Ազգային գոյաբանության հիմնախնդիրը Ատոմ Յարճանյանի պոեզիայում
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » Ազգային գոյաբանության հիմնախնդիրը Ատոմ Յարճանյանի պոեզիայում

Ազգային գոյաբանության հիմնախնդիրը Ատոմ Յարճանյանի պոեզիայում

Յարճանյանի ստեղծագործ հանճարը նույնքան փառահեղ կարող էր լինել խաղաղության արշալույսների օրհներգության մեջ: Ազատության մեջ երբեմն ծաղկող կյանքի տառապագին կարոտի, գեղեցկության վսեմ արարումների, հեռվում թողլքված հայրենական ամուլ դաշտերի պաղատանքի, հորովելի արդար կանչի ստեղծագործ ոգևորությունը որքան էլ այցի գնար նրա բանաստեղծական հզոր տարերքին, հայրենիքի արյան շառագույնը վերստին խուժելով` տիրական պիտի դառնար նրա պոեզիայում: Կյանքի բանաստեղծական գերզգացողությունն անթեղելով հոգում` Յարճանյանն իր  հանճարն ընծայաբերեց ազատության պայքարի գաղափարին` իրեն ներհատուկ գեղապաշտության պոեզիայի տեղ բերելով ռազմի դյուցազնահեղ ոգին, ազատության համար կյանքով սխրագործելու, ազգային պարտադրվող մահն հերոսացումով հաղթահարելու գաղափարն ու կամքը` արարելով բանաստեղծության արժանավայել մի տեսակ` ռազմի պոեզիա կամ ռազմերգություն:

Բախտը Յարճանյանին օծել էր բանաստեղծական հանճարով, ճակատագիրն սահմանել էր լինել կոտորածի և մաքառումի բանաստեղծ: Կյանքի փթթուն զգայություններն անթեղած ազգային ճակատագրի ողբերգությունը դարձավ Յարճանյանի ռազմերգության ներքին առանցքը, ազգային գոյաբանության խնդիրը` կյանքի գերնպատակը, ջարդերի տեսիլները` ներհոգեկան շղթան:

Բանաստեղծի առաջին գիրքը` «Դյուցազնորեն»-ը, ահազանգում էր արիանալու, մաքառելու կամ անզեն, կրավորական նահատակվելու հարցադրումը: Անընդմեջ կոտորածները, պետականության բացակայությունը, թուրք բռնակալության դարավոր լուծը ազգային հոգեկառուցվածքում պատմականորեն ձևավորել էին պարտվողական-կրավորական հոգեբանություն, և Յարճանյանի «Դյուցազնորեն»-ը հերոսացումի ռազմականչ էր, որ բերում էր սխրագործելու ազգային գիտակցության գաղափարը, կայծի պես բռնկվող հերոսացումներն ու ցեղի դիմադրողականության ներուժը ժողովրդականացնելու հոգեբանությունը, հոգևոր ստրկության փոխարեն դյուցազնորեն կռվելու կորովը: Շարքի գաղափարական հերոսը, որ հանդես է գալու նաև «Հայորդիներ» գրքում, բարոյապես նախանձելի, աստվածավայել հայորդին է, ով պիտի հեղաշրջի ցեղի և երկրի ճակատագիրը: Բանաստեղծի սքանչացումն առ հայորդու բացարձակ նվիրումը, սրբազնագույն ցավն ու աստվածարժան սխրանքը նույնացնում է նրան ասպետի կերպարին:

 Բանաստեղծական ճանապարհի սկիզբը խորհրդանշում է «Հույսին ճամբան» բանաստեղծությունը` նախանշելով ազգային գոյաբանության մաքառումի ուղին.

