ՙՀայրենիք՚ խմբակցությունը ակնկալում է Արտաքին ճակատում կառավարության կողմից ավելացված ծախսերի շնորհիվ ԼՂՀ միջազգային ճանաչմանն ուղղված իրականացվող աշխատանքների աշխույժացում:

 

 

Ընդհանուր առմամբ ՙՀայրենիք՚ խմբակցությունը 2013-ի ԼՂՀ պետական բյուջեի նախագիծը համարում է կանխատեսելի, կայուն և իրատեսական:
Խմբակցությունը հանդես է եկել նաև շուրջ մեկ տասնյակ առաջարկություններով, որոնց մի մասը ընդունվել է, իսկ մի մասի վերաբերյալ խոստացվել է տարվա ընթացքում կատարել լրացուցիչ ուսումնասիրություններ և քննարկումներ:

 

 

ԱԺ ՙՀայրենիք՚ խմբակցությունը կողմ է քվեարկել բյուջեի նախագծին:
Ազգային Ժողովի ՙԱրցախատուն՚ պատգամավորական խումբը ուշադրության արժանացրեց սոցիալական ոլորտը, որին 2013թ. պետբյուջեի նախագծով տրամադրվում է ընդհանուր առմամբ բյուջեի մոտ 25,4 տոկոսը: Սոցիալական պաշտպանության տեսանկյունից հատկապես կարեւորում են նվազագույն աշխատավարձի բարձրացման խնդիրը, ինչը, սակայն, վերջին ժամանակաշրջանի ամենաքննադատվող հարցերից մեկը դարձավ:

 

 

Խումբը նկատեց, որ 2500 դրամը չի կարող բարելավել մարդկանց սոցիալական վիճակը, բայց կարծում են, որ սա գոնե կապահովի նվազագույն աշխատավարձի աճի շարունակականություն` առաջիկա տարիներին ավելի շոշափելի ավելացումներ անելու ակնկալիքով:
Դրական են գնահատում նաեւ հանրապետության ագրարային հատվածում կառավարության կողմից տարվող քաղաքականությունը: 2013 թվականին այն հիմնականում նպատակաուղղված կլինի գյուղատնտեսությանը սպասարկող կառույցների, գյուղմթերքների իրացման եւ վերամշակման ոլորտների գործունեության արդյունավետության բարձրացմանը:

 

 

Տեղական ինքնակառավարման ոլորտում կարեւորում են համայնքներին պետական բյուջեից հատկացվող դոտացիաների համամասնությունների պահպանումը, որը լուրջ օժանդակություն է համայնքների առջեւ ծառացած համայնքային նշանակության խնդիրների լուծմանը: Սակայն, ըստ պատգամավորական խմբի` մտահոգող է այն հանգամանքը, որ ամեն տարի ավելացնում կամ պահպանում են հատկացվող գումարների չափը, իսկ համայնքների զարգացման ցուցանիշները շատ դանդաղ են աճում, շատ համայնքներում էլ մնում են գրեթե նույնը: Կարծում են, որ այստեղ գումարների արդյունավետ ծախսման խնդիր կա:

 

 

Ըստ խմբի` որպես կարեւորագույն քայլ ոչ միայն այս տարվա բյուջեում, այլեւ գալիք տարիների բյուջեներում պետք է միջոցներ հատկացնել, որ թույլ կտա գոնե հանրապետության բոլոր դպրոցներում, անկախ իրենց աշխարհագրական դիրքից, ապահովել ինտերնետ ծառայությունների հասանելիություն: Ուշադրություն դարձվեց նաեւ երեխաների գեղագիտական, հայրենասիրական, մարզական դաստիարակության ապահովմանը եւ նմանատիպ դաստիարակություն ապահովող հիմնարկների նյութատեխնիկական բազան համալրելուն, ինչպես նաեւ` ուսումնամեթոդական նյութերի ստեղծմանը, մարզիչներ ի եւ ուսուցիչների վերապատրաստմանը:
ՙԱրցախատուն՚ պատգամավորական խումբը կողմ է քվեարկել ներկայացված բյուջեի նախագծին, որովհետեւ վստահ են, որ բյուջեի կատարման բոլոր հիմքերը կան եւ այն ընդունելու դեպքում կարող են բավականին վստահ եւ արդյունավետ աշխատել 2013 թվականին:

 

 

Բյուջեի մասին տեսակետ ներկայացրեց ընդիմադիր պատգամավոր Վահան Բադասյանը:
Պատգամավորը նախ հայտարարեց, որ դեմ է քվեարկելու բյուջեի նախագծին եւ տվեց հիմնավորումներ, թե ինչու է դեմ քվեարկելու:

 

 

ՙՆախ` բյուջեի սոցիալական մասը անբավարար է: Թոշակների, նպաստների մասը բավական քիչ է: Շուրջ երկու տասնամյակ է անցել պատերազմից, սակայն մինչ այսօր չենք կարողանում ապահովել արժանապատիվ կյանք մեր թոշակառուների համար` այն դեպքում, երբ թոշակառուների շարքերը սկսել են համալրել պատերազմի վետերանները: Առողջապահության ոլորտին հատկացված հսկայական գումարներ կան, որոնք ծախսվում են, սակայն համապատասխան ծառայություններ չեն մատուցվում եւ լի են կոռուպցիոն ռիսկերով, օրինակ` դիագնոստիկայի ոլորտում: Ուռճացված է պետական ապարատի կազմը, ինչպես նաեւ ծառայողական մեքենաների թիվը: Եթե մի երկրում թոշակառուն չի կարողանում իր թոշակով գոյատեւել, ուրեմն անընդունելի է նման երկրում պետական ապարատի ուռճացված կազմ ունենալը: Իսկ քաղծառայողների մի ստված զանգված ստանում է սպառողական զամբյուղից ցածր գումար: Դրանք հիմնականում երիտասարդ կադրերն են, ովքեր չեն կարողանում իրենց եկամուտներով հոգալ ընտանիքի նվազագույն հոգսերը՚:

 

 

Պատգամավորը անդրադարձավ նաեւ հարկային ոլորտին, հանքարդյունաբերության եւ գյուղատնտեսության ոլորտներին, վերաբնակեցման քաղաքականությանը: Ըստ պատգամավորի` դրանք այն ոլորտներն են, որտեղ լուրջ քայլերի անհրաժեշտություն է զգացվում:
2013թ. ԼՂՀ պետական բյուջեն ընդունվեց 26 կողմ, 2 դեմ հարաբերակցությամբ:

 

Անի ԱԶԱՏՅԱՆ

1