                         Եթե կուզես, Տառապանքը, դարերուն համար, քանդակե,

                         Բայց մի մոռնար, Անոր աչվներն ու բերանը ու հոգին, տարփորեն,

                         Ընդվզումի ստինքներուն կարկառելու…

Ներքին տարածության մեջ բացվում-վերաիմաստավորվում են Հույսը, Ցավը, Տառապանքը, Մահը, Երազը, Դյուցազունը, Արյունը, Եղեռնը, Երդումը եզրույթները: Կերպավորվում են հույսի ռահվիրաները` «Ըմբոստացումներու ապառաժներեն իրենց ճակատներն արյունած, // Բայց աչվներեն անասելի արհավիրք մը արձակելով»: Ազգային կենսունակությունը, ֆիզիկական և հոգևոր գոյությունը, ըստ Յարճանյանի,  ընդվզումն ու մաքառումն են վճռում, ոչ թե հարյուրամյակների տառապանքն ու հոգևոր ստրկությունը: «Սա փայլակե սուրը կտրիճորեն ձեռքդ առ»,- այս է ազգային կեցության միակ ճանապարհը, որպեսզի վերջապես «…Երազին ձիերը փոթորկանման // Մեր կամքին ձեռվըներեն դյուցազնաբար վարվելեն` //Հաղթանակին կատարները արձանանան…»: Հույսի ճամփան առաջնորդող ընդվզումից, անվերջ կոտորածներից լեռնացած ըմբոստացումից պետք է կռվի-կոփվի  ազատությունը. «Թույլ տվեք, որ ձեր ամեն մեկուն պատյանեն մերկացած սուրը պողպատե //Սա մեր քարուտ ու դաժան, ու մութ ու անողորմ ճամփան, //Ծիածանի մը հանգույն մինչև Նպատակը լուսավորե…»,- հրահանգում է բանաստեղծը «Արշալույսները» քերթվածքում:  Յարճանյանի այս բանաստեղծությունը ներքին ոգեղեն տարերքով ու պատկերակերտման արվեստով ասես հեթանոս փառահեղ ծիսակատարություն լինի, երբ հայրենական հողը հերկողների ջլուտ բազուկները դաշտերի փոխարեն «Իրենց խելահեղ եզները երկաթներուն լծած ու համառորեն //Ադամանդե ու հակինթե արգասավոր Արշալույսները կ’արորեն»: «Երևակայությունը,- գրում է Դանիել Վարուժանը,- Սիամանթոյի տաղանդին ամենեն տիրական գիծն է… Կիկլոպ մըն է քերթողը. այն սարսափելի աչքը` զոր աստված իր լուսեղեն մատով բացած է ըղեղին վրա. թե խոշորացույց մըն է և թե գեղադիտակ մը, որ ամեն բան կը տեսնե հսկայական համեմատությամբ: Երևակայության միացած գաղափարականը` հռետորությունը կը ծնի. երևակայության միացած զգացումը կը ծնի վսեմը: Յարճանյանի արվեստը արդյունք է այս երկու զուգավորություններուն»:

Կոտորածների հոգեվարքի մեջ Սիամանթոն բերում է ոչ թե մահվան դատապարտվածի հոգեբանությունը, այլ վերածնության կամքը, ոչ թե հոգեբանական պարտությունը, այլ պայքարի հրավերը: Հայրենիքի նահատակների` որդիներին ժառանգած սրբությունը իրենց գաղափարն ու գործն է, հայ մայրերն արարում են ազատապաշտ,  հայրենազոհ սերունդներ, նահատակված հայրերի վերածնությունը սերունդի պայքարի և նպատակի հաղթանակի մեջ է.

       Ձեր ամեն մեկը պիտի ընե այնպես, ինչպես որ ձեր հայրերը

                                                                                    մեզի համար

      Սա դաշտերուն մեջը  անձնուրացորեն եղան…

 Սիամանթոն ցեղի ուժի և ցեղի արժանապատվության քերթող է. «Արդարությունը ստեղծել պետք էր և ազատությունը մոլեգնաբար հափշտակել»,- հռչակում է բանաստեղծը: Հույսին համալրում է վրեժը, «Դյուցազնորեն»-ին` «Հայորդիները»: Հույսը մշտապես կենսունակ է պահել ազգային կեցության ուղին, վրեժխնդրությունը` ազգի գոյաբանության ոգին: Վրեժի մեջ վեհագույն, հոգեբանորեն ազատապաշտ, բարոյապես անձնազոհ հայորդին է Սիամանթոյի պոեզիայի գաղափարակիր հերոսը, հայրենիքի ազատությունը` քաղաքական իդեալը, հոգեբանական իդեալը` «Քիչ մը լույս, քիչ մը կյանք, քիչ մը սեր և քիչ մը երազ» տառապյալ և խռովյալ սերունդների համար:

                                  Հույսերու երկաթե սանդուխին կատարներեն է, որ

                                                                      ավետիսս կ’արձակեմ,

                                   Մոխիրներու, դիակներու և վշտերու հովիտներեն է, որ

                                                                        հասա ի քեզ,

                                   Եվ, ավա~ղ, քղամիդիս թեզանիքներեն իմ շքեղ ցեղիս

                                                              արյունը ահավասիկ դեռ կը թորա…

                                    Բայց քայլերս անխոնջ են և կամքս գերազոր և ձայնս 

                                                                դաժանորեն ամեհի…

«Նպատակն է թելադրում գերագույն պարտականություններ,- գրում է Նժդեհը,- նա պահանջում է ճիգեր ու զոհողություններ, որոնց մեջ կոփվում են անհատի և ժողովրդի լավագույն առաքինությունները, որոնց կատարումը, Աքիլլեսի նիզակի նման, բուժում է իր հասցրած վեքերը»: Յարճանյանի պոեզիայի գաղափարաբանությունը Նժդեհի ուսմունքի գոյափլիսոփայությունն է. նույն արիապաշտ ոգին, դյուցազնատիպ հերոսը, բացարձակ նվիրումը,  նույն գաղափարաքաղաքական դավանանքը. «Ես եմ, Ես եմ, Ես եմ, իմ անունս է Պայքար և վախճանս Հաղթանակ»:

Սիամանթոն իր պոեզիայով հռչակում է սեփական ուժը չճանաչող ժողովրդի ցեղական  կորովը, բարոյական անխոցելի ամրությունը` մաքառումի վստահությամբ հեղափոխելով անկախություն չունեցող կրավորական նահատակի հոգեբանությունը:                                                                                                                                                                                 «Ինչ արժե հանճարը, … երբ իր ցեղի ճակատագրի գերզգացողությունը չունի, և չի սնուցաներ իր ցեղի հավիտենականության ձգտումը,- ասում է Նժդեհը:- Միևնույն չէ, կա թե չկա նմանը, երբ իր շրթունքներին ցեղի խոսքը չէ, և չգիտե վերադաստիարակել, արիացնել ու վարել զանգվածները. երբ անզոր է… զինվորագրել տալ մի մեծ ու արդար դատի, կարիքի դեպքում իր ժողովրդի ծոցեն շանթանման հերոսներ քամել»:

     Եվ պաղատանքի, աղոթքի, լաց ու կոծի և ողբի այն մատյաններուն

                                                                                                                 մեջ,                                           

      Ուր   դար առ դար իմ սերունդներս  իրենց արյունը և տառապանքն են                  

                                                                                                                            լացեր,

       Մեկ կողմ նետեցի ես զանոնք, պարտութենե ստրկացում

                                             և աղաչանքե արցունք չերթալու համար….

Աղաչանքը արցունքի է հասցնում, իսկ պարտությունը դեռ ստրկացում չէ. սա Յարճանյանի պոեզիայի խոհափիլիսոփայության հիմնադրույթներից է: Կորուստներին և ողբերգություններին դիմագրավելու  ճանապարհը, ըստ բանաստեղծի,  մաքառումն է, դիմադրողականությամբ գոյությունը պաշտպանելու համընդհանուր գիտակցությունը, ընդվզումի անկախ հոգեբանությունը.

                     Տեսա, որ ձեր փրկությունն մուրացողի բոբիկ ոտքերն

                             ավերակներու մոխիրներեն այրեցան…

                    Տեսա, որ դուք արցունքի մեջ երջանիկ էիք և

                              կենսաբեր կռիվին դեմ ահաբեկ…

  Հզոր երևակայությամբ բանաստեղծելով պայքարի ահեղ ընթացքը` Սիամանթոն աստվածացնում է ազգի փառահեղ հերոսներին, որոնք, մահն արհամարհելով, գերմարդկային տառապանքների մեջ` կախաղանների վրա, աքսորավայրերի շղթաներում, հերոսամարտերում, օրհնում են իրենց գաղափարն ու գործը` ազգի պատմության և ճակատագրի վրա դրոշմելով  իրենց փառահեղ կենսագրությունը. «Հին դյուցազները աշխարհակալներ էին կամ ասպետներ,- նկատում է Վարուժանը,- նորերը, Յարճանյանի հերոսները, հեղափոխականներ են կամ առաքյալներ»:

 Սիամանթոն պոեզիա է բերում բարոյական ռազմի չգրված օրենքները: Թշնամին ոճրագործ է. արժանի չէ հայորդու բազկի հարվածին, բայց պետք է կռվի հայորդին, ով իր մեջ կրում է հնագույն ցեղի հոգևոր շաղախը, անկշռելի ցավն ու քրիստոնյա տառապանքը: Արևորդիների, դյուցազունների կամ քաջազունների սերունդն է նա` դյուցազնական կռվի օրենքներն արյամբ ժառանգած, տիպարը բոլոր ժամանակների բարոյական ռազմի. «Գլուխս սուգերեն և վրեժեն և ճակատագրեն թեև ալեհեր, // Բայց, տես, աչքերս դյուցազնի մը աչքերուն չափ կարմիր և կերպարանքս է սոսկատեսիլ…»:

 «Անդրանիկ» քերթվածքում հին ու նոր հերոսների` Արամ, Տիգրան, Արտաշես, Վարդան, Աղբյուր Սերոբ, Փարյան, Պետո, Ժիրայր,  անձնուրացության և արիության ներշնչումով Սիամանթոն իմաստավորում է պայքարի կորովը. «Գիտցիր, որ այս զոհաբերումի, ընդվզումի և հույսի օրերուն, //Մեր ամեն մեկուն համար անկողնի մեջ հոգի տալը վատությունն է վատություններու»: «Որբերու ճակատագրեն», «Բանտերու խորերեն», «Կախաղաններու կատարեն» քերթվածքներում խոսքի վեհափառ տաճարումներով Յարճանյանը կրկին պանծացնում է նվիրական, սրտոտ, պայծառ հերոսների բարոյական զոհողությունների կամքն ու զորությունը: Բանտերի զնդաններում, կախաղանների վրա մահվան գաղափարն ի սկզբանե հաղթահարած այդ հերոսները կործանվում են ինչպես աստվածներ` հայրենիքի փրկության ողբերգական վախճանով.

        Անոնք, որ օր մը, փառքի օր մը, պատմության օր մը, օր մը հերոսության,

        Չարիքին օրենքները պատռեցին արդարության առավոտի մը ի խնդիր,

        Անոնք, որ իրենց անձը զոհել ուզեցին գաղափարին խորանին առջևը 

                                                                                                                          կանգուն…

         Անոնք, որ ցեղին ստրկության շղթաները, ցեղին ուսեն`     

                                                                        իրենց   ուսերուն վրա վերցուցին… 

 Օրհներգությանը հաջորդում են հերոսների տարերային ուժի, անմահության  խորհրդի պատկերային գյուտերը: Հերոսների հոգեվարքի համար է սահմանվել երկնակամարի լույսը, նրանց բռունցքներում կայծակներ կան ծրարված, աչքերում` աստղեր, հերոսները մահամերժ ներկայություն են:

            Հսկաներ դուրս կ’աշտանակվին, անընկնելի և շքեղ և անվեհեր,

             Իրենց ըմբոստի ուսերեն առկախ երկաթները ազատարար

                                                             զանգերու պես մեկզմեկու ընդհարելեն…

            Դեպի ստույգ մահը կը քալեն, ցեղին ցավովը սպառազեն և

                                                              մոտավոր մահեն զորավոր…

 Ժողովուրդը իր հերոսների գործի գիտակցությունը պիտի ունենա, նրանց նվիրումը սրբագործելու առաքելությունը ստանձնի. հերոսներին գնահատելու և նրանց հանդեպ պատասխանատվության մեջ է ժողովրդի բարոյականը: Յարճանյանի համոզմամբ` հերոսներին ուրանալը ազգային բարոյականության անկում է: «Երկար դարեր մեր պատմությունը չէր արձանագրել մի շրջան,- նկատում է Նժդեհը,- ուր այնքան հերոսներ իրենց կյանքը երկյուղածորեն պատարագեին իրենց ժողովրդի փրկության գործին, բայց չի եղել և մի շրջան, ուր հայության որոշ խավերը այնքան ապերախտ գտնվեին սեփական ժողովրդի ազատագրական փոթորկումների հանդեպ»: Նժդեհից առաջ նույն ողբերգական տագնապով Սիամանթոն բանաստեղծում էր.

        Բայց ո~վ էր, որ պիտի ողբար քո բարոյականդ,

                                                          ո~վ խավարի և ավերի  ժողովուրդ,

        Դուն, որ դահիճներուն առջև կը ծնրադրես և հերոսներուն համար

                                                              պսակ հյուսել չես գիտեր…

 Իր ժողովրդին արժանի հերոսների և իր հերոսներին արժանի լինելու ժողովրդի բարոյականն է հռչակում Սիամանթոն` գաղափարի արժեկշռով արծարծելով հերոսականը, արիականը համընդհանրացնելու, ժողովրդի հոգեբանությունը վերանորոգելու, ազգային անկումի տիրական հոգեվիճակը բեկելու մտայնությունները:

          Ո՞ւր են ուրեմն, ո՞ւր են մեր բազուկները, մեր կամքերը,

                                                    մեր մուրճերը, մեր հարվածներն ազատաբեր, 

          Ո՞ւր է մեր սերը, ո՞ւր է մեր խիղճը, մեր վազքը, մեր զայրույթը շանթածրար,

          Եվ ե՞րբ, ե՞րբ պիտի վար շրջենք, ե՞րբ պիտի խորտակենք,

                                                     ե՞րբ պիտի փշրենք

          Մահվան դուռներն այդ բանտերուն, երթալ հափշտակելու,

                                                      երթալ համբուրելու համար,

          Այդ հավիտենական հերոսները, որոնք մեր կյանքը իրենց

                                                     կյանքեն անհունապես ավելի սիրեցին…

Մերկացնելով Արևմուտքի դիվանագիտության կեղծ մարդասիրությունը, աշխարհաքաղաքական շահը` Սիամանթոն ժողովրդի հայացքն ուղղում է դեպի իր ներսը` սեփական փրկությունը սեփական ուժի մեջ որոնելու պատմական ճշմարտության իմաստնությամբ: Ցեղի գոյաբանության` պատմական որոնումների խոհաքննական ընթացքը հանգեցնում է ցեղի ֆիզիկական ուժի և արիական ոգու մտայնությանը:

             Իրենց բարի ժպիտը կեղծ էր, իրենց խոստումը մահաբույր

                                                       և նայվածքնին ծածկամիտ,

             Իրենց բուրվառին մեջ մեր արյունն էր որ խունկի փոխան

                                                       կը ծխար…

             Իրենց սկիհը մեր արցունքովը լեցված էր, և այն հացը զոր

                                                           ձեր առջև նետեցին,

              Մեր թշվառության և մեր տառապանքին վարձատրության

                                                           արժեքն էր անգութ…

   «Հայրենիքին կողը նոր հերոսներու երկունքեն  կը սարսռա»,- հիացմունքի երկյուղածությամբ իր պատկառանքն է բանաստեղծում Սիամանթոն` երիցս օրհնաբանելով պայքարի հերոսներին` «Կեցցե~ն Ըմբոստները և կեցցե’ Հայաստան», և երիցս ատելությամբ խարանելով դավաճաններին` «Մեռելներ կան, որ պետք է անգամ մը ևս մեռցնել»: Մաքառումի գիտակցությանը զուգակշիռ` բարձրանում է նպատակի հաղթանակի վստահությունը` որպես պայքարի առաջնորդ հոգեբանական ներուժ: Ապագայի անխառն ոգեշնչվածությամբ բանաստեղծը ձոներգում է. «Մեր ճշմարիտ սուրը և մեր Դրոշը պիտի ապրին, որովհետև կամքերնիս կարմիր է և վրեժնիս անպարտելի: // Մեր սուրը պիտի ապրի, կյանքն ստեղծելու ու գաղափարին գահ մը կառուցանելու համար»` իր պատկառանքն արտածելով մաքառող հերոսների հանդեպ. «Նախանձությամբ ու տարփանքով հողին վրա ծնրադիր` // Իրենց հերոսի քայլերուն հետքը երկյուղածորեն համբուրեցի…»:

     Բարոյական ռազմի կարկառուն  քերթվածք է «Կովկաս» բանաստեղծությունը` «Նվեր կովկասահայ ընկերներուս» ընծայականով: Կործանվող հայրենիքը, կոտորածների մղձավանջը, սրածվող սերունդների  արյան աղաղակը հատուցում են պահանջում, ազգային կեցվածքի հեղափոխում, անարգվող ցեղի վրեժխնդրության ցասում: Միմիայն հայորդու կամքն ու ուժը կարող են վերածնել հոգեվարքի հասցված հայրենիքը: Կոտորածների համապատկերին ձուլվում է վրիժավառ ոգիների հերոսացումների ասպետական ուղին.

                   Զա~րկ, Կովկաս, ավերակյալ ու արցունքոտ

                             Հայաստանին աչքերը քեզի կը նային,

                  Զա~րկ, թեև գիտեմ որ քու սուրիդ վեհությունը պետք                                                     

                                  չէր արատավորել

                    Այդ անբաններու խուժանին թունավոր ու պժգալից

                                    արյունեն…

                   Զա~րկ, թեև գիտեմ որ հերոսները հերոսներու միայն

                                  կրնան ընդհարվիլ….

Ցեղի զորության հայտնություն է Սիամանթոյի պոեզիան, ցեղի գաղափարական անկումն ու ֆիզիկական չգոյությունը կանխող հզոր ուժ` խոսքային արվեստի փառահեղ կերտվածքներով: Դյուցազնորեն դիմագրավելու, դյուցազնորեն մեռնելու և հաղթելու գաղափարը գերակա է թե առաջին, թե երկրորդ գրքում. նաև այդտեղից բանաստեղծական շարքերի խորագրերը` «Դյուցազնորեն», «Հայորդիներ». ազգային կեցության խորհրդանշական ուղի և խորհրդանշային ներկայություն դարձած պատմական հերոսներ.

           Ի~նչ ոսկեղեն դարագլուխ է այս, և շղթաներու ինչ զայրագին փշրտում.

            Ի~նչ ընդհարում ճակատ ճակատի, և  հավատքի ի~նչ հաղթանակ.

            Ի~նչ երկաթակուռ հարված բռնապետության անխախտելի  

                                                                                           օրենքներուն…          

Հերոսամարտերում անմահացող սերունդը` «Եվ հարազատ և անպարտելի և անվեհեր  զանգվածը մեր հինավուրց  Ազգին», բարձրացրեց ցեղի արժանապատվությունը` իր փառակերտ ճակատը Արևմուտքի դիվանագիտության դեմ վառելով որպես ջահ, և անարդարությունն անգամ նրա ասպետական վարքի առջև  «ամոթահար պարտվեցավ»,- գրում է բանաստեղծը:

              Օ˜, փառք քեզի և փառք շանթարմատ հպարտությանը քու լեռներուդ,

              Կարծես անոնց ապառաժներուն հավիտենական

                                                                             տարրերեն են կառուցված`         

              Անպարտելի հասակները քու սևահեր ու հրաչվի որդիներուդ,

              Քու անտառներուդ ահագնաթափ փոթորիկը գիշերական…

              Անոնց զինվորյալի կուրծքերուն մեջ իր հսկայական հևքը դրավ…

 Սիամանթոյի ռազմերգությանը ներհատուկ հատկանիշներից է հայորդու պայքարի հանդեպ սքանչացումը: Ասպետի կերպարը նրա պոեզիայում հոգեբանական գաղափարատիպ է` օժտված իր ցեղի նախնական հոգեգծերով: Դարերի ստրկության մեջ իր նախաստեղծ դիմագիծը կորցնելու չափ խեղճացած ժողովրդի հոգեբանությանը հայորդու վարքը վերադարձրեց ցեղական կորովը, շանթակիր տարերքը, գերհզոր կամքն ու անկարելիության աստիճանի ներքին զորությունը: Սիամանթոյի հայորդին իր ցեղի զտարյուն տեսակն է,  ցեղի ուժակիրն ու բարոյատիպը:

       Ձեր աստվածացումը օրհներգելով պիտի երիվարեն, ահավասիկ,

       Ո~վ գիտե, դեպի որ հաղթանակները կամ դեպի որ

                                                                   պարտությունները փառավոր:

Սիամանթոն որքան հայրենապաշտ, նույնքան էլ արիապաշտ բանաստեղծ է: Ազգային գոյաբանության ոգորումների ճանապարհին հասունացած բանաստեղծի արիապաշտությունը աստվածների հեթանոս վարքի օրենքներից է` վահագնատիպ ու վահագնաշունչ: Նախակամավորական շարժման շրջանում այն մրրկեց հոգիներ, պողպատեց կամքեր, ձևավորեց դյուցազնատիպ մի սերունդ, ով ազգային աննախադեպ կորուստների ու ողբերգությունների կողքին կերտեց անօրինակ հերոսացումների փառահեղ դյուցազնավեպեր: «Յարճանյան քնար չունի,- նկատում է Վարուժանը:- Իր երգը կոփյուն մըն է` զօր մեր նախնիքը Նավասարդի Տոներուն կը հնչեցնեին` իրենց աշտեն զարնելով վահաններու ոսկեցոլ կումբին»:

Քրիստոնեության սխալ ըմբռնված գաղափարները, մասնավորապես հնազանդությունը առաքինություն համարելը, դարերով քարոզվելով, ժողովրդի մեջ գրեթե սպանել էին պայքարի և ընդվզումի ճշմարտությունը: 20-րդ դարասկզբին արևմտահայ իրականության մեջ հեթանոսական գաղափարախոսության նկատելի շրջադարձը դառնում է հստակ գեղագիտական ուղղվածություն, որի հետևորդներից էր Սիամանթոն: Հեթանոսականը հերոսականն է, արիականը, ասպետականը, քրիստոնեկանը` ինքնազոհաբերումը, տառապագինը: Հեթանոսականը կռիվն է հանուն կյանքի, քրիստոնեականը` զիջումը հանուն գաղափարի` մարդկության մեղքերի մաքրագործման ճանապարհին: Քրիստոսի պես անդիմադիր նահատակվող, քրիստոսվող ժողովրդի կրավորական հոգեբանությունը փոխելուն միտված հեթանոսական-արիական գաղափարաբանությունը ռազմաքաղաքական տվյալ պայմաններում արմատապես կարող էր բեկել ազգային գոյաբանության ամբողջ ընթացքը: Առանց զենքի ու կռվի պարտվող հայորդին շատ բան կարող էր փոխել ազգային ճակատագրում: Յարճանյանը իր տառապյալ եղբոր` ռազմիկի հետ ընդվզում է ցեղի պատմական ընթացքն առաջնորդող գաղափարաբանության դեմ, որ անընդմեջ ողբերգությունների ու կոտորածների մեջ սպառել է իրեն` հռչակելով արիական գաղափարախոսությունը կամ ուժապաշտությունը: «Ես երգելով կ’ուզեմ մեռնիլ» բանաստեղծության մեջ քերթողն ու ռազմիկը խորհրդանշում են գաղափարն ու կամքը, ոգին և ուժը: Ընդհանուր են հոգու խռովքը, սխրագործելու գիտակցությունը, նպատակը կերտելու կամքը: Հայ ռազմիկի աստվածակերպ կերտվածքը ոգեղենացնող է: Պահը խորհրդավոր է. հայրենիքի համար գերագույն պարտավորություն ունեն թե բանաստեղծը, թե ռազմիկը.

                Եվ դուն սա մաքրափայլ թերթերուդ վրան, ցեղին ցավը

                                                                  և ցեղին ուժը բանաստեղծե…

                Ես որբ մըն եմ և ըմբոստ մը, մնաս բարյավ,

                                                                  կորուսյալներս փնտրելու կերթամ…

                Քու երգերեդ երգ մը տուր ինձ, երգ մը, ես երգելով

                                                                  կուզեմ մեռնիլ…

Խորհրդապաշտության սահմանին հասնող հիացմունքը, ցավախառն ցասումը, բարձր բարոյականը, խռովահույզ ապրումների գիշերվա մեջ հայտնված ռազմիկի կիսաստվածային կերպարանքը հաստատում են կյանքի դյուցազնորենը.

      Սպասումիս և Հույսիս քաղցրությանը հետ, մինակ էի այդ իրիկուն,

      Եվ Փրկության ու Տառապանքի նժարովը` Հայրենիքին բախտը կը կշռեի…

      Երբ հեռակա տանս դուռը, գիշերվան սարսափին մեջեն, ուժգնապես

                                                                                                                    բախեցին.

      Եվ ժպտուն` ընկեր մը ներս մտավ, շքեղորեն գեղեցիկ,

                                                                             եղբայրադեմ ու ահավոր…

      Երիտասարդ էր: Աչվներուն կայծը, երկնքի աստղերեն էր, որ կը ծորեր,

      Եվ հասակին ձևերը մարմարներու զորություններեն էր կերտված…

      Իր ծանրախոհ գլուխը սգավոր կիսաստվածի մը արյունոտ սրտին կը նմաներ:

Սիամանթոյի ռազմերգությունը հաստատում է ազգային անընդմեջ ողբերգություններով սրբագրված կյանքի օրենքը. «Ցավը արցունքով չէ որ կանհետի»: «Հույսով զեղուն, արևով խենթ և անուրջով երջանիկ» բանաստեղծի կյանքի գերնպատակը հայրենիքի գոյաբանությունն է. «Ինծի համար կարելի չէ… Հայրենիքիս մահացումը»` այդ ճանապարհին հաղթահարելով կամքի բոլոր թուլությունները, բարոյապես զոհելով երկրային կարոտները. «Նպատակս տկարություն չի ճանչնար»:

Սիամանթոն հայդուկային շարժման ժամանակակիցն է, գաղափարակիրը «Մահ կամ ազատություն» նշանաբանի: Կյանքի խորագույն  զգացողության և սբազնագույն գործի հակասությունը դարձյալ ընդգծում է Սիամանթոյի ռազմերգության բարոյականության կշիռը:

                              Արարատին փառքերեն, Արագածեն ալ անդին, 

                              Մենք արևներ պիտի հագնինք և արյուններ…

Այսպիսի կենարար լույսով են պսակվում բանաստեղծի ռազմերգերը: Հույսը մշտապես ճառագում է նպատակի վերջնակետում, հույսն անժխտելի  է, ինչպես ցայգին հաջորդող արևագալը. «Հայ զինվորին պղինձե շեփորը պիտի պատռի հաղթանակի  Ռազմերգին որոտումեն…»:

  Մաքառումի և անկշռելի ցավի  մատյան  է  Սիամանթոյի քերթությունը: Հզոր երևակայությունը, բանաստեղծական անսանձ տարերքը, խոսքի գաղափարաբանական ներքին կշիռը բանաստեղծական աշխարհում հաստատեցին պոետական նոր դիմագիծ: Գեղարվեստական մտածողության որոշակի հատկանիշներ, գերազանցապես մտապատկերների առկայությունը, պատկերների հյուսքը, վերացական ոգին նկատի ունենալով` քննադատությունը Սիամանթոյին դասել է խորհրդապաշտների շարքին. «Վեռլենի, Բոդլերի, Մալարմեի հայրենիքում նա չի կարող չենթարկվել  այս սիմվոլիստ-դեկադենտների ազդեցությանը»,- դիտարկում է գրականագետ Վ. Նալբանդյանը` ստեղծագործական ակունքների հետ մատնանշելով Սիամանթոյի արվեստի խորհրդապաշտական ոգին: Խորհրդապաշտական հայեցողության ազդեցությամբ հանդերձ` խորհրդապաշտությունը, կարծում ենք, Սիամանթոյի պոեզիայում գեղագիտական տիրական աշխարհայացք չդարձավ: «Անխառնորեն ռոմանթիկ է,- նկատում է Ա. Չոպանյանը,- իրմե ավելի ռոմանթիկ բանաստեղծ չենք ունեցած, նույնիսկ անոնց մեջ, որ պատմականորեն «ռոմանթիկ» կոչված շրջանի մեջ ապրած են»: Մեր կարծիքով, ստեղծագործական երեք մեթոդներ` խորհրդապաշտությունը, գաղափարապաշտությունը և իրապաշտությունը, Յարճանյանի ժողովածուներում դրսևորվել են փոխներթափանցաբար` երբեմն տիրական դառնալով այս կամ այն չափով: «Վրեժի մարտագոոռ շեփորող,- բնորոշում է Վարուժանը,- և տառապանքի խելահեղ բանդագուշող»,- այս տարերքի հակակշիռ ուժի մեջ է Սիամանթոյի արվեստի հզորությունը:

Իսկ որպես հավատամք, բարձրանում է բանաստեղծի թերևս վերջին քերթվածքը` «Նավասարդյան աղոթք առ դիցուհին Անահիտ», գրված 1914թ.: Ռազմի, մայրության, պտղաբերության դիցուհու պաշտամունքի այս ծես-աղոթքը իր մտահղացումով և արվեստով գյուտ է հայ բանաստեղծության մեջ, գեղեցկության, ուժի, արարումի հոյակերտ մի տաճար, որ փառազարդում է անցյալ դարասկզբի հեթանոսապաշտ գաղափարագեղագիտական ուղղվածության  դիմագիծը:

Ո~վ Դիցուհի, ես մեղկության կրոններեն ահա իմ խիղճս լվացի,

Ու պերճորեն դեպի զՔեզ կքալեմ: Հողաթափերս դեռ սուրբ են:

Բաց մարմար դուռը մեհյանիդ, անոր դիմաց ես ճակատս թող արյունեմ…

Թույլ տուր որ ես ծնրադիր ձևիդ առջև աղոթեմ…

Քսան դարու Քու վրեժդ թող որ այսօր ես լուծեմ,

Ո~վ աստվածուհիդ Անահիտ: Ահավասիկ քու բագինիդ

                                         կրակներուն մեջ  նետեցի

Իմ խորտակված խաչափայտիս երկու թևերը թունավոր,

Եվ ցնծա~ դուն, ո~վ Ոսկեմայր, Լուսավորիչի կողերեն, ժանտ

                                        ոսկոր մը քեզ կը ծխեմ…

Կը պաղատիմ ես Քեզի, ո~վ զորությանց Դուն աներկրորդ

                                           Գեղեցկության…

Դուն քու մարմինդ արեգակին ընծայելով` բեղմնավորվե

                                             անոր Տարրեն՚

Եվ անհաղթելի ահեղ Աստված մը  պարգևե Դուն Հայության…

«Անարժեք է գրականությունը, եթե դա ցեղի ոգու ինքնարտահայտությունը   չէ, եթե նրա մեջ ցեղի ոգին չի ճառագայթում: Ցույց տվեք ժողովրդին իր ցեղի արև-դեմքը, որ նա ինքնատեսությամբ բարձրացնե իր խոնարհ ճակատը»,- գրում է Նժդեհը` ցեղակրոնության գաղափարակիրն ու ուխտավորը:

Հեթանոս  ուժի գեղեցկության,  հեթանոս անպարտելիության պանծացում-քերթվածք է «Նավասարդյան աղոթք…»-ը` սքանչելիորեն պայծառ, արևափայլ մի կերտվածք, տառապանքով հասունացած, հավատամքի ուժ ստացած գաղափարաբանություն, որ կենդանի պետք է պահեր ցեղի կենսունակության ջիղը: «Հայը լինելիական է` հաստատում է հայոց հեթանոս կրոնը… Կը հաղթանակենք, քանզի ցեղի հեթանոս աստվածները` Հայկն ու Վահագն` պիտի բարձրացնեն շանթընկեց մեր բազուկը և վարեն նրա հարվածները»,- բանաստեղծի հավատամքը վերահաստատում է Նժդեհի գոյափիլիսոփայությունը:

Բագրևանդյան բլուրներեն հեթանոս կյանքը հոսի,

Արևորդիք գեղահասակ, բեհեզներով պարեգոտված,

Աղեղներու, նիզակներու և նետերու վարժեն հետո,

Հաղթ ցուլերու պարանոցին իրենց սուրերը  թող սևեռեն….

Դարավերջի արևմտահայ գաղափարագեղագիտական  այդ ուղղվածության առաջնորդ դեմքը Դ. Վարուժանն է, որն իր ստեղծագործական ծրագրով կենսականորեն անհրաժեշտ  գեղարվեստական նոր մտածողության վերելք նշանավորեց, և որի հետևորդներից էր նաև Ա. Յարճանյանը:

Նարինե Հովհաննիսյան, բ.գ.թ., դոցենտ

1